Քաղաքականություն

Պատգամավորները դրական են գնահատում Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստում  հայկական պատվիրակության աշխատանքը

4 րոպեի ընթերցում

Պատգամավորները դրական են գնահատում Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստում  հայկական պատվիրակության աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը կայացած Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում ընդունվել է 4 զեկույց և երեք հրատապ բանաձև, որոնցից մեկը հեղինակել է հայկական պատվիրակությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը: «Մեր բանաձևը վերաբերվում էր ռոբոտացված համակարգերով զենքերի արտադրությանը, արտահանմանը և օգտագործմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Աշոտյանը:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության Մանե Թանդիլյանը նշեց, որ հայկական պատվիրակության անդամները վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում ներկայացված են եղել գործող բոլոր 4 հանձնաժողովներում, ինչպես նաև աշխատանքային խմբերում: «Մենք տարբեր հանձնաժողովների նիստերի և աշխատանքային քննարկումների ժամանակ ելույթներ ենք ունեցել, ներկայացրել ենք առաջարկներ: Փոխանցել ենք մեր ակնկալիքը, որ Եվրոպական Միության «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը կկիրառվի նաև Հայաստանի նկատմամբ` հաշվի առնելով, որ մենք առաջիկայում պատրաստվում ենք ստորագրել Եվրոպական Միության հետ համագործակցության նոր շրջանակային համաձայնագիրը»,- ասաց Թանդիլյանը:

Ընդհանուր առմամբ, Մանե Թանդիլյանը դրական գնահատեց հայկական պատվիրակության աշխատանքը: «Իրականում ադրբեջանցի լոբբիստները շատ ակտիվ էին աշխատում, և որևէ հարթակում նրանց համար գործունեության ազատ դաշտ թողնելը վնասակար կլինի մեզ համար, ինչում ես համոզվում եմ արդեն երկրորդ անգամ: Մենք այս հարցում աշխատանքի տեղ շատ ունենք: Անհրաժեշտ է, որ մեր պատվիրակությունները ակտիվ մասնակցություն ունենան խորհրդարանական բոլոր հարթակների աշխատանքներին և առաջ մղեն Հայաստանի Հանրապետության շահը»,- ընդգծեց պատգամավորը:

Եվրանեսթ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ կարևորեց այն հանգամանքը, որ հայկական պատվիրակությանը հաջողվել է ընդունված բոլոր փաստաթղթերում ամրագրել ձևակերպումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը էականորեն տարբերվում է առկա այլ հակամարտություններից: «Բոլոր փաստաթղթերում այս մոտեցումն արձանագրվեց: Ես ցանկանում եմ կարևորել նաև մեր պատվիրակության անդամների համագործակցությունը Եվրոպայի Ժողովրդական կուսակցության և Սոցիալ-դեմոկրատների կուսակցության ներկայացուցիչների հետ: Այդ համագործակցության արդյունքում մեր առաջարկների գրեթե մեծ մասը, եթե ոչ բոլորը, ընդունվեցին: Բացի այդ, այդ համագործակցության շնորհիվ մեր առաջարկած բանաձևերից մեկն ընդունվեց 39 կողմ ձայնով: Մեզ աջակցում էր նաև Բրյուսելում ՀՅԴ Հայ դատի ատենապետ Գասպար Կարապետյանը, ինչի արդյունքում մենք բավականին լուրջ հաջողություններ ունեցանք»,- նշեց Կյուրեղյանը:

Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը ևս դրական գնահատեց հայկական պատվիրակության գործունեությունը` շեշտելով, որ դա մեծապես պայմանավորված է պատվիրակության ղեկավարի քրտնաջան աշխատանքով: Վարդան Բոստանջյանը հայտնեց, որ համանախագահում է Եվրանեսթ ԽՎ-ի տնտեսական հանձնաժողովում: «Մենք լիագումար նիստի շրջանակներում տնտեսական հանձնաժողովի նիստ անցկացրեցինք, որտեղ քննարկվել են Եվրանեսթի շրջանակներում առևտրային համագործակցության, ֆինանսական և մակրոտնտեսական կայունության վերաբերյալ հարցեր: Նիստի ընթացքում քննարկել ենք նաև եկող տարվա ընթացքում հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցեր»,- եզրափակեց Բոստանջյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում