1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ-ում Իրանի դեսպանը նախապատրաստում է Հասան Ռոհանիի այցը Հայաստան

ՀՀ-ում Իրանի դեսպանը նախապատրաստում է Հասան Ռոհանիի այցը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսին հավաստիացնում է, որ Իրանի եւ «վեցյակի» միջեւ բանակցությունները կգրանցվեն համաշխարհային դիվանագիտության մեջ և այդ մասին կդասավանդվի դպրոցական դասագրքերում, և այն, որպես լավ օրինակ կդիտվի միջազգային հակամարտությունների լուծման գործում: «Արմենպրես»-ի հետ զրույցում դեսպան Ռեյիսին խոսել է նաեւ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների ապագայի եւ հայ-իրանական խոշոր ծրագրերի կարեւորության մասին: 

-Պարոն դեսպան, Վիեննայում պատմական համաձայնություն կնքվեց, որը որոշ վերլուծաբաններ անվանում են դարի պայմանագիր:

-Յուրաքանչյուր երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն կարող է շրջադարձային լինել եւ համարվել պատմական իրողություն տվյալ երկրի համար: Այս համաձայնությունը, որը սկզբում կնքվեց Լոզանում, այնուհետեւ Վիեննայում, կարելի է համարել պատմական: Տարիներ շարունակ Արևմուտքն ամեն ինչ անում էր Իրանին վնասելու համար եւ Իրանին վնաս պատճառելով` Արեւմուտքն էլ է վնասներ կրել: Իրանի և «վեցյակի» միջեւ ձեռք բերված համաձայնությունը բազմաթիվ առումներով կարևոր է:

Նախ, Իրանը, չենթարկվելով պարտադրանքներին, դիմադրեց և բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով ի վերջո կարողացավ մյուս կողմի համաձայնությունը ձեռք բերել:  

Երկրորդ, վատագույն  եւ ամենաբարդ միջազգային խնդիրները կարելի է  լուծել բանակցությունների միջոցով: Գուցե և սկզբում ոչ ոք չէր պատկերացնում, որ նման լուրջ խնդիրը հնարավոր է լուծել բանակցությունների շրջանակում:

Այնպես, որ այս բանակցությունները կգրանցվեն համաշխարհային դիվանագիտության մեջ և այդ մասին կդասավանդվի դպրոցական դասագրքերում, և այն, որպես լավ օրինակ կդիտվի միջազգային հակամարտությունների լուծման գործում:

Այս համաձայնության արդյունքում ՄԱԿ-ի  անվտանգության խորհուրդի կողմից ընդունված  յոթ բանաձևերը չեղյալ են հայտարարվում  և Իրանը պաշտոնապես  ուրանի հարստացման և միջուկային ոլորտում հետազոտություններ իրականացնելու իրավունք է ստանում, և Իրանի դեմ պատժամիջոցները չեղյալ են հայտարարվում: Արևմուտքը պնդում է, որ Իրանը որոշակի փոխզիջումների է գնացել միջուկային զենք արտադրելու հարցում, այն դեպքում, երբ Իրանը երբեք միջուկային զենք արտադրելու նպատակ չի հետապնդել: Հուսով եմ, որ նույն կերպ կլուծվեն նաև միջազգային այլ հակամարտությունները:

-Մենք տեսանք, թե Թեհրանում ինչպես էին տոնում  Իրանի եւ Վեցյակի միջեւ կնքված համաձայնությունը: Մարդիկ դուրս էին եկել փողոց ու տոնախմբություն էին կազմակերպել:

-37 տարի է` ինչ Իրանի հեղափոխությունը տեղի է ունեցել եւ հեղափոխությունից հետո բազմաթիվ սպառնալիքներ են հնչել Իրանի նկատմամբ: Նաեւ պատերազմ պարտադրեցին Իրանին: Այս տարիների ընթացքում դաժան պատժամիջոցներ կիրառվեցին Իրանի դեմ: Իրանի ժողովուրդը դիմադրում էր այս բոլոր դժվարություններին, եւ ամբողջ աշխարհին ապացուցում, որ Իրանը բանակցությունների միջոցով հարցին խաղաղ լուծում տալու կողմնակից է: Ոչ ոք չի կարող սպառնալիքով իրանցիներին բերել բանակցությունների սեղանի շուրջ:

Այդ խանդավառությունն ու տոնակատարությունը արդյունք է այն դիմադրության, որը Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների համար քաջաբար գործադրվեց ժողովրդի կողմից:

-Հայաստանում այն տեսակետն է, որ հայ-իրանական մեծ նախագծերը, որ ֆինանսական լուրջ ներդրումներ են պահանջում, կյանքի չէին կոչվում հենց Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով: Համամի՞տ եք այս տեսակետին:

-Այո, ես այն կարծիքին եմ, որ եթե այդ պատժամիջոցները չլինեին այդ նախագծերը կյանքի կկոչվեին:

-Նախագծերից ամենաքննարկվողը հայ-իրանական երկաթգծի կառուցումն է եւ նախորդ շաբաթ էլ նախագահ Սարգսյանը Ուֆայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կրկին խոսեց երկաթգծի կառուցման կարեւորության մասին: Որքանո՞վ է այդ երկաթգծի կառուցումը կարեւոր ԻԻՀ-ի համար եւ մոտ ապագայում ի՞նչ նորություն կարող ենք սպասել այդ նախագծից:

-Նախագիծը տարածաշրջանային կարևորություն ունի և այն կյանքի կոչվելու դեպքում  Հայաստանը  կդառնա տարածաշրջանային տարանցիկ միջանցք, այլ կերպ ասած` Հայաստանը կդառնա նաեւ կապող օղակ Սև ծովի եւ Պարսից ծոցի միջեւ: Արեւելյան Ասիայից եւ Իրանի հարավային հարեւաններից Հայաստանի միջոցով փոխադրումներ կիրականացվեն դեպի հյուսիսային երկրներ: Սա կդառնա հյուսիս-հարավ միջանցք: Հնդկաստանից, Պակիստանից ապրանքները Հայաստանի միջոցով կտարանցվեն, ընդհուպ Եվրոպա: Նախագիծը խոշոր ներդրումների կարիք ունի: Եթե գտնվի ընկերություն, որը ցանկանա իրականացնել նախագիծը` շատ լավ կլինի: Նախագծի՝ Մեղրիից մինչեւ Սեւան հատվածի համար պահանջվում է 3 մլրդ 200 միլիոն դոլար: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ եթե գտնվի ներդրող, որը նախագծի հայկական հատվածի համար գումար կհատկացնի, մենք պատրաստ ենք մեր հատվածում՝այդ 60 կիլոմետրը կառուցել: Ես էլ նախագահ Սերժ Սարգսյանի պես համաձայն եմ, որ այս նախագիծը շատ կարևոր է:

-Պարոն դեսպան, ինչպիսին են այսօր հայ-իրանական տնտեսական հարաբերությունները: Տարիների ընթացքում ապրանքաշրջանառության աճը նկատելի՞ է:

-Չնայած երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին, տնտեսական հարաբերությունները զգալիորեն զիջում են: Նախատեսվում էր, որ մեկ միլիարդ դոլարի պետք է հասներ ապրանքաշրջանառությունը, բայց 300 միլիոն դոլարից չի անցնում: Պատճառներից մեկն էլ օրենքներն են: Մենք պետք է այս խնդիրները հարթենք եւ դյուրացնենք պայմանները, որ օգնենք երկու երկրների գործարարներին՝ հանգիստ կերպով իրենց բիզնեսն իրականացնեն: Կան երկրներ, որոնց հետ Իրանը ստորագրել է արտոնյալ սակագների մասին համաձայնագիր եւ վիճակագրությունը ցույց  է տալիս, որ այդ համաձայնագրերի ստորագրումից հետո տնտեսական հարաբերություններն ու ապրանքաշրջանառության ծավալները միանգամից աճել են: Առեւտրի մեջ մի քանի կետ շատ կարեւոր է: Դրանցից մեկը օրենքների պարզեցումը և թափանցիկությունն է: Մաքսային օրենքները պետք է լինեն թափանցիկ: Իրանը 22 տարի է հարաբերվում է Հայաստանի հետ, բայց մինչ այսօր չունենք արտոնյալ սակագների մասին համաձայնագիր: Եթե Հայաստանի և Իրանի միջեւ նաև կնքվի մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր, ապա կկարողանանք օգնել նաեւ զբոսաշրջության աճին:

-2015-ը Հայաստանի համար կարեւոր տարի է: Մենք ոգեկոչում էինք Հայոց ցեղասպանության 100-ը տարելիցը: Իրանն այն երկրների ցանկում է, որ դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչո՞ւ:

-Զոհերի հիշատակը միշտ հարգում ենք, իսկ ապրիլի 24-ին Հայաստանում ԻԻՀ դեսպանը մասնակցում է ոգեկոչման միջոցառմանը: Մենք հարգանքով ենք վերաբերում զոհերի հիշատակին: Մենք միշտ անմեղ մարդկանց կոտորածը դատապարտում ենք:

-Ե՞րբ կարող ենք սպասել Հասան Ռոհանիի այցին Հայաստան:

-Մենք հուսով ենք եւ հետամուտ ենք լինում, որ այդ այցն այս տարի իրականանա: Իհարկե, կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել: Այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում: Մոտ ապագայում սպասվում է նախագահի առաջին տեղակալի այցը Հայաստան եւ նրա այցից հետո հետամուտ կլինենք պարոն Ռոհանիի այցին:

-Այս տարի ականատեսը դարձանք եւս մեկ պատմական իրադարձության, երբ հարաբերությունները Կուբայի եւ ԱՄՆ-ի միջև հարթվեցին, եւ այժմ Հավանան ու Վաշինգտոնը մտադիր են դեսպանատներ բացել, ինչը քաղաքակիրթ հարաբերությունների հիմքն է: Վիեննայում կնքված համաձայնությունը կարո՞ղ է հիմք հանդիսանալ հետագայում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լավացման համար եւ գուցե մոտ ապագայում Թեհրանում էլ բացվի ԱՄՆ դեսպանատուն:

-Անհնարին ոչինչ չկա: Մենք ենթադրում ենք թե՛ տրամաբանության շրջանակում, թե՛ բանակցությունների ընթացքում, որ հնարավոր է ամեն ինչ անել: Սակայն այս բանակցությունները միայն ու միայն վերաբերում էին միջուկային ծրագրին: Ուղղակի փորձում էինք այն սպառնալիքները, որ հեղեղվում էին Իրանի դեմ, վերանայվեին: Առանցքային հարցը դա էր: Արեւմուտքը միշտ թյուրընկալում ուներ Իրանի միջուկային ծրագրի հանդեպ: Նրանք վատատես էին: Մեր թշնամիներն էլ անընդհատ ակտիվ էին եւ սուտ լուրեր էին տարածում: Մեր թշնամիները 37 տարի շարունակ, իրենց ԶԼՄ-ների հնարավորություններից օգտվելով, սուտ տեղեկատվություն էին փոխանցում Արեւմուտքին: Այսօր ողջ աշխարհը, նաեւ Արեւմուտքը հասկացել է, որ բոլոր թյուրընկալումներն իրավացի չեն եղել: Այն երկրները, որ շատ դժգոհ են այս համաձայնությունց, դրսեւորել են իրենց էությունը: Հիմա այդ երկրներն իրենց բնույթով ավելի վտագավոր են, քան այն ստերը, որ հորինել եւ տարածել էին մեր մասին: Արեւմուտքն ու ողջ աշխարհը հասկացավ, որ Իրանի միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակների համար է եւ Իրանն այն երկիրն է, որ կատարում է իր ստանձնած պարտավորությունները: Հասկացան, որ միջուկային էներգիայի ծրագիրը սպառնալիք չէ աշխարհին: Այն բոլոր ստուգումները, որ կատարվել են Իրանում, չեն կարողացել ապացուցել, որ Իրանը որեւէ շեղում է ունեցել այդ ծրագրում: Այդ համաձայնագիրը կյանքի կոչվելուց հետո Իրանը կարող է ունենալ միջուկային էներգիայի ծրագիր:

-Պարոն դեսպան, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խիստ քննադատության ենթարկեց Իրանի եւ «վեցյակի» միջեւ համաձայնությունն ու հանդես եկավ հայտարարությամբ: Ինչպե՞ս կմեկնաբենք նրա հայտարարությունները:

-Իսրայելի վարչապետի խոսքերը սուտ եմ անվանում: Նեթանյահուն եւ նրա կառավարությունը ահաբեկչական վարչակարգ են: Ունենալով միջուկային զենք` NPT-ի (Միջուկային զենքը չտարածելու պայմանագիր) անդամ չեն: Եթե Իսրայելը չունի որեւէ խնդիր կամ պրոբլեմ, ինչո՞ւ չի անդամակցում NPT-ին: Իսրայելը 200 միջուկային մարտագլխիկ ունի եւ Մերձավոր Արեւելքի ամենավտանգավոր երկիրն է: Այդ երկիրը ՄԱԿ-ի ընդունած բանաձևերի շրջանակում ստանձնած իր պարտականությունները չի կատարում եւ այս տարիների ընթացքու, բացի սուտ տեղեկատվության տարածումից, այլ գործով չի զբաղվել:

Հարցազրույցը` ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]