Տնտեսություն

Երևանում բացվեց «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսը

3 րոպեի ընթերցում

Երևանում բացվեց «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում պաշտոնապես բացվեց «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս Հայաստանին ու Արցախին, մեկտեղելով ջանքերը, ցուցադրել տնտեսական հզորությունը:

«Հայաստանի անկախության 25-ամյակին ընդառաջ սա էլ տնտեսության զորահանդեսն է: Այս ցուցահանդեսով մենք կարողանում ենք մի քանի հստակ ուղերձնոր հղել: Առաջինը, անկախ նրանից, թե ինչպիսի արտաքին և ներիքն մարտահրավերներ են ձևավորվում, մեր արտադրողներն ի վիճակի են, ունակ են ստեղծել, արարել բարիքներ: Ի վիճակի են տալ ոչ թե պարզապես արտադրանք, այլ միջազգային մրցունակությանը համապատասխանող արտադրանք: Երկրորդ ուղերձն մեզ բոլորիս է, աշխարհասփյուռ հայությանը` որակյալ հայկական արտադրանքի ձեռք բերումն ու օգտագործումը հնարավորություն է տալիս հզորացնել մեր երկրի տնտեսությունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Երրորդ ուղերձն, ըստ նախարարի պաշտոնակատարի, ուղղված է թե օտարերկրյա, թե ներքին ներդրողներին: Նա ընդգծեց, որ ներդնելով Հայաստանի տնտեսության մեջ հնարավոր է բազմապատկել շահույթը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանի խոսքով` ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 300 ընկերություն Հայաստանից և Արցախից: Ցուցահանդեսին մասնակցում են ընկերություններ սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներից:

«Կարծում եմ, որ այս ցուցահանդեսով հիմք կդրվի մեծ ներդրումային ծրագրերի: Այն վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանի արտադրական ներուժը ցուցադրող ամենախոշոր միջոցառումներից մեկն է»,- ասաց նա:

«Արտադրված է Հայաստանում-2016»-ի հիմնական նպատակն է ցուցադրել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները, նպաստել նոր շուկաների բացահայտմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում