ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի մարզում նոյեմբերի 28-ին տեղի կունենա ԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի կառավարող մարմինների եւ հերթապահ ուժերի ընդգրկուն վարժանք, կփորձարկվի տեխնիկայի կիրառումն ինքնաթիռի առեւանգման դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, լրագրողներին հաղորդել Է ՌԴ-ի պաշտպանության նախարարության օդատիեզերական պաշտպանության զորքերի պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Ալեքսեյ Զոլոտուխինը:
ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգն ստեղծվել Է Համագործակցության տասը երկրների համաձայնագրի հիման վրա, որն ստորագրվել Է 1995 թվականին Ալմաթիում: Դրա մեջ մտել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը եւ Ուկրաինան: Մասնակիցներ չեն Ադրբեջանը, Վրաստանը եւ Մոլդովան:
«Վարժանքի ընթացքում գործի կդրվեն տարբեր մակարդակի ավելի քան 130 հրամանատարական կետեր, շուրջ 160 ռադիոտեխնիկական ստորաբաժանումներ, ճակատային, կործանիչային, բանակային եւ հեռավոր օդուժի շուրջ 100 ինքնաթիռ եւ ուղղաթիռ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի միավորումներից եւ զորամասերից»,- ասել Է Զոլոտուխինը:
Վարժանքին նաեւ կմասնակցեն ռադիոտեխնիկական զորքերի եւ զենիթահրթիռային զորքերի այն ստորաբաժանումները, որոնք հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի կազմի համար տրամադրվել են հիշյալ պետություններից: