Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարության եւ Զինված ուժերի փոխհարաբերությունների զարգացումները` Թուրքիայում

Կառավարության եւ Զինված ուժերի փոխհարաբերությունների զարգացումները` Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիս 29-ին Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը' Իշիք Քոշաները, հրաժարական տվեց: Թուրքիայի երրորդ Հանրապետության պատմության մեջ բարձրագույն զինվորական պաշտոնյայի հրաժարական վերջին անգամ տեղի էր ունեցել 1990 թ. նոյեմբերին: Քոշաների քայլին հաջորդեցին ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի հրամանատարների հրաժարականների դիմումները: Թեեւ որպես հրաժարականների պատճառ մատնանշվում էր ընթացող աղմկահարույց դատավարություններում բարձրագույն ու միջին սպայական կազմի նկատմամբ ցուցաբերվող ոչ իրավաչափ ու ոչ պատշաճ վերաբերմունքը, սակայն իրական հրաժարականի պատճառներն ավելի խորքային էին:

Հրաժարական ներկայացրած բարձրաստիճան զինվորականներն օգոստոսի 1-4-ն անցկացված Բարձրագույն ռազմական խորհրդի նիստի ընթացքում փոխարինվեցին նորերով, իսկ Գլխավոր շտաբի պետ նշանակվեց Նեջդեթ Օզելը' մինչեւ հուլիսի 29-ը Ժանդարմերիայի զորքերի հրամանատարը: Իրադարձությունների նման ընթացքը մի շարք կասկածներ առաջ բերեց Թուրքիայի ընդդիմության եւ քաղաքագիտական-վերլուծական շրջանակներում: Ընդդիմությունը կառավարությանը մեղադրեց քաղաքական ճգնաժամ հրահրելու եւ ոչ թափանցիկ գործելաոճի համար, իսկ վերլուծական շրջանակները շտապեցին կարծիքներ հայտնել, որ Էրդողանը վերջնականապես իրեն ենթարկեց տասնամյակներ շարունակ քաղաքացիական իշխանություններին չհնազանդվող զինվորականներին:

Հասկանալու համար վերջին զարգացումների պատճառները տեղին է հետահայած կերպով վերլուծել 2002 թ. ի վեր կառավարող ԱԶԿ-ի եւ ԶՈւ-ի փոխհարաբերությունների դինամիկան:

Վերջին 10 տարիների ընթացքում արտաքին գործոնների ճնշման ու ներհասարակական կարգավորիչ մեխանիզմների ներուժի մեծացման ներքո ԶՈւ-ն ու անվտանգության համակարգը ենթարկվեցին աննախադեպ ծավալային ու բովանդակային կերպափոխումների: 1999 թ. ի վեր, երբ Թուրքիային շնորհվեց ԵՄ-ի անդամության թեկնածու երկրի կարգավիճակ, ԶՈւ-ի ու անվտանգության համակարգի այլ բաղադրիչների բարեփոխումների, դրանց նկատմամբ քաղաքացիական ժողովրդավարական վերահսկողության պահանջ առաջացավ, որը համարվեց էական ու առաջնային պայման Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացը սահուն կերպով ուղղորդելու համար: ԵՄ-ի այս պահանջը քաղաքական առումով համընկավ 2002 թ. իշխանության եկած ԱԶԿ-ի քաղաքական պլատֆորմի հետ, որը ձգտում էր նվազեցնել քաղաքական գործընթացներում ԶՈւ-ի ներգրավումը: Հենվելով արտաքին ճնշումների, գործոնների ու ազդակների վրա' ԱԶԿ-ն հնարավորություն ստացավ օգտագործել տրամադրված հնարավորությունը եւ մինչեւ 2006 թ. ընդունված օրենսդրական բարեփոխումների 9 փաթեթների շնորհիվ քայլ առ քայլ նվազեցրեց ԶՈւ-ի աննախադեպ դերակատարումն ու ազդեցությունը ներքաղաքական գործընթացներում:

Ավելին, ստեղծվեց նաեւ հանրային ներգրավման արշավ եւ քաղաքացիական հասարակության տարբեր օղակներ ներգրավվեցին այդ գործընթացում վերահսկելու կամ բարձրաձայնելու համար այն անօրինականությունները, որոնք թույլ են տրվել ԶՈւ-ի կողմից: 2010 թ. սեպտեմբերի 12-ի հանրաքվեով ընդունված փոփոխությունները հնարավորություն տվեցին ԶՈւ-ի ղեկավարության կամ բարձրաստիճան գեներալների կողմից նախկինում տեղ գտած քաղաքական մասնակցության դրսեւորումները ենթարկել դատական հետապնդման:

Վերջին տարիների ընթացքում բարձրաստիճան զինվորականների նկատմամբ սկիզբ առած դատավարությունների շղթան, որոնք կապված էին աղմկահարույց «Էրգենեքոն» եւ «Մեծ մուրճ» գործընթացների հետ, զգալիորեն ազդեցին ԶՈւ-ի հեղինակության վրա: Վերջինիս ղեկավարները քաջ գիտակցում էին, որ հեղինակության նման անկումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ նաեւ երկրում զինվորականության մասնագիտական շահերի վրա: Թերեւս այդ խնդիրը հերթական անգամ բարձրաձայնելուն էին ուղղված ԶՈւ ԳՇ նախկին պետ Իլքեր Բաշբուղի կողմից հունիսի 17-ին արված բավական կարեւոր դիտարկումները, որոնք արտացոլում են ԶՈւ-ում տեղի ունեցող խորքային գործընթացները եւ ակնարկում գալիք հրաժարականների անխուսափելիության մասին: Նրա կողմից առաջ քաշված դրույթների հիմքում արհեստավարժ զինվորականության հիմքերի խաթարման անթույլատրելիությունն է եւ զինվորականության նկատմամբ «առարկայական քաղաքացիական վերահսկողության» համադրումը: Ուշագրավ է, որ Բաշբուղը' որպես ԳՇ-ի նախկին պետ, առաջին անգամ խոսում է պաշտպանական դիրքերից եւ ակնարկում, որ «միջամտությունը բանակի գործերում խարխլում է զինվորականների արհեստավարժությունը»: Նա նաեւ նշում է, որ բանակին հարկավոր է ինքնավարություն շնորհել, որ կբերի քաղաքականապես չեզոք ու քաղաքացիական իշխանություններին ենթակա արհեստավարժ բանակի կառուցմանը:

