Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ալթունյանը ՀՀԿ-ից դուրս գալը համարում է դավաճանություն, իր հետագա պաշտոնավարումը՝ «սուրճի բաժակի շուրջ կանխատեսում»

 Ալթունյանը ՀՀԿ-ից դուրս գալը համարում է դավաճանություն, իր հետագա 
պաշտոնավարումը՝ «սուրճի բաժակի շուրջ կանխատեսում»

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը դավաճանություն է համարում Հանրապետական կուսակցությունից այս ժամանակահատվածում դուրս գալը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ալթունյանն ասաց, որ  անտրամաբանական կհամարեր իր՝ ՀՀԿ-ից դուրս գալը, առավել ևս, որ «այսօր Հանրապետականը ապրում է ոչ հեշտ ժամանակահատված»: «Ես կարծում եմ, որ դա կլիներ դավաճանություն: Գիտեք՝ հաշվի առնելով, որ իմ հանրապետական լինելը պայմանավորված է իմ՝ կառավարությունում աշխատելով և այն բանով, որ ես հանրապետականին անդամակցեցի, որպեսզի կարողանամ օգտակար լինել և կուսակցությանը, և ժողովրդին: Ես չեմ կարող այսօր ինչ-որ ռազմավարական քայլեր, կամ կանխատեսումներ մեկնաբանել, առավելևս, դրանց ընդունման ժամանակ ես չեմ մասնակցել և չգիտեմ այդ հարցերի ողջ գունապնակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ալթունյանը:

Հարցին՝ պարտադրվա՞ծ է անդամակցել ՀՀԿ-ին, նախարարի պաշտոնակատարն ասաց. «իհարկե՝ ո՛չ»:

Հարցին՝ այս օրերին մի պահ չի՞ մտածել ՀՀԿ-ից դուրս գալու մասին, նա ասաց. «Ես այնպես կփորձեմ անել, որ իմ կյանքի ցանկացած քայլ պայմանավորված լինի տրամաբանությամբ և տրամաբանական շարունակություն ունենա և վերջում պարզ լինի, որ իմ քայլերը ճիշտ էին»:

Ալթունյանը հաջորդ կառավարության կազմում իր ներգրավվելու հնարավորությունը համարում է «սուրճի բաժակի շուրջ կանխատեսում»: «Այսօր ես այդպիսի կանխատեսումներ չեմ կարող անել, ես գիտեմ, որ այսօր մենք նախարարությունում ունենք մշակված ծրագիր, որն իրականացնելը դժվար բան չէ: Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կգա իր թիմով և ամեն ինչ նորմալ կլինի»:

Միաժամանակ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ մարդկանց դժգոհությունը վերջին մեկուկես կամ երկու տարով չէ պայմանավորված նույնիսկ վերջին տասը տարով: «Դժգոհությունը կամաց-կամաց կուտակվում էր և այս դժգոհությունն իր ելքը և ինչ-որ լուծում ստացավ», - ասաց նա:

Ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականով պայմանավորված՝ հրաժարական է տվել նաև ՀՀ կառավարությունը, նախարարները շարունակում են պաշտոնավարել մինչև նոր կառավարության ձևավորումը: Նոր վարչապետի թեկնածության շուրջ երկրում բուռն քննարկումներ ու իրադարձություններ են ծավալվել: Ակցիաների ու հանրահավաքների միջոցով քաղաքացիները պահանջել են, որ թեկնածու առաջադրվի ոչ թե իշխող ուժից՝ ՀՀԿ-ից, այլ թեկնածուն լինի համաժողովրդական շարժումը նախաձեռնած Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 1-ին 56 դեմ և 45 կողմ ձայներով ՀՀ վարչապետի պաշտոնում չընտրեց «Ելք» խմբակցության առաջադրած թեկնածուին՝  Նիկոլ Փաշինյանին: Այլ թեկնածություններ չէին առաջադրվել: Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ «վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի (35 պատգամավոր) առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: Ընտրության հաջորդ փուլը նախատեսված է մայիսի 8-ին: «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» խմբակցությունները հայտարարել են ձայները Փաշինյանին տալու մասին: Իսկ ՀՀԿ-ն հայտարարել է թեկնածու չառաջադրելու և պատգամավորների 1/3-ի ձայներով առաջադրված թեկնածուին սատարելու մասին: Նիկոլ Փաշինյանի ընտրության դեպքում կառավարությունը պետք է ձևավորվի 15-օրյա ժամկետում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]