Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օբամայի վարչակազմը կոշտացնում է դիրքորոշումը Սիրիայի նկատմամբ

Օբամայի վարչակազմը կոշտացնում է դիրքորոշումը Սիրիայի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա մարտից Սիրիայում ընթացող հակակառավարական ելույթներն էական փոփոխություններ առաջ բերեցին ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ ուժային կենտրոնների' Սիրիայի նկատմամբ իրականացվող քաղաքականության մեջ: Դա նախեւառաջ վերաբերում է Բարակ Օբամայի վարչակազմին: Իշխանության գալով Մերձավոր Արեւելքում Բուշ Կրտսերի ագրեսիվ քաղաքականությունը արմատապես վերանայելու խոստումներով' ամերիկյան նոր վարչակազմը փորձեց կարգավորել հարաբերությունները ԱՄՆ-ի երկու հիմնական հակառակորդների' Իրանի եւ Սիրիայի հետ: Պաշտոնական Թեհրանի հետ սկսված շփումները դադարեցին արդեն 2009 թ-ի վերջին, երբ Իրանը մերժեց միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԵ-ի ներկայացրած առաջարկը: 2010 թ. սկզբից Օբամայի վարչակազմը ձեռնամուխ եղավ Իրանի դեմ ճնշման ուժեղացմանը:

Սիրիայի հետ հարաբերությունների բարելավման քաղաքականությունն ավելի երկար կյանք ունեցավ: 2009-2010 թթ. ընթացքում Սիրիա այցելեցին ամերիկյան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, հարաբերությունների որոշակի նորմալացման մասին էր վկայում նաեւ այն հանգամանքը, որ 2005 թ. Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից ի վեր Սիրիայում ԱՄՆ-ի դեսպանի թափուր մնացած պաշտոնում 2011 թ. հունվարին նշանակվեց Ռոբերտ Ֆորդը: ԱՄՆ-ի քաղաքականության հիմնական նպատակն էր աստիճանաբար դուրս բերել Սիրիային Իրանի ազդեցության շրջանակից, նպաստել Իսրայելի եւ Սիրիայի միջեւ բանակցությունների վերսկսմանը, ինչպես նաեւ առնվազն նվազեցնել պաղեստինյան ծայրահեղական կազմակերպություններին Սիրիայի կողմից ցուցաբերվող օժանդակությունը: Պատահական չէ այն հանգամանքը, որ Սիրիայում բողոքի գործողությունների մեկնարկին ամերիկյան արձագանքը բավականաչափ զուսպ էր, իսկ մարտի վերջին ամերիկյան ՍԻ-ԲԻ-ԷՍ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ը մտադիր չէ միջամտել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին' նշելով, որ չի կարելի համեմատություն անցկացնել Լիբիայի եւ Սիրիայի միջեւ: Քլինթոնը նաեւ նշեց, որ թե' դեմոկրատական եւ թե' հանրապետական կուսակցության ղեկավար շրջանակները կարծում են, որ Սիրիայի գործող նախագահը հակված է բարեփոխումների իրականացման, եւ այդ խնդրում Սիրիան կարող է հաջողություններ արձանագրել:

Նույնիսկ այն բանից հետո, երբ ապրիլի վերջին նախագահ Բ.Օբաման Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու որոշում կայացրեց, ԱՄՆ-Սիրիա հարաբերությունները դեռեւս հեռու էին վերջնական խզումից, եւ ամերիկյան իշխանությունները շարունակում էին կոչ անել Սիրիայի նախագահին ձեռնամուխ լինել իրական բարեփոխումների իրականացմանը, ինչը թույլ կտար թուլացնել երկրում տիրող լարվածությունը: ԱՄՆ-ի տվյալ քաղաքականությունը մասամբ պայմանավորված էր նաեւ տարածաշրջանում Իսրայելի շահերի պաշտպանության ցանկությամբ: Չնայած Սիրիան համարվում է պաղեստինյան ծայրահեղական կազմակերպություններին ակտիվ օժանդակություն ցուցաբերող պետություն, այնուամենայնիվ, Սիրիայի իշխող վարչակարգը որոշակի կայունության երաշխիք է Իսրայելի համար: Վերջին քսանհինգ տարիների ընթացքում իսրայելա-սիրիական սահմանի երկայնքով որեւէ լուրջ միջադեպ չէր արձանագրվել: Հաշվի առնելով հատկապես Եգիպտոսում Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո տիրող անկայուն վիճակը, այդ երկրում գնալով ուժեղացող հակաիսրայելական տրամադրությունները եւ Իսրայելի հետ կնքված խաղաղության պայմանագրի վերանայման կոչերը' անկայունության նոր օջախի առաջացումը Իսրայելի սահմանակից շրջաններում հակասում էր Իսրայելի ռազմավարական շահերին:

Ամենայն հավանականությամբ, Սիրիայի իշխանություններին բարեփոխումների մղելու գործում ԱՄՆ-ը որոշել էր հիմնականում հենվել Թուրքիայի վրա' հաշվի առնելով վերջին տարիներին զգալիորեն բարելավված թուրք-սիրիական հարաբերությունները: Սիրիայի նախագահին ուղղված' բարեփոխումներ իրականացնելու թուրքական իշխանությունների կոչերը արժանանում էին առնվազն ամերիկյան կողմի անուղղակի աջակցությանը:

Սակայն Սիրիայում աստիճանաբար ուժեղացող հակակառավարական հուզումները մի շարք բարեփոխումների իրականացման ճանապարհով (աշխատավարձերի բարձրացում, կառավարության փոփոխություն, էթնիկ քրդերին քաղաքացիության շնորհում, բազմակուսակցական համակարգի հիմնում) մեղմելու սիրիական իշխանությունների քայլերի ոչ բավարար արդյունավետությունը աստիճանաբար հարկադրեցին ամերիկյան իշխանություններին կոշտացնել դիրքորոշումը Սիրիայի իշխող վարչակազմի նկատմամբ: Դրան նպաստեց նաեւ Թուրքիայի ջանքերի օգնությամբ իրավիճակի կարգավորման փորձերի փաստացի ձախողումը: 2011 թ. օգոստոսի իննին Դամասկոս կատարած այցելության ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հերթական անգամ կոչ արեց Սիրիայի իշխանություններին երկրում բարեփոխումներ անցկացնել եւ դադարեցնել բողոքի գործողությունների մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումը: Ամերիկյան եւ թուրքական իշխանությունների փոխհամաձայնեցված գործողությունների մասին է վկայում նաեւ այն փաստը, որ հանդիպումից առաջ Թուրքիայի արտգործնախարարի հետ հեռախոսազրույց էր ունեցել Հիլարի Քլինթոնը, իսկ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը հանդիպել էր վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալինի հետ: Սակայն Դավութօղլուի այցից հետո էլ Սիրիայում շարունակվեցին բախումները բողոքի գործողությունների մասնակիցների եւ Սիրիայի ուժային կառույցների միջեւ: Ստեղծված իրավիճակում օգոստոսի 18-ին Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ-ի նախագահ Բ.Օբաման: Շեշտելով այն հանգամանքը, որը Սիրիայի ժողովուրդը արժանի է ազատության եւ ժողովրդավարության' Օբաման նշեց, որ Սիրիայի գործող նախագահն այդ երկրում դեպի ժողովրդավարություն անցումն իրականացնելու խնդրում հիմնական խոչընդոտն է, եւ նա պետք է հրաժարական տա:

Օբաման նաեւ հայտարարեց, որ ԱՄՆ-ը մտադիր չէ միջամտել այդ գործընթացին, սակայն նա կուժեղացնի ճնշումը Բաշար ալ Ասադի նկատմամբ, որպեսզի հասնի վերջինիս հրաժարականին: Նույն օրը ԱՄՆ-ի նախագահը Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող որոշում ընդունեց' այդ թվում' արգելելով ամերիկյան ցանկացած ներդրում Սիրիայում, ինչպես նաեւ Սիրիայից բենզինի ներմուծումը ԱՄՆ: Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ ԱՄՆ-ն ազդեցության սահմանափակ լծակներ ունի Սիրիայի իշխանությունների նկատմամբ: Տնտեսական պատժամիջոցները կարող են որոշակի վնաս հասցնել Սիրիայի տնտեսությանը, սակայն ինչպես ցույց տվեց Իրաքի օրինակը, Սադամ Հուսեյնի վարչակազմն ավելի քան տասը տարի կարողացավ պահպանել իր իշխանությունը շատ ավելի խիստ պատժամիջոցների պայմաններում, որոնք կիրառվում էին ոչ միայն ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների, այլեւ ՄԱԿ-ի անդամ գրեթե բոլոր պետությունների կողմից: Սիրիայի դեմ առավել գործուն միջոցներից մեկը զինված ուժի կիրառումն է, սակայն հաշվի առնելով Ա‎ֆղանստանում աստիճանաբար վատթարացող իրավիճակը, Լիբիայում ընթացող ռազմական գործողությունները եւ Իրաքում ԱՄՆ-ի զինված ուժերի դուրսբերման վերջնաժամկետի հնարավոր երկարաձգումը, ռազմական ուժի կիրառումը գրեթե անհավանական է: Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը կփորձի գաղտնի շփումներ հաստատել Ասադի վարչակազմի հիմնական հենարանների' երկրի ուժային կառույցների ղեկավարության եւ ալաուի-ալեւի փոքրամասնության ներկայացուցիչների հետ' վերջիններիս փորձելով երաշխիքներ տրամադրել, որ գործող վարչակազմի տապալումից հետո նրանց իրավունքները Սիրիայում կպահպանվեն: Այնուամենայնիվ, նմանատիպ քայլերի արդյունավետ իրականացումը որոշակի ժամանակ է պահանջում, ինչը նշանակում է, որ կարճաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ի դիրքրոոշման կոշտացումը էական ազդեցություն չի ունենա Սիրիայում ընթացող գործընթացների վրա: Չնայած այն հանգամանքին, որ Բաշար ալ Ասադը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին օգոստոսի 18-ին հավաստիացրել էր, որ ռազմական գործողությունները դադարեցվել են, օգոստոսի 19-ին եւ 20-ին բախումները Սիրիայի մի շարք քաղաքներում շարունակվել են:

Բենիամին Պողոսյան

Պատմական գիտությունների թեկնածու

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անդամ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]