Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Կառավարությունում տեղի է ունեցել արտահանման խթանման վերաբերյալ խորհրդակցություն

 Կառավարությունում տեղի է ունեցել արտահանման խթանման վերաբերյալ խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ խորհրդակցություն՝ շահագրգիռ պետական գերատեսչությունների և գործարար աշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են տեղական արտադրանքի արտահանման խթանման ոլորտում տիրող իրավիճակը, այդ ուղղությամբ իրականացվող քայլերը և առկա հնարավորությունները: Այս համատեքստում, մասնավորապես, արծարծվել են դեպի Ռուսաստանի Դաշնություն և ԵԱՏՄ անդամ երկրներ հայկական արտադրանքի արտահանման խթանմանը վերաբերող հարցեր: ՀՀ վարչապետի առաջարկությամբ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ՌԴ կողմից թուրքական ապրանքների նկատմամբ նախատեսվող արգելանքի պարագայում սպասվելիք իրավիճակն ու հայկական արտադրանքի արտահանման ծավալն ավելացնելու հնարավորությունները: Մասնավորապես, քննարկվել են գյուղատնտեսության, զբոսաշրջության և ներդրումների ոլորտներում հնարավոր քայլերն ու գործողությունները:

Մտքերի փոխանակության ընթացքում կառավարության ղեկավարին են ներկայացվել նաև արտահանող ընկերություններին հուզող խնդիրները: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել արտահանման խթանմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ նախաձեռնության: Կառավարության ղեկավարը հորդորել է գործարարներին բաց չթողնել ստեղծված իրավիճակում առաջացող հնարավորությունները և ավելացնել դեպի ռուսաստանյան շուկա արտադրանքի արտահանման ծավալը: Վարչապետը նաև հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ ակտիվ աշխատել իրենց ոլորտներում նախանշված ուղղություններով և սեղմ ժամկետում կառավարություն ներկայացնել գործողությունների հստակ ծրագիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am