Տարածաշրջանային

Քըլըչդարօղլուն բացահայտել է Դավութօղլուի հետ բանակցությունների բովանդակությունը

3 րոպեի ընթերցում

Քըլըչդարօղլուն բացահայտել է Դավութօղլուի հետ բանակցությունների բովանդակությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմության հետ բանակցություններում Թուրքիայի իշխանությունները մինչ այժմ մեզ ոչ թե կոալիցիա են առաջարկել կազմել, այլ խոսել են միայն անցումային կառավարություն ձեւավորելու մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» թերթը, Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ կոալիցիոն կառավարություն ստեղծելու մասին բանակցությունների արդյունքների շուրջ կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:

«Դավութօղլուն մեզ երկու առաջարկություն է ներկայացրել. ժամանակավոր անցումային կառավարության ստեղծման մեջ մասնակցություն եւ ԱԶԿ-ին աջակցություն` փոքրամասնության կառավարություն ձեւավորվելու դեպքում», -ասել է Քըլըչդարօղլուն:

Քեմալ Քըլըչդարօղլուն նշել է, որ Թուրքիայում շատ լուրջ խնդիրներ կան, որոնց լուծման համար անհրաժեշտ է 4 տարի ժամկետով կոալիցիոն կառավարություն ձեւավորել:

«Մենք մեր կարծիքը հասցրել ենք հակառակ կողմի ուշադրությանը: Բայց ԱԶԿ-ն առաջարկում է եռամսյա ժամկետում լուծել միայն որոշակի հարցեր, որոշել ծրագիրը եւ արտահերթ ընտրություններ անցկացնել», -հայտնել է նա:

Քըլըչդարօղլուն համոզմունք է հայտնել, որ ԱԶԿ-ն վայր կդնի լիազորությունները, եթե չկարողանա կառավարություն ձեւավորել:

ԺՀԿ առաջնորդի հետ հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «անհրաժշետություն է ծագել Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել»:

«Ընդդիմության հետ կոալիցիոն կառավարության համար որեւէ հնարավորություն չկա», -ասել է նա:

«Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժշետություն է ծագել: Մեծ հավանականությամբ այդպես էլ կլինի: Որովհետեւ կոալիցիոն կառավարություն ստեղծելու համար պայմաններ չկան: Ես նախապատվությունը տալիս եմ Թուրքիայի խորհրդարանի որոշման համաձայն արտահերթ ընտրություններին», -հայտարարել է Դավութօղլուն:

Դավութօղլուն հայտնել է, որ ԺՀԿ հետ գլխավոր տարակարծությունը կապված է արտաքին քաղաքականության եւ կրթության հարցերի շուրջ:

Դավութօղլուն չի բացառել անցումային կառավարություն ձեւավորելու հարցով «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի հետ կրկնական հանդիպումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում