Հայկ Դեմոյանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայում նոր ցնցումներ է կանխատեսում
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրիքայում նորանոր ցնցումներ կլինեն, որը լուրջ մարտահրավեր է, քանի որ Թուրքիան ոճրագործ պետության իրավահաջորդն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ապրիլի 18-ին հրավիրված ասուլիսում այս մասին կարծիք հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Սա լուրջ մարտահրավեր է, որը կարող է նաև մեր երկրում որոշակի վտանգներ ստեղծել: Հայոց ցեղասպանության թեման Թուրքիայի խնդիրների մեջ առանցքային է, այն ցնցման է ենթարկում, նպաստում իրադարձությունների, ճգնաժամային երևույթների խորացմանը, որովհետև այստեղ մենք գործ ունենք իշխանություն և հասարակություն անջրպետի խորացման հետ»,- պարզաբանեց Դեմոյանը:
Նա պատմեց, թե ինչպես թանգարան-ինստիտուտի` Ռաֆայել Լեմկինի կրթաթոշակով սովորող գիտաշխատողներից մեկը մեկնել է մի քանի օրով Ստամբուլ և ներկա եղել Առաջին աշխարհամարտին նվիրված գիտաժողովին, որը Թուրքիայում բավականին ներկայացուցչական գիտաժողով է եղել, և որի ժամանակ բանախոսների մեծ մասը սատարել է «հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառումը, ծափահարել է և նշել, որ Հայոց ցեղասպանությունը ապացուցված է պատմության կողմից, վերաքննման որևէ առիթ չունի: Այս փաստը, Դեմոյանի գնահատմամբ, աներևակայալի է և անգամ վտանգավոր կարող էր համարվել ընդամենը մի քանի տարի առաջ:
«Համար մեկ խնդիրն այն է, թե ինչպես կարող ենք աշխատել փոփոխվող թուրք հասարակության հետ, քանի որ ճնշող մեծամասնությունը ազգայնական-ռասիստական կրթություն ստացած անձինք են, գալիս է մի նոր սերունդ, որը կաղապարված չէ, օգտվում է սոցիալական ցանցերից, որին հնարավոր չէ պարտադրել, սահմանագծերի մեջ դնել և որը է հետաքրքրված է պատմությունով: Այս երիտասարդների համար գլխավոր հարցերից մեկը Հայոց ցեղասպանության հարցն է: Պետք է մշակել աշխատանքի ճիշտ ուղղություն, ոչ թե հարվածների ձևով, այլ փափուկ ուժի կիրառմամբ պետք է կարողանանք աշխատել»,- ընդգծեց Դեմոյանը:
Նա գտնում է, որ թուրք երիտասարդը պետք է ծանոթանա Հայոց ցեղասպանությանը, ինչի համար անհրաժեշտ է քարոզչական աշխատանք կատարել նաև վիրտուալ տիրույթում, տասնյակ էլեկտրոնային միջոցներով: Թանգարան-ինստիտուտի տնօրենը պատահական չհամարեց այն, որ կառույցի պաշտոնական կայքը ամենաշատ թվով այցելուներ է ունենում հենց Թուրքիայից` շնորհիվ կայքի թուրքալեզու տարբերակի:
«Թուրքիայի հասարակութան մեջ տեղի են ունենում փոփոխություններ, մենք չենք հասցնում հետևել այդ փոփոխություններին: Հայոց ցեղասպանության ճանաչում, թե իրազեկության բարձրացում կասեն` համար մեկ թիրախը թուրք հանրության նոր սերունդն է: Այս ամեկարաճ ճանապարհով, ոչ թե «կոճակ» սեղմող պատգամավորների միջոցով կարող ենք հասնել հիմնախնդիրների լուծմանը»,- կարծիք հայտնեց բանախոսը:
Անդրադառնալով Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ապրիլի 10-ին ընդունած Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձևին` թանգարան-ինստիտուտի տնօրենը նշեց, որ նման նախաձեռնություններ ոչ առաջին և ոչ էլ երկրորդ անգամ են ընդունվում:
«Սա Հայոց ցեղասպանության գործիքավորումն է, և որպես միջոց օգտագործելն է կարճաժակետ, միջնաժամկետ խնդիրներ լուծելու համար, արդյո՞ք պետք է հրճվենք, որ մեր հարցը վերածվում է մեծ քաղաքականության մանրադրամի, կարծում եմ, համակարծիք կլինեք, որ ոչ»,- գնահատական տվեց Դեմոյանը` հիշեցնելով, որ Թուրքիան ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներից մեկն է տարածաշրջանում:
Նա շեշտեց, որ բացի թուրք հանրության, մրջազգային լսարանի հետ աշխատելու խնդրից, կարևոր է նաև հայ երիտասարդ սերնի հետ տարվող աշխատանքի անհրաժեշտությունը:
«Պետք է կարողանանք ցեղասպանության թեման ազատել հոգեկան կարծրատիպերից, պարտվողական գերհուզականացված շերտերը մաքրենք և ցանկացած հայ երիտասարդի մեջ մտցնենք այն գիտակցությունը, որ Հայոց ցեղասպանության թեման գիտակցության թեմա է»,- իր դիրքորոշումը հայտնեց թանգարան-ինստիտուտի տնօրենը` ավելացնելով, որ հենց Ծիծեռնակաբերդում պետք է երիտասարդների մոտ ամբողջանա կյանքի շարունակականության, սեփական երկրի օրենքները հարգելու գիտակցությունը:
Խոսելով Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների մասին` Դեմոյանը նշեց, որ Թուրքիայի կողմից Քեսաբի շուրջ տեղի է ունենում հոգեբանական ահաբեկչական գործողություն:
«Նման գործողությունների հիմնական նպատակը` Թուրքիան համայն հայությանը հոգեբանորեն ահաբեկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Դա ինքնանպատակ չէ, քանի որ ցանկանում են ճշգրտել մի քանի հանգամանք՝ որքանո՞վ է հայությունը միասնաբար հանդես գալիս այս հարցում, ինչքա՞ն է մեր ներուժը հասնելու նրան, որ միջազգային լսարանը հանդես գա դատապարտման հայտարարություններով»,- հավելեց փորձագետը`միջազգային հանրության արձագանքը գոհացուցիչ համարելով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում