Տնտեսություն

Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի հետ քննարկվել են ագրարային ոլորտի նոր ծրագրերը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի հետ քննարկվել են ագրարային ոլորտի նոր ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել աշխատաժողով գյուղոլորտի նոր ծրագրերը քննարկելու նպատակով, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի համանախագահ Մարգարիտա Հակոբյանը, Դաշինքի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Արմեն Հարությունյանը, Աշոտ Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Իգնատի Առաքելյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ նշելով, որ ձևավորվել է համատեղ աշխատանքային խումբ՝ նպատակ ունենալով Դաշինքի անդամներին ընդգրկել ծրագրերի իրականացման գործընթացում, ինչն էականորեն կնպաստի ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:

Նախարարը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ մշտապես պատրաստ է աջակցել դրանց կազմակերպմանը:

Գյուղատնտեսության նախարարարության պատասխանատուները ներկայացրել են գյուղոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերը, դրանց հիմնական գաղափարախոսությունը, հիմնադրույթները, ակնկալվող արդյունքները:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վերամշակող ընկերություններին, գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգերի ծրագրերին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրին:

Գյուղատնտեսական դաշինքի պատասխանատուները դրական են գնահատել ոլորտի զարգացմանը միտված ծրագրերը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել ծրագրերի իրազեկման աշխատանքների հարցում, ինչպես նաև պարբերաբար քննարկումներ կազմակերպել ընթացիկ հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում