ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան հարյուր հոգուց բաղկացած բերձորցի կամավորականների խումբն արդեն դիրքերում է և իր ներկայությամբ ոգևորում և գոտեպնդում է սահմանին կանգնած զինծառայողներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում կամավորական խմբի ղեկավար, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Արտուշ Մխիթարյանը նշեց, որ իրենք արդեն դիրքերում են, մարտական ոգին բարձր է, զինվորներին էլ ոգևորում է կամավորականների ներկայությունն իրենց կողքին: «Թեև կամավորականների՝ դիրքեր մեկնելու ռազմական անհրաժաշտություն չկար, սակայն այս քայլը բարոյահոգեբանական աջակցություն է սահմանին կանգնած մեր զինվորներին, ովքեր առանց այդ էլ հստակ կատարում են իրենց խնդիրը և ամուր պահում են մեր սահմանները»,- նշեց Մխիթարյանը:
Նա հնարավոր համարեց, որ առաջիկայում կամավորականների նոր խմբեր կարող են դիրքեր մեկնել, ևս մեկ անգամ շեշտելով, որ դրա ռազմական անհրաժաշտությունը չկա: Նա վստահեցրեց, որ իրենք դիրքերում կմնան այնքան, որքան պետք է և զինծառայողների հետ կապահովեն սահմանների անվտանգությունը:
Օգոստոսի 3-ին առաջնագիծ են մեկնել նաև Արցախյան պատերազմի նախկին հրամանատարներ, ազատամարտիկներ Մարտակերտից: Այս պահին նրանք առաջնագծում են, ովքեր իրենց փորձով եւ խորհուրդներով օգտակար կլինեն դիրքապահներին: Դիրքեր մեկնած ազատամարտիկները հիմնականում Արցախյան պատերազմի ժամանակ Մարտակերտի շրջանը ազատագրած տղաներն են, ովքեր շատ ուժեղ մարտավարական հնարքների են տիրապետում՝ այն բազմիցս ապացուցելով Արցախյան պատերազմի ժամանակ:
Վերջին օրերին ադրբեջանցիները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ուղղությամբ մի քանի դիվերսիոն գործողություններ են իրականացրել, որոնց արդյունքում կրելով մարդկային զգալի կորուստներ հետ են շպրտվել: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծում վերջին 5 օրերին տեղի ունեցած լոկալ առճակատումների մասին ամփոփ տեղեկատվություն:
Ընդհանուր առմամբ, ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ եւ 30-ից ավելի վիրավորներ:
Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր: