1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրաքի հյուսիսային ճամբարներում ապաստանած եզդիները դեռ վտանգի մեջ են. Եզդիների ասոցիացիայի նախագահ

Իրաքի հյուսիսային ճամբարներում ապաստանած եզդիները դեռ վտանգի մեջ են. 
Եզդիների ասոցիացիայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Եզդիների ասոցիացիայի երիտասարդ ներկայացուցիչները և հայ արաբագետը շարունակում են բարձրաձայնել Հյուսիսայում Իրաքի եզդիների ծայրահեղ ծանր կացության, նրանց դեմ իրականացվող ոճրագործությունների և գոյությանը սպառնացող վտանգների մասին: «Բավականին երկար ժամանակ եզդիներն իրենց պատմական հայրենիքում` Հյուսիսային Իրաքում, ենթարկվում են ցեղասպանության: «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը վերանվանվել է «Իսլամական պետության», իր առջև նպատակ է դրել իսպառ ոչնչացնել եզդիներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրգրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա»-ի նախագահ Սաիդ Ավդալյանը

Կոտորածների և անմարդկային բռնությունների արդյունքում հարյուր հազարավոր եզդի փախստականներ պատսպարվում են Սիրիայի և Իրաքի հյուսիսային քրդաբնակ շրջաններում: Իրաքի հյուսիսային մասում եզդի փախստականների համար հատուկ ճամբար է ձևավորվել, որը, Ավդալյանի կարծիքով, նույնպես մեծ վտանգի տակ է, քանի որ իսլամիստներն, իմանալով ճամբարի մասին, կարող են իրենց ուժերը համախմբել և կրկին հարձակում գործել:

Եզդիների մի մասն էլ տարերայնորեն պատսպարվել է 60 կմ երկարություն և 11 կմ լայնություն ունեցող Սինջար լեռան վրա: Ավդալյանի խոսքով, եզդի փախստականների ցրված բնակեցվածության պատճառով էլ Արևմուտքի և այլ պետությունների կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը գլխավորապես չի հասնում նպատակին:

Ավդայլանը նաև մեջբերեց Հռոմի պապի կողմից Իրաք ուղարկված կարդինալ Ֆեռնանդո Ֆիլոնիի` ԵՄ-ին ներկայացրած զեկույցը, որի համաձայն Մերձավոր Արևելքի քրիստոնյա ազգերն ավելի քիչ են տուժում, քան եզդիները, քանի որ բնակության տուրք վճարելուց կամ իսլամափոխ լինելուց հրաժարվելու դեպքում քրիստոնյաներին ստիպում են լքել իրենց բնակավայրերը, այնինչ եզդիների պարագայում` տղամարդկանց բոլորին սպանում են, իսկ երեխաներին և կանանց առևանգում և շուկայում վաճառում:

Կարդինալը Եվրոպական միությանն է ներկայացրել եզդի աղջնակի նամակը, ուր նա հորը գրել է. «Եթե երբևիցե ինձ հաջողվի վերադառնալ, այնտեղից որտեղ ես այսօր հայտնվել եմ, ես կգերադասեմ մահանալ»:

 Իսկ արևելագետ Սարգիս Գրիգորյանը հավելեց, որ իսլամիստներն ավանդաբար այլ վերաբերմունք ունեն քրիստոնյաների և հրեաների հանդեպ, որոնք Գրքի ժողովուրդ են, քան եզդիների, և այսօր եզդիները իսլամիստների դաժան բռնարարքների կիզակետում են:

Անդրադառնալով այս ոճրագործությունների հետևում կանգնած կառույցին` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, արաբագետը նկատեց, որ եթե ժամանակին իսլամական արմատական խմբավորումները պայքարում էին իսլամական պետություն ստեղծելու համար, ապա այս կառույցն արդեն հռչակել է իրեն իսլամական պետություն և նրան համալրող իսլամականների նպատակն է զարգացնել և հզորացնել այդ իսլամական պետությունը:

«Իսլամական պետությունը» ձևավորվել է Իրաքում:  Հիմնական խնդիրն այն է, որ դրա սկզբնավորման փուլում այդ կառույցին համապատասխան գնահատական չի տրվել, և այն դուրս է մնացել մասնագիտական-գիտական շրջանակաների ուշադրությունից` չնայած 2012-ի վերջին և 2013 թվականին բավական ակտիվ գործում էր Սիրիայում և իր գործունեությամբ տարբերվում էր իսլամական մյուս կառույցներից»,- լրագրողներին ասաց Գրիգորյանը:

Նրա գնահատմամաբ, այժմ կառույցի գործունեության մեջ նկատվում են մշակված գործողություններ և որոշակի անվերահսկելիություն, ինչը բավական վտանգավոր է դարձնում նրա հետագա գործողությունները: Գրիգորյանն ընդգծեց, որ «Իսլամական պետությունը» ներկայումս բավական ակտիվ է Սիրիայի հյուսիսում, մոտենում է Հալեպին և ձգտում ամրապնդել իր դիրքերը թուրք-սիրիական սահմանին, ուստի պետք է առաջիկայում վտանգավոր զարգացումներ սպասել Սիրիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]