Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հայ հնագետները հին քաղաքակրթության նոր գտածոներ են պեղել. 2013-ի ամփոփում

Հայ հնագետները հին քաղաքակրթության նոր 
գտածոներ են պեղել. 2013-ի ամփոփում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2013  թվականին իրականացված պեղումների շնորհիվ մի շարք բացառիկ գտածոներ եւ փաստեր են բացահայտվել: Հնագետների հավաստմամբ` Հայաստանի շրջանների հնագիտական նյութերը կարող են զարդարել Էրմիտաժի, Լուվրի նման թանգարանները:

ՀՀ գիտությունների ազգայի ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն այս տարվա պեղումները բավական հաջողված է համարում: Նա առանձնացնում է հատկապես Արտաշատում հնագետների հայտնաբերած հնագույն արխիվի գոյությունն ապացուցող մ.թ. 4-5-րդ դարերի կնքադրոշմները, որոնք կլրացնեն պեղավայրից ավելի վաղ հայտնաբերված մոտ 8000 կնքադրոշմների հավաքածուն: Դրանց վրա թագավորների պատկերներ են,  գրված են նրանց անունները:

Իր բացառիկությամբ այս տարի աչքի է ընկել նաեւ Ակնաշենի հնավայրը, որտեղից այս տարի Առաջավոր Ասիայի հնագույն կնիքի սենսացիոն օրինակ են պեղել: Այստեղ հնագետներին հաջողվել է բացել եւս մեկ բնակելի շերտ, որը թվագրվում է Քրիստոսից առաջ յոթերորդ հազարամյակին:

Կարմիր բլուրում պեղումների ժամանակ հնագետները հսկայական մի դամբարանադաշտ են պեղել, որտեղ լավագույնս պահպանված է թաղման ծեսը:

Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի հնավայրի գտածոները` ջնարակված խեցեղենը, ապակու որոշ տեսակներ, հնագետների հավաստմամբ, կարող են էտալոն լինել տարածաշրջանի համար: Քաղաքի կաթողիկոսական պալատի հարավ-արեւմտյան հատվածում հնագետները  բացել են վաղ երկաթի դարաշրջանի թրծման վառարան` երկու օդամուղներով: Արեւմտյան հատվածում բացվել է արաբական շինության պատի մի հատված, արեւելյան հատվածը եղել է թաղումներով պատված: Հնավայրի հարավային բուրգում էլ`պարսպապատին կից, բնակելի թաղամաս է բացվել (11-13 դդ.):

Մեծամորում այս տարի հնագետները կնոջ կմախք, խեցեղենի մնացորդներ, հուլունքներ, մատանի են հայտնաբերել: Քաղաքային թաղամասում ուսումնասիրությունների արդյունքում վաղ երկաթե դարաշրջանի  կառույցների համակարգ է բացվել, որը վկայում է, որ երկաթի դարաշրջանում նախնական միջնաբերդի սահմաններն ընդարձակվել են: Պեղումների ընթացքում մեծ կարասներ են հայտնաբերվել, հնավայրի լանջին բացվել է մի քանի շերտ, որոնցից վերինը վերաբերում է աքիմենյան դարաշրջանին:

Կապանի տարածաշրջանի Շահումյան գյուղում հնագետներն այս տարի ուշ բրենզե եւ վաղ երկաթե ժամանակաշրջանի բազմաշերտ բնակավայր եւ ընդարձակ դամբարանադաշտ են հայտնաբերել: Շահումյանում պեղված դամբարանադաշտն առանձնանում է մետաղի ահռելի քանակության պարունակությամբ:

Այս տարի Արենու քարայրը բացառիկ է համարվել քաղաքակրթությունների ակունքներն ուսումնասիրելու առումով: Հուշարձանն իր գիտական նշանակությամբ եզակի է ոչ միայն Հայկական լեռնաշխարհի հնագույն անցյալի ուսումնասիրության եւ վերակազմության համար: Այն բացառիկ եւ առանցքային նշանակություն ունի նաեւ, ընդհանրապես, առաջավորասիական քաղաքակրթությունների ձեւավորման ելակետային փուլերի մասին պատկերացում ունենալու մեջ:

Վայոց ձորի մարզում գտնվող «Արենի քարայրից էին հնագետները պեղել աշխարհը ցնցած հնագույն կոշիկը, որը 5600 տարեկան է: Այստեղից պեղված գինու արտադրության մարդկությանը հայտնի վաղագույն համալիրը հասակագրվում է 6000 տարով:

2013 թվականին պեղումները շարունակվել են նաեւ Արցախի ՏիգրանակերտումԱնտիկ թաղամասում հնագետները նոր դամբարաններ են բացել: Նրանք շարունակել են բացել նաեւ արդեն 180 մետր բացված պարիսպը:


«Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման հետ կապված պատմամշակութային շուրջ 28 հուշարձաններում այս տարի եւս փրկարարական պեղումները շարունակվել են: Թալինում կատարված  պեղումների ժամանակ բեկորված անոթներ են հայտնաբերվել, որոնք թվագրական առումով կարող են բացառիկ լինել: «Հյուսիս-հարավ» ճանապարհի այդ հատվածի հարևանությամբ գտնվում են նաեւ Ագարակի պատմամշակութային արգելոցը, Կոշի, Արուճի միջնադարյան բնակատեղիները եւ այլն:

Պավել Ավետիսյանի խոսքով`փրկարարական պեղումների ընթացքում բացվում, ֆիքսվում են հուշարձանները, եւ եթե անհրաժեշտութուն է լինում, դրանք տեղափոխվում են: Յուրաքանչյուր արշավախումբ պեղումներ իրականացնելուց հետո ուսումնասիրության է հանձնում իր հայտնաբերած գտածոները: Արժեքավորները տեղափոխվում են Պատմության, Երկրագիտական, Երեւան քաղաքի պատմության թանգարանններ, որտեղ դրանց պահպանման համար կան համապատասխան պայմաններ: 

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտն այսքան հաջողություններից զատ ունի նաեւ խնդիրներ, որոնցից ամենաակնառուն լաբորատորիայի պակասն է:

Ինստիտուտի տնօրենը չի հերքում` Հայաստանում պեղված նյութերը մշակվում են գիտության միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան, սակայն նյութերն ընդունելու եւ տեղաբաշխելու տեղ չունեն: Եթե լաբորատոր պայմաններ լինեն, միջազգային համատեղ ծրագրերի շրջանակում ինստիտուտը սարք-սարքավորում, դրսից մասնագետներ կբերի:

Ինստիտուտը միջազգային համագործակցության արդյունքում հարյուր հազարավոր դոլարների, եվրոների արժողությամբ շատ բարձր որակի ինֆորմացիայի ներհոսք է ապահովում, հայաստանյան հնագիտությունն էլ միջազգայնացնում է: Հայաստանը համատեղ պեղումներ է իրականացնում Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի եւ այլ երկրների հետ, որոնց արդյունքում գտածոները հետազոտվում են արտասահմանում, ինչի ֆինանսական հնարավորություններն այսօր Հայաստանը չունի:

Համատեղ ծրագրերի արդյուքնում այս տարի Իտալացի մասնագետները հնագիտական գտածոների և խեցեղենի վերականգնմանը նվիրված դասընթացներ են անցկացրել Արուճի եւ Քոբայրի վանական համալիրներում:


Հեղինակ Անի Դանիելյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am