Ղարաբաղյան հիմնահարց

Վերադարձ անցյալին եւ նախկին սահմաններին չի լինելու. Դավիթ Բաբայան

3 րոպեի ընթերցում

Վերադարձ անցյալին եւ նախկին սահմաններին չի լինելու. Դավիթ Բաբայան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Ստեփանակերտի տեսակետը սահմանների եւ, երկրի անվտանգության վերաբերյալ փոփոխության չի ենթարկվում եւ որդեգրած սկզբունքը, որը բացառում է վերադարձը նախկին սահմաններին, շարունակում է մնալ գերակա: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի գնահատմամբ, անկախ այն հանգամանքից, թե ով ինչպես կարտահայտվի եւ լուծման ինչ ճանապարհ կարտահայտի, Արցախի տեսակետը մնում է նույնը` վերադարձ նախկին սահմաններին եւ նախկին իրավիճակին չի լինելու:

«Վերադարձ անցյալին` լինի դա կարգավիճակի կամ սահմանների հարցում, անհնար է: Մենք պայքարել ենք մեր անկախության, անվտանգ եւ լավ ապրելու համար: Ցանկացած հայտարարություն, որն իր եջ կպարունակի առաջարկ` վերադարձ նախկին սահմաններին, կործանարար կլինի Արցախի համար»,- շեշտեց Դավիթ Բաբայանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն, Asekose.am կայքին տված հարցազրույցում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, մատնանշել է, որ ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ներկայացված 6 կետերը վաղուց ի վեր հայտնի են: «Ուորլիքը հավատացած էր, որ անհրաժեշտ է, որ այդ սկզբունքերը հասարակությանը ներկայացվեն, որպեսզի դրանք ի վերջո հաջողություն ունենան: Ես և Ադրբեջանում մեր դեսպանը համակարծիք ենք, որ թեման այնքան է սառեցված եղել, որ հասարակության մեջ այդ սկզբունքների վերաբերյալ ընդհանուր ընկալումը բացակայում էր: Ուորլիքը ցանկացել էր իր ելույթով հանրային բանավեճ ձևավորել: Կարծում եմ, որ նա այդ հարցում հաջողության հասել է: Երկրորդ նպատակն այն էր, որ խաղաղության հետ կապված ցանկացած բանակցությունների հիմքում անհրաժեշտ է տարբերակում` բուն Լեռնային Ղարաբաղի և դրան շրջապատող տարածքների միջև: Ես և Ուորլիքն այն զգացողությունն ունենք, որ երկու կողմերն էլ այդ երկու տարածքները դիտարկում են որպես մեկ ամբողջություն: Եթե երկու կողմերն էլ այդ ընկալմամբ առաջնորդվեն, ապա կարգավորում չի լինի: Կարևոր է բոլորին հասկանալ, որ համաձայնության համար, կապված բուն ԼՂ հարցի կարգավորման հետ, կպահանջվի վերադարձնել հարակից 7 տարածքները` հանած միջանցքը: Եվ եթե հակամարտության կողմերից որևէ մեկը չի պատկերացնում լուծումն այդ տարբերակով, ապա դրա համար շատ երկար ժամանակ կպահանջվի, հակամարտությունն էլ շատ երկար կտևի»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում