Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Թուրքիան շարունակում է մնալ Ցեղասպանության ծանր բեռի տակ. Ռագըփ Զարաքոլու

Թուրքիան շարունակում է մնալ Ցեղասպանության ծանր բեռի տակ. Ռագըփ Զարաքոլու

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը պատմությանն առերեսվելու հարցում կարևոր պահ էր Թուրքիայի Հանրապետության համար: Մի կողմ թողնելով ներողությունը, փոխհատուցումը՝ պետությունը չկարողացավ անգամ հարգանք ցուցաբերել հայ ժողովրդի ցավի նկատմամբ: Սակայն հայ ժողովուրդը դրանից կորուստ ունեցա՞վ… Ոչ: Կորցնողը կրկին Թուրքիան էր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թարաֆ»-ում հրապարակված հոդվածում գրում է հայտնի թուրք մտավորական Ռագըփ Զարաքոլուն:

«Թուրքիայի Հանրապետությունը, որը համառում է չփոխվելու հարցում, Ցեղասպանության 100-րդ տարում վստահ քայլեր արեց ոչ թե դեպի ժողովրդավարություն, այլ դեպի տոտալիտարիզմ: Հանրապետական պատմության ողջ ընթացքում Հայոց ցեղասպանության ժխտումը դարձավ տոտալիտար պետության գաղափարախոսության անբաժան մասը: Այս պատճառով է, որ Թուրքիայի ժողովրդավարացման հիմնական պայմաններից է Հայոց ցեղասպանության ճանաչումը, ներողությունն ու փոխհատուցումը»,- իր հոդվածում նշում է Զարաքոլուն՝ ընդգծելով, որ Ցեղասպանության ճանաչումն արդեն կարևոր է ոչ թե դրա զոհերի, այլ հենց թուրքական պետության գոյության տեսանկյունից:

«Այս հանրապետությունը նույն սխալները համառությամբ կրկնում է, և դա ոչ միայն երկրի, այլև դրա հարևանների տեսանկյունից անկայություն և սպառնալիք է առաջացնում: «Այլևս երբեք»-ն արդեն հրատապություն է ձեռք բերել ոչ միայն զոհերի, տուժածների, այլև հենց պետության և հասարակության տեսանկյունից: Թուրքիայի Հանրապետության ժխտողական քաղաքականությունը և հետևաբար «անհրաժեշտության դեպքում էլի կանենք»-ի սպառնալիքը վտանգի տակ է դնում ոչ միայն ինքն իրեն, այլև իր քաղաքացիներին»,- գրում է թուրք մտավորականը:

Նա նշում է, որ 100 տարի առաջ սկսված Ցեղասպանությունն արդեն 2015 թվականին շարունակվում է Սիրիայում և Իրաքում, որտեղ թիրախի տակ են հայտնվել հայերի, ասորիների, եզդիների 3-րդ և 4-րդ սերունդները:

«Ապրիլի 23-ին Էջմիածնում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման կարգից հետո այդ զոհերը դադարեցին ուղղակի զոհ լինելուց, նրանք մարտիրոսվեցին: Նրանց գերեզմաններն արդեն բաց չեն, նրանք թաղվեցին ժողովրդի սրտում: Նրանք արդեն աշխարհի ժողովուրդների սրտում են:

Իսկ Թուրքիայի Հանրապետությունը կշարունակի մնալ մարդկության դեմ իրականացված հանցագործության ծանր բեռի տակ: 100 տարվա ընթացքում այն չկարողացավ հիմնել խաղաղ հասարակություն, քանի որ չկարողացավ ասել «այլևս երբեք», այլ շարունակեց սպառնալ՝ ասելով. «Էլի կանեմ»: 100 տարվա ընթացքում չմնաց կրոնական, էթնիկ կամ քաղաքական մի խումբ, որը չզոհաբերվեր: Եվ քանի դեռ այս մտածելակերպը չի փոխվել, պատմության հետ առերեսում տեղի չի ունեցել, ներողության և փոխհատուցման մշակույթ չի ձևավորվել, իսկ անպատժելիությունը շարունակվում է, այս արյունոտ հողերը հանգիստ չեն գտնի:

Եվ իրականության համար պայքարը կշարունակվի: Իսկ վերջում կհաղթի խիղճը»,- եզրափակել է հոդվածը Զարաքոլուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am