Միջազգային

ԱՀԿ-ն որոշել է նոր հիմնադրամ ստեղծել Էբոլայի դեմ պայքարելու համար

2 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն որոշել է նոր հիմնադրամ ստեղծել Էբոլայի դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր կոմիտեն Էբոլա տենդի մահացու վիրուսի դեմ պայքարի հարցերին նվիրված հատուկ նստաշրջանում որոշել է ստեղծել հատուկ հիմնադրամ եւ ձեւովորել առողջապահության ոլորտի գլոբալ մարտահրավերներին արագ հակազդելու խումբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ որոշումն ամրագրված է ԱՀԿ-ի գործկոմի հատուկ նստաշրջանի մասնակից երկրների կողմից ընդունված ամփոփիչ բանաձեւում: Սպասվում է, որ հիմնադրամի աշխատանքի վերջնական ձեւաչափը կհաստատվի Առողջապահության համաշխարհային ժողովում, որը տեղի կունենա մայիսին:

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Մարգարետ Չենը, Ժնեւում ելույթ ունելալով հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, կարծիք է հայտնել, որ «մեկնարկային լավ գումար» կլինի 100 մլն դոլարը: Նա նշել Է, որ դրանից 10 մլն դոլարն արդեն խոստացել է տրամադրել Մեծ Բրիտանիան:

Հիմնադրամի ստեղծման որոշումն ընդունվել է Էբոլա վիրուսի տարածման դեմ պայքարում դանդաղկոտություն դրսեւորելու վերաբերյալ բազմաթիվ կշտամբանքներից հետո:

«ԱՀԿ-ի անդամներն այսօր հավաստեցին, որ իրենք իրապես հասկանում են, որ աշխարհին անհրաժեշտ է առողջության պաշտպանության հավաքական մեխանիզմ: Էբոլան ողբերգություն է, որն աշխարհին եւ, մասնավորապես, ԱՀԿ-ին շատ դասեր տվեց: Այլեւս երբեք աշխարհը չպետք է հանկարծակիի գա եւ հայտնվի անպատրաստ վիճակում»,- հավելել է Չենը:

ԱՀԿ-ի գործկոմի հատուկ նստաշրջանը հունվարի 25-ին տեղի է ունեցել Ժնեւում: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, դրան մասնակցել է նաեւ վարակվելուց հետո ապաքինված բուժքույր Ռեբեկա Ջոնսոնը Սիեռա Լեոնեից, ով հայտարարել է, որ «Էբոլան բնավ Էլ աշխարհի վերջը չէ եւ նրան կարելի է հաղթել»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում