Տարածաշրջանային

Քեմալականների առաջնորդը կուսակիցներին հանձնարարել է չքննադատել նախագահ Էրդողանին

2 րոպեի ընթերցում

Քեմալականների առաջնորդը կուսակիցներին հանձնարարել է չքննադատել նախագահ Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քեմալական Հանրապետական- ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կարգադրել է իր կուսակցության ներկայացուցիչներին զերծ մնալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական կամ քննադատական արտահայտություններ հնչեցնելուց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվականը, այս մասին հայտնել է Քըլըչդարօղլուի աջ ձեռքը համարվող Գյուրսել Թեքինը:

Թեքինը նշել է, որ իրենց կուսակցությունն ընդունում է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից առաջ քաշվող պահանջը. այն է՝ չքննադատել երկրի նախագահին: «Մեր կուսակցության կողմից կոալիցիոն կառավարություն կազմելու համար առաջ քաշվող 14 կետերի մեջ ներառված է այդ դրույթը: Նախագահի ընտրվելու օրվանից ի վեր մեր կուսակցության առաջնորդը հանձնարարեց, որ նրա հասեցին անգամ ամենափոքր նեգատիվ խոսք չօգտագործվի»,- ասել է Թեքինը:

Թուրքիայում կոալիցիոն կառավարության շուրջ մեկնարկած բանակցություններից հետո ավելի ու ավելի առաջարկայական են դարձել խոսակցություններն այն մասին, որ առավել հավանական է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագործակցությունը քեմալական կուսակցության հետ: Այդ մասին ասել է անգամ վարչապետ Դավութօղլուն՝ նշելով, որ իր ղեկավարած կուսակցությունն առավել մոտ է քեմալականների հետ կոալիցիային:

Թուրքիայի նախագահ Էրդողանը պաշտոնապես հանձնարարել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուին կազմել հանրապետության 63-րդ կառավարությունը: Քանի որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում որևէ կուսակցության չի հաջողվել ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը միակուսակցական կառավարություն կազմելու համար, նախագահի հանձնարարականից հետո 45 օրերի ընթացքում մեջլիս անցած կուսակցությունները պետք է գան համաձայնության կոալիցիոն կառավարություն կազմելու հարցի շուրջ: Եթե 45 օրվա ընթացքում կառավարություն չկազմվի, ապա երկրում կհրավիրվեն վաղաժամ խորհրդարանական ընտրություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում