Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նոր զարգացումներ` ԱՄՆ - Իրաք հարաբերություններում

Նոր զարգացումներ` ԱՄՆ - Իրաք հարաբերություններում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2008 թ. նոյեմբերի 17-ին Իրաքում ԱՄՆ-ի դեսպանը եւ Իրաքի արտաքին գործերի նախարարը ստորագրեցին համաձայնագիր, որը նախատեսում էր ամերիկյան զինված ուժերի ամբողջական դուրսբերում Իրաքից մինչեւ 2011 թ. ավարտը: 2008 թ. նոյեմբերի 27-ին համաձայնագիրը վավերացվեց Իրաքի խորհրդարանի, իսկ դեկտեմբերի սկզբին' Իրաքի նախագահական խորհրդի կողմից: Փաստորեն, Բուշ կրտսերի վարչակազմն իշխանության վերջին ամիսներին իրականացրեց արդեն նախագահ ընտրված, սակայն դեռեւս պաշտոնը չստանձնած Բարաք Օբամայի հիմնական խոստումներից մեկը' մի քանի տարվա ընթացքում ամբողջությամբ դուրս բերել զորքերը Իրաքից: Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Օբաման մի քանի անգամ հայտարարեց համաձայնագրի դրույթները իրականացնելու մտադրության մասին' նշելով, որ ԱՄՆ-ը ահաբեկչության դեմ պայքարի հիմնական թատերաբեմ է համարում Պակիստանն ու Աֆղանստանը‎ եւ մտադիր է Իրաքից դուրս բերվող զորքերի հաշվին ուժեղացնել ամերիկյան զորամիավորումները նշված պետություններում:

Ամերիկյան իշխանություններն աստիճանաբար իրականացնում են զորքերի դուրսբերման ծրագիրը եւ ներկայում Իրաքում ամերիկյան ուժերի թիվը շուրջ 46.000 է, մինչդեռ 2007 թ. դրանց թիվը հասնում էր 166.000 –ի: Միեւնույն ժամանակ վերջին ամիսների ընթացքում ամերիկյան քաղաքական եւ զինվորական վերնախավում ակտիվորեն քննարկվում է կնքված համաձայնագրի պայմանները փոփոխելու եւ ամերիկյան շուրջ 10.000-անոց զորամիավորման Իրաքում տեղակայման հնարավորությունը նաեւ 2011 թ. հետո ընկած ժամանակահատվածում:

Միեւնույն ժամանակ, ամերիկյան կողմը փորձեր է կատարում ճնշում գործադրել Իրաքի իշխանությունների վրա' հասնելու համար նրանց կողմից համաձայնագրի պայմանների փոփոխման առաջարկի ստացմանը' նպատակ ունենալով ամերիկյան ուժերի հնարավոր երկարաժամկետ տեղակայումը Իրաքում բացատրել այդ պետության խնդրանքը չմերժելու ցանկությամբ: 2011 թ. ապրիլին ամերիկյան շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ ադմիրալ Մայքլ Մալենը Իրաքի վարչապետ Նուրի Ալ Մալիկիին զգուշացրել է, որ եթե Իրաքի իշխանությունները ցանկանում են ամերիկյան զորքերի որոշակի հատվածի տեղակայումը Իրաքում նաեւ ընթացիկ տարվա ավարտից հետո, ապա նրանք պետք է կոնկրետ առաջարկներ ներկայացնեն ամերիկյան կողմին, հակառակ պարագայում ԱՄՆ-ի համար շատ դժվար կլինի իրականացնել իրաքյան կողմի այդ խնդրանքը:

Իրաքի իշխանությունները եւս միասնական դիրքորոշում չունեն այս խնդրում: Որոշ ուժեր հակված են ընդունել ամերիկյան կողմի այս առաջարկը, քանի որ նրանք ենթադրում են, որ ամերիկյան ուժերի ամբողջական դուրս բերումը Իրաքից կարող է նոր անկայունության եւ անգամ լայնածավալ ռազմական բախումների պատճառ դառնալ:

Այս խնդրում առավել շահագրգռված կողմ է Իրաքի քրդական համայնքը, որը ամերիկացիների հիմնական դաշնակիցն է եւ զգալիորեն ամրապնդել է դիրքերն Իրաքում Սադդամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո' երկրի հյուսիսում փաստացի անկախ պետական կազմավորում ձեւավորելով: Միեւնույն ժամանակ, երկրի քաղաքական ուժերի մեծ մասը հակված չէ ընդունել այս առաջարկը, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ 2008 թ. նոյեմբերի համաձայնագրի պայմանների փոփոխությունը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից, իսկ նման առաջարկին կողմ քվեարկելը կարող է լրջորեն ազդել բնակչության շրջանում տվյալ ուժերի վարկանիշի վրա: Իրաքի նախագահ, ազգությամբ քուրդ Ջալալ Թալաբանին Իրաքի հիմնական կուսակցություններին կոչ էր արել մինչեւ հուլիսի վերջ համաձայնության հասնել այս խնդրում, սակայն հուլիսին ընթացող քննարկումներն առայժմ անարդյունք են ավարտվել:

Ամերիկյան կողմն այս քայլի անհրաժեշտությունը հիմնավորվում է Իրաքում Իրանի ազդեցության ավելացումը կանխելու ցանկությամբ, ինչն իր հերթին բխում է Իրանի հանդեպ ԱՄՆ-ի աստիճանաբար կոշտացող դիրքորոշմամբ: 2009 թ. Իրանի հետ ուղղակի բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորմանը հասնելու նախագահ Օբամայի փորձերի ձախողումից հետո վերջին մեկ տարվա ընթացքում ամերիկյան իշխանություններն աստիճանաբար ուժեղացնում են ճնշումը Իրանի նկատմամբ: 2010 թ. հունիսին ԱՄՆ-ի ջանքերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող բանաձեւ ընդունեց, միաժամանակ Իրանի դեմ հավելյալ պատժամիջոցներ են կիրառել թե' Եվրամիության եւ թե' ԱՄՆ-ի իշխանությունները: Հերթական պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց 2011 թ. հունիսի վերջին: Ամերիկյան իշխանությունները ենթադրում են, որ Իրաքից ամերիկյան ուժերի ամբողջական դուրսբերումը Իրանը կարող է ընկալել որպես ԱՄՆ-ի թուլության նշան եւ էլ ավելի ակտիվացնել իր ներգրավվածությունը Իրաքում' օգտագործելով նաեւ վարչապետ Նուրի ալ Մալիկիի «Դավաա» կուսակցության հետ սերտ հարաբերությունները:

Իրաքում իրանական ազդեցության ավելացման մասին է վկայում նաեւ այն փաստը, որ ամերիկյան տվյալների համաձայն' այս տարվա հունիսին Իրաքում սպանված տասնհինգ ամերիկյան զինվորներից առնվազն իննի մահվան պատճառ են դարձել Իրանի տարածքից մաքսանենգ ճանապարհով Իրաք ներմուծված պայթուցիկ սարքերը: Միեւնույն ժամանակ, մի շարք փորձագետներ նշում են, որ եթե ավելի քան հարյուր հիսուն հազարանոց ամերիկյան զորախումբը ի վիճակի չէր կանխել Իրանից զենքի մաքսանենգ ներմուծումը Իրաք, ապա դժվար է ենթադրել, որ ընդամենը տասհազարանոց ամերիկյան ուժերը կկարողանան հաջողության հասնել այդ հարցում եւ վերահսկել շուրջ հազար չորս հարյուր կիլոմետր երկարությամբ իրանա-իրաքյան սահմանը: Տվյալ փորձագետները նշում են, որ շատ ավելի փոքրաթիվ ամերիկյան զորախումբը բավականին հեշտ թիրախ կարող է դառնալ Իրանի կողմից հովանավորվող տարբեր խմբավորումների համար, ինչը կարող է հանգեցնել ամերիկյան զինուժի շրջանում կորուստների թվի կտրուկ ավելացմանը: Իրանի ազդեցության ավելացման կանխումն առավել մեծ հաջողությամբ կարող են իրականացնել Իրաքում տեղակայված ամերիկյան մեծաթիվ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: Ամերիկյան պետդեպարտամենտը ծրագրում է Իրաքում շուրջ տասնյոթ հազար քաղաքացիական աշխատակիցներ տեղակայել, որոնցից առնվազն հինգ հազարը լինելու են անվտանգության ապահովմանը միտված մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ: Միաժամանակ ակնհայտ է, որ Իրան-Իրաք հարաբերություններում շատ բան կախված է պաշտոնական Բաղդադի դիրքորոշումից, եւ այս հարցում ամերիկյան զինված ուժերի ներկայությունը վճռորոշ նշանակություն ունենալ չի կարող:

Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման հաստատված ծրագրից հրաժարումը կարող է նաեւ զգալի ներքաղաքական հետեւանքներ ունենալ: ԱՄՆ-ում, փաստորեն, արդեն մեկնարկել է 2012 թ. նախագահական ընտրարշավը: Գործող նախագահ Բարաք Օբաման միշտ էլ հանդես է եկել Իրաք ներխուժման դեմ եւ կոչ է արել հնարավորինս արագ դուրս բերել ամերիկյան ուժերն Իրաքից: Այս մոտեցումից հրաժարումը կարող է լուրջ ազդեցություն թողնել Օբամայի վարկանիշի վրա, որն արդեն անկում է արձանագրել տնտեսական ճգնաժամի, Լիբիայում ռազմական գործողությունների եւ ամերիկյան աճող պարտքի պատճառով:

 

Բենիամին Պողոսյան

 Պատմական գիտությունների թեկնածու,

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անդամ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am