Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Թուրք գործիչները ևս համամիտ են Հայաստանի հետ. հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների

Թուրք գործիչները ևս համամիտ են Հայաստանի հետ. հայ-թուրքական 
հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն առանց որևէ նախապայմանի կարգավորելու անհրաժեշտությունը տեսնում են ոչ միայն հայկական, այլև թուրքական կողմում: Թուրք որոշ քաղաքական գործիչները նշում են, որ արձանագրությունների վերաբերյալ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը պետք է վերանայվի: Խնդրին «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձավ Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Ուֆուք Ուրասը` արձագանքելով հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Մյունխենի անվտանգության համաժողովին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին:

«Արձանագրությունների ստորագրման ամենաառաջին իսկ պահից որևէ խոսք չի գնացել նախապայմանների վերաբերյալ: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների: Այս խնդիրը պետք է մանրամասնորեն քննարկվի Թուրքիայի խորհրդարանում և վերանայվի»,- ընդգծեց նախկին պատգամավորը:

Գործիչն անընդունելի համարեց այն, որ Թուրքիան սառեցնում է խնդիրը՝ հաճախ պայմանավորելով դա Ադրբեջանի հետ հարաբերությունների հանգամանքով, մինչդեռ մյուս թյուրքական պետությունները նորմալ հարաբերությունների մեջ են Հայաստանի հետ և այստեղ ունեն իրենց դեսպանատները:

Ուրասի կարծիքով՝ արձանագրությունների վերաբերյալ միայն պետական այրերը չէ, որ պետք է կարծիք հայտնեն: «Մտավորականները, հասարակական կազմակերպությունները փոխադարձաբար պետք է նախաձեռնություններով հանդես գան: Կարծում եմ, որ օգտակար կլինի, եթե երկու կողմերի մտավորականներն էլ արձանագրությունների ստորագրման վերաբերյալ հանդես գան համատեղ հռչակագրով»,- ասաց քաղաքական գործիչը: Նա նշեց, որ իրենք այս հարցում նախաձեռնություն էին սկսել, սակայն Թուրքիայի զինված ուժերի կողմից  Սիրիայի Աֆրին բնակավայրում սկսված գործողությունը ողջ ուշադրությունն ու օրակարգը բևեռեց այդ հարցի վրա:

Մյունխենի անվտանգության համաժողովին «Ներս, թե դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը։ Նրա խոսքով՝ սառը պատերազմի տարիներին Հայաստանը երկու հակադիր բևեռներից մեկի սահմանին էր։ Բեռլինի պատի անկումից շուրջ երեսուն տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը: Նախագահն ընդգծեց, որ ժամանակն այստեղ կարծես կանգ է առել:

Արաքս Կասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am