Տարածաշրջանային

Էրդողանը թուրքական խորհրդարանին կոչ է արել մանդատից զրկել քուրդ պատգամավորներին

2 րոպեի ընթերցում

Էրդողանը թուրքական խորհրդարանին կոչ է  արել մանդատից զրկել քուրդ պատգամավորներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) չի կարող շարունակել խաղաղ բանակցությունները քուրդ արմատականների հետ (խմբ.- նկատի ունի Աբդուլլահ Օջալանի գլխավորությամբ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը - PKK):

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:

Բացառելով քրդերի հետ բանակցությունների հնարավորությունը` Էրդողանն ասել է. «Մենք չենք կարող շարունակել խաղաղ բանակցությունները նրանց հետ, ովքեր սպառնում են մեր ազգային միասնությանն ու եղբայրությանը»:

Էրդողանը թուրքական խորհրդարանին կոչ է արել պատգամավորական անձեռնմխելիությունից եւ մանդատից զրկել այն քուրդ քաղաքական գործիչներին, ովքեր, նրա կարծիքով, կապված են ահաբեկչական խմբավորումների հետ (PKK):

Հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում անհրաժեշտ քանակի պատգամավորական աթոռներ չզբաղեցնելու պատճառով միաձայն կառավարություն ձեւավորելու իրավունքից զրկված ԱԶԿ-ի նախկին առաջնորդ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան չի կարող թույլ տալ իրեն կոալիցիոն կառավարություն ստեղծել խորհրդարանում 80 պատգամավորական աթոռներ զբաղեցրած քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) հետ:

Էրդողանն ամեն առիթով հայտարարում է, որ ԺԴԿ-ն իբր կապեր ունի PKK-ի հետ, որին Թուրքիան ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում