Հայաստանը պետք է օգտվի գերտերություններում նախագահական ընտրություններից. Լեւոն Շիրինյան
15:25, 26 Նոյեմբեր, 2011ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կախված է Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության կամքից: Լրագրողների հետ հանդիպմանը նոյեմբերի 26-ին նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը' հավելելով, որ Հայաստանը պետք է օգտվի գերտերություններում նախագահական ընտրություններից' ընդլայնելով օրակարգը: «Հայոց ցեղասպանության հարցի հետ մեկտեղ առաջ քաշել Լեռնային Ղարաբաղի ճանաչման ու Հայաստանի անվտանգության շեմի բարձրացման հարցը, քանի որ բարոյականոթյան չափաբաժինը բարձրանում է այն ժամանակ, երբ գերիշխում է քաղաքական շահը»,- համոզված է քաղաքագետը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նախագիծը ֆրանսիական Սենատի օրակարգ վերադարձնելուն' Շիրինյանը կարծիք հայտնեց, որ այն այս անգամ եւս չի հաստատվի: «Ֆրանսիայի իշխանությունը, հարցն օրակարգ մտցնելով, բավարարում է ֆրանսահայերի պահանջները, մյուս կողմից' ակտիվացնում թուրքերին: Արդյունքում, երկու կողմերն էլ փորձելու են դեպի իրենց ձգել Ֆրանսիան, որի արդյունքում շահում է միայն վերջինս»,- նշեց նա:
Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության անդամ սենատոր Ֆիլիպ Կալտենբախի ջանքերով, ով հայկական արմատներ ունի, Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը կրկին մտցվել է Ֆրանսիայի Սենատի օրակարգ: Այս տարվա մայիսի 4-ին Ֆրանսիայի Սենատի կողմից 196 «դեմ», 74 «կողմ» ձայներով Օսմանյան կայսրությունում անցյալ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի նախագիծ մերժվել էր:
Դիտվել է 385 անգամ

Ֆոտոհոսք
RSS
