Տնտեսություն

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, hանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի, զբաղվածության ոլորտում համագործակցության հետագա ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։

«Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել ԱՄԿ հետ սերտ և արդյունավետ համագործակցության դերը՝ միաժամանակ կարևորելով կազմակերպության շարունակական աջակցությունը ոլորտային բարեփոխումների իրականացման գործում։

Ներկայացնելով ԱՍՀ նախարարության կողմից սահմանված գերակայություններն ու այդ ուղղություններով իրականացվող աշխատանքները՝ նախարարը մասնավորապես խոսել է Զբաղվածության ռազմավարությամբ ամրագրված առաջնահերթությունների, Աշխատանքային օրենսգրքում իրականացված լայնածավալ փոփոխությունների, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված աջակցության ծրագրերի և այլնի մասին։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև սոցիալական գործընկերության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Գիլբերտ Հունգբոն ևս ընդգծել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցության կարևորությունը և այդ համատեքստում դրական գնահատել ոլորտում արձանագրված առաջընթացը։ Աշխատանքի միջազգային կազմակերպության  գլխավոր տնօրենը նաև դրական է արձագանքել նախարար Մկրտչյանի՝ սոցիալական արդարության և արժանապատիվ աշխատանքի վերաբերյալ նախատեսվող միջազգային համաժողովին մասնակցելու հրավերին։

Նշվում է, որ հանդիպման ավարտին կողմերը համագործակցության շարունակականության պատրաստակամություն են հայտնել․ պայմանավորվածություն է ձեռք բերվել ընթացք տալ քննարկված հարցերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում