Թբիլիսյան Գրան պրիից հետո՝ սամսունյան Գրան պրի
2 րոպեի ընթերցում
![Թբիլիսյան Գրան պրիից հետո՝ սամսունյան Գրան պրի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/03/755041.jpg)
ԵՐԵՎԱՆ,24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 6 ձյուդոիստներ կմասնակցեն մարտի 28-ին Թուրքիայի Սամսուն քաղաքում մեկնարկող ձյուդոյի Գրան պրի կարգի միջազգային մրցաշարի, մինչ այդ նրանք արդեն ելույթ են ունեցել Թբիլիսիում կայացած նույն կարգի մրցաշարում:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հայաստանի մարզիկներն արդեն գտնվում են Վրաստանի Գորի քաղաքում, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնեն եւ այնտեղից արդեն կմեկնեն Սամսուն:
Ինչպես «Արմենպրես»-ին ասաց Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը, մեր երկրի ձյուդոիստները, մասնակցելով Գրան պրի կարգի մրցումների, միաժամանակ նախապատրաստվում են ապրիլին Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում կայանալիք ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը:
Մեկնաբանելով թբիլիսյան մրցաշարում հայ ձյուդոիստների անհաջողությունը, Բաբայանը շեշտել Է,որ դրա պատճառը ավելի շատ հոգեբանական բնույթ Է կրում:
«Հայաստանի ձյուդոիստները միշտ ակտիվ անցկացնում են ուսումնամարզական հավաքները, եւ այստեղ ֆիզիկական առումով որեւէ խնդիր չկա, այլ հարց Է, որ մեր մարզիկները չունեն անհրաժեշտ մարզական պրակտիկա, ինչը նրանց թույլ չի տալիս իրենց ուժերը լիովին բացահայտել»,-ասաց Բաբայանը:
Խոսելով Եվրոպայի առաջնության մասին, նա նշեց, որ այս մրցաշարին առայժմ նախատեսվում Է 4-5 հայ ձյուդոիստի մասնակցությունը: