Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ներքաղաքական նոր զարգացումներ Ռուսաստանում

Ներքաղաքական նոր զարգացումներ Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2011 թ. սեպտեմբերի 24-ին «Միասնական Ռուսաստան» կուսակցության համագումարում պատասխան տրվեց վերջին երեք տարիների ընթացքում ռուսական ներքաղաքական զարգացումների, թերեւս, ամենակարեւոր հարցին: Նախագահ Դ. Մեդեվեդեւը հայտարարեց, որ 2012 թ. գարնանը նախատեսված նախագահական ընտրություններում իշխող կուսակցությունն առաջադրելու է վարչապետ, նախկին նախագահ Վ. Պուտինի թեկնածությունը: Պուտինն իր հերթին Մեդվեդեւին առաջարկեց նախագահական ընտրություններից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Երկու առաջարկներն էլ արժանացան համագումարի մասնակիցների միաձայն հավանությանը:

Հարկ է նշել, որ վերջին ամիսներին թե զանգվածային լրատվության միջոցներում, թե վերլուծական-փորձագիտական շրջանակներում ակտիվորեն քննարկվում էին Կրեմլ վերադառնալու Պուտինի հնարավորությունները: Շատերն էին պնդում, որ վարչապետի ներքաղաքական ակտիվ գործունեությունը' առաջին հերթին «Համաժողովրդական ռուսաստանյան ճակատի» ստեղծումը, վկայում է Պուտինի' 2012 թ. նախագահ ընտրվելու մտադրության մասին: Ակնհայտ է, որ սեպտեմբերի 24-ի զարգացումներն անակնկալ չէին ռուսական ներքաղաքական կյանքին ուշադիր հետեւողների համար: Միեւնույն ժամանակ, զգալի հետաքրքություն է ներկայացնում այն հարցը, թե 2012 թ. գարնանից հետո Ռուսաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը կենթարկվի արդյոք էական փոփոխությունների: Իհարկե, չի կարելի միանշանակ պնդել, որ Պուտին վարչապետը որեւէ դերակատարություն չուներ արտաքին քաղաքական ոլորտում եւ Մեդվեդեւը լրիվ ինքնուրույն քաղաքականություն էր իրականացնում, միեւնույն ժամանակ գործող նախագահն էլ անմիջականորեն ներգրավված էր տնտեսական խնդիրների լուծման գործում, եւ այս տրամաբանության շրջանակներում Ռուսաստանում էական փոփոխություններ չեն սպասվում:

Սակայն վերոհիշյալ համագումարից ընդամենը երկու օր անց հրաժարական տվեց Ռուսաստանի ֆինանսների նախարար, փոխվարչապետ Ա. Կուդրինը: Վերջին ամիսների ընթացքում Կուդրինը մի քանի անգամ բանավեճի մեջ էր մտել Մեդվեդեւի հետ' տնտեսական քաղաքականության մի շարք խնդիրների առնչությամբ: Կուդրինը վայելում էր Պուտինի լիակատար աջակցությունը, եւ որոշ արեւմտյան վերլուծաբաններ անգամ պնդում էին, որ Պուտինի նախագահ դառնալու դեպքում վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Կուդրինը, իսկ Մեդվեդեւ ին սփոփիչ այլ պաշտոն կառաջարկեն: Կուդրինի հրաժարականը վկայում է Մեդվեդեւի' նոր կառավարությունում վստահելի թիմ ձեւավորելու հաստատակամության մասին:

Ֆինանսների նախարարի հրաժարականը կարող է հանգեցնել տնտեսական քաղաքականության որոշակի փոփոխությունների, ինչը անկանխատեսելի հետեւանքներ կունենա տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի սպառնալիքի առջեւ կանգնած Ռուսաստանի տնտեսության համար: Կուդրինի հրաժարականը միաժամանակ ապացուցում է, որ ռուսական քաղաքական վերնախավում ոչ բոլորն են համաձայն Մեդվեդեւի' վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հետ, ինչը մի շարք վերլուծաբանների հիմք է տալիս ենթադրելու, որ Մեդվեդեւը կլինի անցումային վարչապետ առավելագույնը մեկ տարի պաշտոնավարմամբ, որից հետո վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Պուտինի վստահությունը վայելող այլ գործիչ:

Միեւնույն ժամանակ, եթե Մեդվեդեւի ապագա պաշտոնավորւմը որպես վարչապետ ոչ միանշանակ է ընդունվել քաղաքական վերնախավում, ապա Պուտինի վերադարձը Կրեմլ կարծես թե արժանացել է վերնախավի գրեթե միահամուռ հավանությանը: Մի շարք վերլուծաբաններ գտնում են, որ Մեդվեդեւը չափից ավելի արեւմտամետի համարում ուներ, որը չորս տարիների ընաքցում որոշ չափով կորցրել է Պուտինի օրոք արտաքին քաղաքականության բնագավառում Ռուսաստանի ձեռքբերումները, եւ Պուտինի վերադարձը խորհրդանշում է ավելի ագրեսիվ Ռուսաստանի վերադարձ, որն ի վիճակի է պաշտպանել Ռուսաստանի շահերը: Այս առնչությամբ շատերը Մեդվեդեւին են մեղադրում Իրանին հակաօդային պաշտպանության համակարգեր վաճառելու գործարքը չեղյալ հայտարարելու, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լիբիայի դեմ զինված ուժի կիրառում նախատեսող բանաձեւի ընդունման ժամանակ վետոյի իրավունքից հրաժարվելու եւ նմանատիպ մի շարք այլ քայլերի համար:

Հարավկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի կողմից իրականացվող քաղաքականության համատեքստում եւս Պուտինի վերադարձը Կրեմլ կարող է հանգեցնել որոշ, թեեւ ոչ էական փոփոխությունների: Եթե Վրաստանի հետ հարաբերություններում տեղաշարժերի արձանագրումը քիչ հավանական է, քանի դեռ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Մ. Սաակաշվիլին, ապա Ադրբեջանի հետ հարաբերություններում Պուտինը կարող է ավելի կոշտ դիրքորոշում զբաղեցնել' հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը ակտիվորեն փորձում է հաստատվել արեւելաեվրոպական եւ ուկրաինական գազի շուկայում, որը ավանդաբար համարվում է «Գազպրոմի» տիրույթը: Ներկայումս ակտիվորեն քննարկվում է Ադրբեջան – Վրաստան նոր գազամուղի, ինչպես նաեւ Վրաստանի ծովափնյա քաղաքներից մեկում գազային տերմինալի կառուցման խնդիրը, ինչը հնարավորություն կտա հեղուկացնել ադրբեջանական գազը եւ Սեւ ծովով այն առաքել դեպի Ռումինիա եւ Ուկրաինա: Այս երթուղին հնարավորություն կտա Ադրբեջանին շրջանցել թե Ռուսաստանի, թե Թուրքիայի տարածքը եւ միաժամանակ նվազեցնել Ուկրաինայի կախումը ռուսական գազից, ինչը, հաշվի առնելով երկու երկրների լարված հարաբերությունները գազի խնդրում, կարեւոր նշանակություն ունի պաշտոնական Կիեւի համար: Այս զարգացումները չեն կարող գոհացնել Ռուսաստանին եւ պրագմատիկ գործիչի համարում ունեցող Պուտինը, ամենայն հավանականությամբ, կփորձի կանխել դեպքերի նման ընթացքը' այդ թվում Ադրբեջանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրելու ճանապարհով:

Ինչ վերաբերում է հայ – ռուսական հարաբերություններին, ապա այստեղ տեսանելի փոփոխություններ դժվար թե լինեն: Ռուսաստանն արդեն ներգրավված Է Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում, եւ այս միտումը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի: Ինչ վերաբերում է Ռուսաստանի օգնությամբ Հայաստանում ներդրումային խոշոր ծրագրերի' նոր ատոմակայանի շինարարություն, Հայաստան – Իրան երկաթուղու կառուցում, իրականացմանը, ապա այստեղ եւս առաջնային նշանակություն ունեն տնտեսական շահերը: Երկու դեպքում էլ Ռուսաստանը կներգրավվի նշված ծրագրերում միայն դրանց տնտեսապես հիմնավորվածության եւ շահավետության դեպքում:

Ղարաբաղյան խնդրում կարելի է սպասել ռուսական միջնորդական ջանքերի ակտիվության թուլացմանը: Քիչ հավանական է, որ Պուտինը կշարունակի եռակողմ հանդիպումների Մեդվեդեւի կողմից նախաձեռնված շարքը, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ 2012-2013 թթ. թե Հայաստանում եւ թե Ադրբեջանում նախատեսված են համապետական ընտրություններ: Ղարաբաղի հարցում միջնորդական ջանքերի ակտիվություն կարելի է սպասել, թերեւս, 2013 թ. ավարտին:

Բենիամին Պողոսյան

 Պատմական գիտությունների թեկնածու,

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անդամ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am