Քաղաքականություն

Ստեփանակերտում հույսեր են կապում եռանախագահների այցելության հետ

3 րոպեի ընթերցում

Ստեփանակերտում հույսեր են կապում եռանախագահների այցելության հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցելության օրակարգը դեռեւս հստակ չէ, սակայն Ստեփանակերտում սպասում են եռանախագահների այցելությանն ու նրանց հետ հանդիպմանը: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշում է, որ տարածաշրջան այցելելիս համանախագահները սովորաբար այցելում են Արցախ եւ հանդիպում ԼՂՀ բարձրաստիճան քաղաքական այրերին: «Իհարկե, լինում են նաեւ բացառություններ, երբ համանախագահները գալիս են Հայաստանի եւ Ադբեջանի նախագահների առաջիկա հանդիպման վերաբերյալ որոշակի ծրագրեր կազմելու եւ Ստեփանակերտ չեն այցելում: ԵԱՀԿ Մինսկի խմբից դեռեւս հայտարարություն չի եկել այս անգամ Ստեփանակերտ այցելության վերաբերյալ, սակայն մենք սպասում ենք նրանց այցին Արցախում»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա փոխանցմամբ, չպետք է թերագնահատել Մինսկի խմբի կատարած աշխատանքը, քանի որ այսօրվա փխրուն խաղաղությունը որոշակի կերպով ապահովվում է նաեւ նրանց ջանքերի շնորհիվ: «Յուրաքանչյուր նման այցելությունը հույս է ներշնչում, որ հակամարտության կարգավորումը կարող է առաջ գնալ: Իհարկե, չի կարելի ակնկալել, որ միանգամից կարգավորում տեղի կունենա, քանի որ հակամարտությունը բարդ է եւ դժվար լուծելի, սակայն նման հանդիպումները, այցելությունները տարածաշրջան, նպաստում են կոնֆլիկտի հարթմանը: Մենք մեծ հույսեր ենք կապում թե’ համանախագահների այցելության, թե’ հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք նախագահների հանդիպման հետ»,- ասաց Դավիթ Բաբայանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) հոկտեմբերի 14-18-ին կլինեն տարածաշրջանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ հոկտեմբերի 17-ին համանախագահները կլինեն Երեւանում, կհանդիպեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: Ամենայն հավանականությամբ, այցի նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստումը, որը տեղի է ունենալու Ֆրանսիայում:

Հոկտեմբերի վերջին Փարիզում նախատեսվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Հանդիպման նախաձեռնողը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն է: Մայիսին Երեւան եւ Բաքու կատարած այցերի ժամանակ Օլանդը երկու երկրների նախագահներին հրավիրել էր Փարիզ` քննարկելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերը: Մինչ փարիզյան հանդիպումը երկու երկրների նախագահները Սոչիում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, իսկ հետո Նյու Յորքում կայացել է եռակողմ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում