Տարածաշրջանային

Դավութօղլուի հանդիպումը քեմալականների առաջնորդի հետ անցել է ջերմ մթնոլորտում

2 րոպեի ընթերցում

Դավութօղլուի հանդիպումը քեմալականների առաջնորդի հետ անցել է ջերմ մթնոլորտում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոալիցիոն կառավարություն կազմելու նպատակով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն սկսել է բանակցությունները մեջլիս անցած մյուս ուժերի հետ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առջանորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, ընտրություններից միայն 35 օր անց մեկնարկած առաջին հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում:

Շուրջ 1 ժամ և 40 րոպե տևած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Դավութօղլուն նշել է, որ այն անցել է «անկեղծ և ընկերական մթնոլորտում»: Վարչապետը հայտնել է, որ քննարկումների ժամանակ անդրադարձ չի կատարվել նախագահի պաշտոնին և դրա գործառույթներին: Այդուհանդերձ, Դավութօղլուն նշել է, որ կոալիցիոն կառավարություն կազմելու հարցում իրենք նույն հեռավորության վրա են թե՚ քեմալականներից, թե՚ «Ազգայնական շարժում» կուսակցությունից:

Թուրքիայի նախագահ Էրդողանը պաշտոնապես հանձնարարել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուին կազմել հանրապետության 63-րդ կառավարությունը: Քանի որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում որևէ կուսակցության չի հաջողվել ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը միակուսակցական կառավարություն կազմելու համար, նախագահի հանձնարարականից հետո 45 օրերի ընթացքում մեջլիս անցած կուսակցությունները պետք է գան համաձայնության կոալիցիոն կառավարություն կազմելու հարցի շուրջ: Եթե 45 օրվա ընթացքում կառավարություն չկազմվի, ապա երկրում կհրավիրվեն վաղաժամ խորհրդարանական ընտրություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում