Տարածաշրջանային

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հրաժարվել է կոալիցիա կազմել իշխող ուժի հետ

3 րոպեի ընթերցում

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հրաժարվել է կոալիցիա կազմել իշխող ուժի հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում միանձնյա կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ քանակի պատգամավորական տեղեր չստացած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախագահ եւ վարչապետի պաշտոնակատար Ահմեթ Դավութօղլուն շարունակում է կոալիցիոն կառավարություն կազմելու շուրջ խորհրդարան անցած կուսակցությունների հետ բանակցությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական HaberTurk լրատվական կայքը, Դավութօղլուն առաջինը հանդիպել է «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դեւլեթ Բահչելիի հետ: Հանդիպումից հետո վերջինս հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը չի կարող կոալիցիա կազմել իշխող ԱԶԿ-ի հետ` «Թուրքիայի ապագայի հարցում տեսակետների խիստ տարբերության» պատճառով:

Դավութօղլուն նույն օրը հանդիպել է նաեւ խորհրդարանում զբաղեցրած պատգամավորական աթոռների թվով երկրորդը հանդիսացող Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ: Այդ հանդիպումից հետո Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ կոալիցիայի համար իրենց առաջադրած 14 սկզբունքներից միայն 4-ի շուրջ չեն կարողացել համաձայնության գալ: Նա նշել է, որ պատրաստ են ԱԶԿ-ի հետ շարունակել կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունները:

Բահչելին էլ հավելել է, որ եթե ԱԶԿ-ԺՀԿ կոալիցիան տեղի չունենա, ապա իրենք կարող են այդ հարցի շուրջ շարունակել ԱԶԿ-ի հետ բանակցությունները:

Այսօր Դավութօղլուն կոալիցիայի շուրջ բանակցություններ է սկսել Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորական աթոռներ զբաղեցրած քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) առաջնորդ Սալահեթդին Դեմիրթաշի հետ: Հանդիպումը հիմնականում նվիրված է քրդական խնդրի դեմոկրատական լուծման գործընթացի քննարկմանը, որը սկսվել էր 2009 թվականին եւ մինչ այժմ որեւէ առաջընթաց չի ունեցել ԱԶԿ-ի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարվելու պատճառով:

Այդ հանդիպումներից առաջ Դավութօղլուն ԶԼՄ-ներին հայտնել է, որ «աշխատելու են, որպեսզի որեւէ դուռ չփակվի», եւ շարունակելու են կուսակցությունների բանակցությունները, քանի դեռ որեւէ մեկի հետ կոալիցիայի շուրջ համաձայնության չեն եկել եւ արձանագրություն չեն ստորագրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում