Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր
Լրահոս

Բոլոր նորությունները    


 

 

Թուրք լրագրողները Հայաստան այցից հետո կիսվել են 1915-ի դեպքերի եւ փակ սահմանի շուրջ իրենց մտահոգություններից


ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից կազմակերպված «Թուրքիա-Հայաստան լրագրողների երկխոսություն» ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած թուրքական CNN Turk հեռուսատաընկերության, «Միլլիեթ», «Զաման» և «Ռադիկալ» պարբերականների օտարերկրյա լրատվության բաժնի աշխատակիցներ Սերգյուլ Թաշդեմիրը, Գյուլսին Հարմանը, Մուստաֆա Էդիփ Յըլմազը և Մեսութ Հասան Բենլին «Ակոս»-ի ստամբուլյան խմբագրատանը կիսվել են Հայաստանում ունեցած իրենց տպավորություններով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ազգությամբ թուրք լրագրողները Հայաստանում հանդիպել են ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի և այլ քաղաքական գործիչների, ինչպես նաև հայկական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների և ուսանողների հետ: «Թուրքիա-Հայաստան լրագրողների երկխոսություն» ծրագրի շրջանակներում թուրք լրագրողները ծրագրի համակարգող Բուրջու Բեջերմենի և «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի հետ այցելել են նաև Էջմիածին Մայր Տաճար: 

Երեք լրագրողներն էլ նախ և առաջ իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև փակ սահմանի առկայության կապակցությամբ:  Էդիփ Յըլմազն ընդգծել է, որ փակ սահմանների առկայությունն այնքան մտահոգիչ չէ, որքան երևում է, քանի որ Հայաստանում գտնվողները «կողմ են, որպեսզի սահմանն անմիջապես բացվի»: «Հարաբերությունները զգայական կողմեր ևս ունեն. փակ սահմանն ու 1915 թվականի իրադարձությունները... Այսքան մոտ ենք, սակայն անջատված»,- ասել է Գյուլսին Հարմանը:

«Շատ եմ ազդվել 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին երրորդ և չորրորդ սերունդներից լսելիս: Առանց այնտեղ գնալու անհնար է հասկանալ մարդկանց»,- ասել է Սերգյուլ Թաշդեմիրը` ընդգծելով, որ իր համար այսուհետ Հայաստանն ուրիշ իմաստ է կրելու:

«Ռադիկալ»-ի թղթակից Մեսութ Հասան Բենլին, ում համար այցը չափազանց տպավորիչ է եղել, պատմել է, որ Հայաստանում հանդիպել է շատերին, «ում պապերը Անատոլիայի այս կամ այն քաղաքից են եղել»: «Այս վիճակը մեկ անգամ ևս ցույց տվեց, թե 1915 թվականի դեպքերը որքան ողբերգական են եղել»,- նշել է նա:




Яндекс.Метрика

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