Facebook-ը կարող է կորցնել օգտատերերի 80 տոկոսին. ամերիկացի փորձագետներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական ցանցերով հրապուրվելը վարակիչ հիվանդությունների հետ են համեմատել ԱՄՆ-ի Փրինսթոնի համալսարանից գիտնականներ Ջոն Քանարելան եւ Ջոշուա Սփեքլերը: Ամբողջ աշխարհում տարածված Facebook ցանցի նկատմամբ կիրառելով համաճարակաբանական վերլուծության մեթոդները՝ նրանք եկել են այն եզրակացության, որ այն գտնվում է իր ժողովրդականության անկման շեմին եւ մինչեւ 2017 թվականը կարող է կորցնել օգտատերերի 80 տոկոսին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Հետազոտողներն աշխատում են Փրինսթոնում՝ մեխանիկական եւ օդատիեզերական ինժինիրինգի դեպարտամենտում եւ սոցիոլոգներ չեն: Նրանք իրենց աշխատությունը հրապարակել են ոչ թե պրոֆիլային հրատարակությունում, այլ arXiv էլեկտրոնային գիտական արխիվում: Սակայն, գիտնականների կարծիքով, այդ կանխավարկածը գոյության իրավունք ունի, քանի որ իրենց օգտագործած մոդելը անսխալ նկարագրել է ոչ վաղ անցյալում ժողովրդականություն վայելող մեկ այլ սոցիալական ցանցի՝ MySpace-ի ամբողջ «կենսական ցիկլը»՝ հայտնվելուց մինչեւ անկումը: