Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանում եւ Արցախում կառուցում են ժողովրդավարություն, իսկ Ադրբեջանում ծաղկում է ավտորիտարիզմը. Շարմազանովը` Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակին

Հայաստանում եւ Արցախում կառուցում են ժողովրդավարություն, իսկ Ադրբեջանում 
ծաղկում է ավտորիտարիզմը. Շարմազանովը` Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակին

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 13-ին հանդիպել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ, եվրոպական կապերի հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կիրկիլասի եւ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Յուոզաս Բերնատոնիսի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Լիտվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները բարձր են գնահատել Լիտվայի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտելու փաստը եւ ընդգծել, որ Լիտվան առայժմ Հայոց ցեղասպանությունը ճանաչած Մերձբալթյան միակ երկիրն է: Պատվիրակությունն իր երախտագիտությունն է հայտնել Լիտվայի խորհրդարանի եւ Գեդիմինաս Կիրկիլասի աջակցությամբ Վիլնյուսի Ցեղասպանության թանգարանում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված ցուցահանդեսի կազմակերպման համար:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-լիտվական խորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումը, միջխորհրդարանական կառույցներում պատվիրակությունների համագործակցությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին` նշելով, որ Հայաստանը շարունակելու է ընթանալ ժողովրդավարական բարեփոխումների ու զարգացման ուղիով:

«ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակականությունը ՀՀ քաղաքական օրակարգի կարեւոր ուղղություններից է: Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը նման համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ: Այն հնարավորություն է տալիս կամուրջ հանդիսանալու ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

Կողմերը քննարկել են նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Պարոն Շարմազանովը նշել է. «Թե Հայաստանը, թե Արցախը հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակից են` Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում` հայտնի երեք սկզբունքների հիման վրա: Շատ կարեւոր է Արեւելյան գործընկերության գագաթաժողովի հայտարարության մեջ աջակցությունն այդ երեք սկզբունքներին` ուժի կամ սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի իրացում: Ադրբեջանից մշտապես հնչող ռազմատենչ հռետորաբանությունը մտահոգիչ է եւ չի բխում հակամարտության խաղաղ կարգավորման տրամաբանությունից: Հայաստանում եւ Արցախում կառուցում են ժողովրդավարություն, մինչդեռ Ադրբեջանում ծաղկում է ավտորիտարիզմը»:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Գեդիմինաս Կիրկիլասին 2018 թվականին հրավիրել է Հայաստան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am