Հասարակական

Ժաննա Անդրեասյանը Բրիտանական թանգարանում քննարկել է Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված նմուշների՝ Հայաստանում ցուցադրման հարցը

2 րոպեի ընթերցում

Ժաննա Անդրեասյանը Բրիտանական թանգարանում քննարկել է Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված նմուշների՝ Հայաստանում  ցուցադրման հարցը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոն կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Բրիտանական թանգարան և հանդիպել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Ջոնսին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում նախատեսվող «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով համատեղ միջազգային ցուցադրության կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Ցուցահանդեսի շրջանակում, համաձայն Բրիտանական թանգարանի հետ կնքված պայմանագրի, Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի ու ձեռքի նմուշները։ Դրանք Հայաստան կտեղափոխվեն և 2024 թվականի սեպտեմբերի 21-ից մինչ 2025 թվականի մարտ՝ շուրջ 6 ամիս, կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ արժեքների համադրմամբ՝ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ ցուցադրության շրջանակում:

Հայաստանի պատմության թանգարանը նախկինում համագործակցել է Բրիտանական թանգարանի հետ և իր հավաքածուները ժամանակավոր փոխառության տրամադրել տարբեր միջազգային ցուցահանդեսների շրջանակում: Հայաստանում, սակայն, այս հեղինակավոր թանգարանից առաջին անգամ են ցուցադրվելու նմուշներ՝ հատկապես նման խորհրդանշական և հայ ժողովրդի համար հատուկ նշանակություն ունեցող թանգարանային առարկաներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում