Տարածաշրջանային

Թուրքիայի ազգայնական կուսակցության առաջնորդի դեմ դատական գործ է հարուցվել

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի ազգայնական կուսակցության առաջնորդի դեմ դատական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազատական փաստաբանների միության իրավաբանները դատական գործ են հարուցել «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի դեմ նրա համար, որ վերջինս վիրավորել էր մեջլիսի ընտրություններում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (ԺԴԿ) ձայն տված մարդկանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» լրատվականը:

Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատի դիմաց հավաքված իրավաբանները նշել են, որ մինչ օրս երկրի թե' իշխանական թևը, թե' ազգայանական կուսակցությունը վիրավորել են ԺԴԿ-ին և նրա արժեքները: «Սակայն այս վիրավորանքներն այնպիսի մի կետի են հասել, որ վիրավորանքներ են հնչեցվում ԺԴԿ-ին ձայն տված 6 միլիոն բնակչության նկատմամբ: Այսինքն, այս երկրում կա մի պատգամավոր, մի խորհրդարանական, կուսակցության մի առաջնորդ, ով կանգնում և «անարգ» է անվանում միլիոնավոր մարդկանց: Ժողովրդի մի մասին մյուս մասի դեմ է դուրս բերում, դրդում է քինախնդրության և թշնամության: Ժողովրդի մի մասին հրապարակայնորեն ծաղրում է»,- նշել է միության` Ստամբուլի բաժնի ղեկավարը՝ ընդգծելով, որ իրենք, ԺԴԿ-ին ձայն տալով ,գործել են իրենց խղճի մտոք և պատվով:

Իրավաբանները դատարան ներկայացրած իրենց դիմումի մեջ դատական գործ են հարուցել «վիրավորանքի», «ժողովրդին քինախնդրության և թշնամության դրդելու կամ ստորացնելու» հիմնավորումներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում