ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսը
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է ընտրվել Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրա օգտին քվեարկել է 132,իսկ մյուս թեկնածուի` Լիտվայի ներկայացուցիչ Էմանուելիս Զինգերիսի օգտին` 84 պատգամավոր:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը վեհաժողովի նախագահի պաշտոնում պաշտպանել է Կիպրոսի ներկայացուցչի թեկնածությունը: Մինչ այս ԵԽԽՎ նախագահի ընտրության երկու փուլ էր անցկացվել: Առաջին երկու փուլերում թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել ձայների բացարձակ մեծամասնություն ստանալ` չնայած Կիպրոսի ներկայացուցիչը երկու դեպքում էլ ավելի շատ ձայներ է ստացել: Երրորդ փուլն անցկացվել է ձայների պարզ մեծամասնության սկզբունքով, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Ստելլա Կիրիակիդեսը: Նա կպաշտոնավարի մինչև ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկը:
ԵԽԽՎ-ում հայաստայան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Ստելա Կիրյակիդիսը` չնայած բոլոր այն աննախադեպ ճնշումներին, որ ԵԺԿ խմբի ղեկավարության ու բավական թվով անդամների կողմից կային նրա նկատմամբ: «Ինչպես եվրոպացի գործընկերներիցս մեկը ճշգրիտ նկատեց «այս ընտրությամբ Վեհաժողովը ինքն իրեն վերադարձրեց հույսը»: Նկատի ուներ, որ Վեհաժողովը չափազանց դժվարին պայմաններում, ի հակառակ մի շարք լոբբիստական ուղղությունների, կարողացավ միավորվել իրականում անաչառ թեկնածուի շուրջ: 132 քվե Ստելլա Կիրյակիդիս 84 քվե Էմանուելիս Զինգերիս»,- գրել է Հովհաննիսյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում