Հասարակական

ՀՀ ՆԳ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի գլխավորած պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը մայիսի 21-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել ձևավորված երկկողմ սերտ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ դեսպանատանը՝ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների մեկնարկից ի վեր մշտական աջակցություն ցուցաբերելու համար։

Վահե Ղազարյանը կարևոր նախաձեռնություններից առանձնացրել է Հայաստանի միանալը Սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքներին ուղղված համաշխարհային կոալիցիային և հույս հայտնել, որ դա կխթանի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում արդյունավետ համագործակցության շարունակականությանն ու ընդլայնմանը։

Համագործակցության օրակարգի ուղղություններից նախարարը կարևորել է նաև Պարեկային և Ջրային պարեկային ծառայությունների ստեղծումը, հանցավորության դեմ պայքարը, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կիբերհանցավորության դեմ պայքարը։

ՆԳ նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Փրկարար ծառայությանը ցուցաբերված նյութատեխնիկական աջակցության, ինչպես նաև աշխատակիցների վերապատրաստման դասընթացների համար։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բրենդոն Յոդերը կարևորել է արդյունավետ փոխգործակցությունը, նշել, որ ոլորտային բարեփոխումների շրջանակում ձեռքբերումները բացառիկ են։ ԱՄՆ կառավարության անունից նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու ակտիվ համագործակցությունն ու ընդլայնել օրակարգը։

Հանդիպմանը ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախարարության բարեփոխումներն ու կատարված աշխատանքը, նշել նախատեսվող աշխատանքների մասին, որոնք ներառում են ինչպես ոստիկանական, այնպես էլ փրկարարական ոլորտը։

Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և նախանշել հետագա անելիքները։ Մասնավորապես, առաջիկայում ԱՄՆ-ի հետ կմեկնարկի նոր ծրագիր, որը միտված է մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, դիտարկվում է նաև կրթության ոլորտում առանձին ծրագրի հնարավորությունը։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հավթվանիին, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։

Պարեկային ծառայության ներդրմանը ցուցաբերած աջակցության, ինչպես նաև ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցության համար Ալեքսիս Հավթվանին պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում