Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

«Հայաստան» խմբակցությունը դեմ է փաստաբանների հարկման համակարգի փոփոխությանը

«Հայաստան» խմբակցությունը դեմ է փաստաբանների հարկման  համակարգի փոփոխությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փաստաբանների շրջանառության հարկման համակարգի փոխարինումը ավելացված արժեքի հարկով և շահութահարկով ոտնահարելու է Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքացիների հիմնական իրավունքների պաշտպանության գործառույթը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Հայաստանի կառավարությունը նախագիծ է բերել խորհրդարան, ըստ որի՝ այսօր գործող փաստաբանների շրջանառության հարկման համակարգը փոխարինվում է ավելացված արժեքի հարկի 20 տոկոս և շահույթահարկի 18 տոկոս հարկման համակարգով, առանց հաշվի առնելու երկու կարևոր հանգամանք։

Առաջինը՝ փաստաբանությունը նաև իրավապաշտպան գործունեություն է և բազմաթիվ քաղաքացիներ, կազմակերպություններ օգտվում են իրավաբանական այս ծառայությունից նույնիսկ անվճար հիմունքներով, ինչը էականորեն սահմանափակում է այս նախաձեռնությամբ և ստիպված են լինելու փաստաբանները փաստորեն անվճար ծառայություն մատուցելու դիմաց վճարել լրացուցիչ գումարներ, որն անտրամաբանական է։ Եվ երկրորդ կարևոր հանգամանքը այն է, որ փաստաբանությունը փորձ է արվել նույնականացնել առևտրային գործունեության հետ և ստանդարտ հարկման համակարգ է առաջարկում»,- ասաց Մինասյանը։

Նրա խոսքով՝այս նախագծին դեմ են արտահայտվել ինչպես Փաստաբանների պալատը, այնպես էլ բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ։ Ըստ Մինասյանի՝նման վարքագիծը բերելու է Հայաստանի Հանրապետությունում խախտված իրավունքների անպաշտպանությանը, ինչպես նաև մի շարք դեպքերում պարզապես մարդիկ, որոնք վճարունակ չեն լինելու իրենց իրավունքները պաշտպանելու հարցում, հայտնվելու են իրավական կամայականությունների տիրույթում։

«Նկատի առնելով, որ փաստաբանները նաև այսօր մեկօրյա գործադուլ են հայտարարել և դիմելով փաստաբաններին և իրավապաշտպան մյուս կառույցներին, մեր աջակցությունը հայտնելով նրանց՝ պահանջում ենք, որպեսզի, այնուամենայնիվ, խորհրդարանի մեծամասնությունը գիտակցի այս ոլորտի կարևորությունը և թույլ չտա, որպեսզի հանուն պետական բյուջեն լցնելու նպատակի ոտնահարի Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքացիների հիմնական իրավունքների պաշտպանության գործառույթը»,- եզրափակեց Մինասյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am