Կարեն Դուրգարյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և հայ մշակույթի հանրահռչակման համար Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարգևը Կարեն Դուրգարյանին ՀՀ կառավարությունում հանձնել է անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը շնորհավորել է անվանի դիրիժորին արձանագրած ձեռքբերումների կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ: Այս կապակցությամբ ՀՀ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Բարեկամներ,
Շուրջ մեկ ամիս առաջ Սանկտ Պետերբուրգ կատարած այցիս ընթացքում ինձ բախտ վիճակվեց Մարինյան թատրոնում ունկնդրել Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերան: Այս փառահեղ ստեղծագործությունը այն էլ հռչակավոր Մարինյան թատրոնում ունկնդրելը մեծագույն հաճույք է: Հաճելի էր նաև այն գիտակցումը, որ աշխարհի ամենահայտնի նվագախմբերից մեկի խմբավարը հայազգի Կարեն Դուրգարյանն էր: Դուրգարյանը բավականին երկար ժամանակ է ինչ համագործակցում է Մարինյան թատրոնի հետ, այնտեղ ներկայացնում է ոչ միայն Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես»-ը, այլ նաև Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը:
Դրանից զատ համաշխարհային մշակութային մայրաքաղաքներից մեկում՝ Սանկտ Պետերբուրգում Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ընթացիկ տարում հաջողությամբ մասնակցել է Մարինյան թատրոնում անցկացված «Սպիտակ գիշերների աստղերը» փառատոնին և հրավեր է ստացվել մասնակցել նաև հաջորդ տարվա փառատոնին: Նախատեսվում է, որ փառատոնին Դուրգարյանի բեմադրությամբ կներկայացվի Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը և հայկական միջնադարյան երաժշտությունը:
Մարինյան թատրոնում ևս շատ բարձր են գնահատում Դուրգարյանի գործունեությունը, ինչի մասին մեր հանդիպման ժամանակ նշեց թատրոնի ղեկավար Վալերի Գերգիևը: Երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և հայ մշակույթի հանրահռչակման համար Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանին այսօր պարգևատրել եմ ՀՀ վարչապետի հուշամեդալով»:
Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ընթացիկ տարում հաջողությամբ մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնում անցկացված «Սպիտակ գիշերների աստղերը» փառատոնին: Արդյունքում հրավեր է ստացվել մասնակցել նաև հաջորդ տարվա փառատոնին, որը կայանալու է 2014 թվականի մայիսին: Նախատեսվում է, որ փառատոնին Դուրգարյանի բեմադրությամբ կներկայացվի Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը և հայկական միջնադարյան երաժշտությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում