Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Կառավարությունն առաջարկում է օրենսդրական կարգավորումներով արգելել ավագանու անդամի՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելը

Կառավարությունն առաջարկում է օրենսդրական կարգավորումներով արգելել 
ավագանու անդամի՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովում քննարկման ներկայացվեց օրինագծերի փաթեթ, որը միտված է ամրագրելու համայնքի ավագանու անդամների կողմից հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքը և  շտկելու առկա օրենսդրական տարընթերցումների հնարավորությունը ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթների նախագիծը, պարզաբանեց, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով 2022 թվականի հունիսի 9-ին իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում մի կողմից նախատեսված է հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու  արգելքը, բայց մյուս դեպքում՝ ՏԻՄ օրենքով  և Երևանում համանուն օրենքով այդպիսի կարգավորում նախատեսված չէ։

«Այս տարընկալման հետևանքով՝ ավագանու մի խումբ անդամներ համատեղում են իրենց պաշտոնը հանրային պաշտոնների և հանրային ծառայության պաշտոնների հետ։ Իրականացված օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո առաջիկա ավագանու ընտրությունների ժամանակ կգործի բացարձակ արգելք ավագանու անդամների և հանրային պաշտոնների ու հանրային ծառայության պաշտոնների անհամատեղելիության մասով»,-ընդգծեց փոխնախարարը՝ հավելելով, որ նախագծի անցումային դրույթներով սահմանվել է, որ անձինք, ովքեր մինչև օրենքի ուժի մեջ մտնելը հանրային պաշտոնը կամ հանրային ծառայության պաշտոնը համատեղել են համայնքի ավագանու անդամի պաշտոնի հետ, կարող են շարունակել համատեղել պաշտոնավարումը մինչև նորընտիր ավագանու առաջին նիստի գումարման օրը։

Նրա խոսքով՝ համայնքի ավագանու անդամների անհամատեղելիության պահանջներին անդրադարձ է կատարվում նաև Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի, Եվրոպայի կառույցների կողմից մշակված այլ փաստաթղթերի շրջանակներում։

«Պաշտոնների անհամատեղելիության պահանջների սահմանման նպատակի առանցքը պաշտոնների մեկտեղման պարագայում  շահերի բախման իրավիճակների առաջացումը կանխելն է, մյուս կողմից՝ իշխանությունների տարանջատման սկզբունքների ապահովումը»,-նշեց Կարապետյանը։

Անդրադառնալով նախագծերի ընդունման հրատապությանը՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այժմ ավագանու անդամների կողմից հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու դեպքերի առնչությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարուցել է վարույթներ, որոնց ժամկետը լրանում է ընթացիկ տարվա մայիսի 29-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am