Այս ուշագրավ ելույթը ցույց է տալիս, որ բանակի ղեկավարությունն ունի որոշակի պատրաստակամություն' աջակցելու իշխանություններին ապագա օրենսդրական բարեփոխումների հարցում' միեւնույն ժամանակ ձգտելով սեփական ձեռքերով գծել գործունեության նախապատվելի սահմանները:

ԱԶԿ-ի իշխանության տարիներին Թուրքիայում պաշտոնավարել են ԶՈւ ԳՇ չորս ղեկավարներ (Օզքյոք, Բույուքանըթ, Բաշբուղ, Քոշաներ), որոնցից երեքի հետ Էրդողանը կարողացավ կառուցել տանելի հարաբերություններ: Այլ էին փոխընկալումները Բույուքանըթի հետ հարաբերություննեում, որի անմիջական նախաձեռնությամբ 2007 թ. ապրիլի 27-ին հրապարակվեց «էլեկտրոնային հռչակագիրը», որի նպատակն էր Էրդողանին հեռու պահել նախագահի պաշտոնում Գյուլի թեկնածությունը պաշտպանելու գաղափարից: Բույուքանըթի նախաձեռնությունը անհաջողություն կրեց եւ բացասական ազդեցություն ունեցավ ԶՈւ-ի հեղինակության վրա: 2007 թ. հուլիսի 22-ի ընտրություններում ԱԶԿ-ին տրված վստահության քվեն աճեց: «Միլիեթ»-ի մեկնաբան Հասան Ջեմալի խոսքով' գեներալների ապրիլի 27-ի հռչակագրին «ժողովուրդը պատասխանեց իր հռչակագրով» եւ ԱԶԿ-ին տված վստահության քվեով ցույց տվեց, որ «չեն ցանկանում բեւեռացում»: Օզքյոքի դիրքորոշումը Էրդողանի կառավարության հարցում ունեցավ դրական հետեւանք բանակը քաղաքականությունից հեռու պահելու գործում: Դրա մասին են վկայում «Էրգենեքոն»-ի գործով ի հայտ եկած փաստերը, որոնք հաստատում են, որ Օզքյոքը բացասական վերաբերմունք է ունեցել ԱԶԿ-ն բռնի միջոցով իշխանությունից հեռացնելու գործում շահագրգռված բարձրագույն սպայական կազմի նկատմամբ: Ավելին, դեռ 2003 թ. հունվարին, երբ ԱԶԿ-ն իշխանության ղեկը ստանձնել էր ընդամենը երկու ամիս առաջ, Օզքյոքը հայտարարել էր, որ ԱԶԿ-ի հետ ձեւավորվում են ներդաշնակ հարաբերություններ: ԳՇ պետի նման վերաբերմունքն էր պատճառը, որ բարձրագույն սպայական կազմն Օզքյոքի նկատմամբ ուներ անթաքույց բացասական վերաբերմունք, եւ դա էր պատճառը, որ նրանցից շատերը «հաշվում էին Օզքյոքի վերջին օրերը», երբ 2006 թ. նրան փոխարինելու է գալու առավել արմատական հայացքներով Յաշար Բույուքանըթը: Բաշբուղի եւ Քոշաների օրոք ԱԶԿ-ի հետ հարաբերությունները գտնվում էին փոխադարձ զգուշավորության պայմաններում, քանի որ Բույուքանըթի նախաձեռնած «էլ-հեղաշրջման» փորձի բացասական արձագանքները ԱԶԿ-ն հմտորեն պահում էր քաղաքական օրակարգում' փորձելով բացառել «2007 թ. ապրիլի 27-ի» կրկնության ցանկացած փորձ:

2007 թ. տեղի ունեցած նախընտրական ու հետընտրական գործընթացները, 2008 թ. «Էրգենեքոն»-ի գործով սկսված ձերբակալումները ցույց տվեցին, որ ԶՈւ-ի շարքերում կան երկու ուղղության կողմնակիցներ: Առաջինի համար ԶՈւ-ի մշտական վերահսկողությունը քաղաքացիականների նկատմամբ անքննելի իրողություն էր, եւ նրանց ներկայացուցիչները մշտապես ձգտում են օգտագործել պատեհ առիթը քաղաքացիական իշխանությունների գործունության շրջանակները թեկուզեւ հակաօրինական քայլերով սահմանափակելու ուղղությամբ: Մինչդեռ երկրորդ' չափավոր խմբի դիրքորոշումն առավել կառուցողական էր: Այդ դիրքորոշման շնորհիվ է, որ ԶՈւ-ի բարձրագույն ղեկավարության մի հատվածին չհաջողվեց իրականացնել 2000-ականներին պլանավորված առնվազն երեք ռազմական հեղաշրջման փորձ: Ի տարբերություն Բույուքանըթի' Օզքյոքը, Բաշբուղը եւ Քոշաները չափավոր դիրքորոշման կողմնակիցներ են, ու ներքաղաքական կայունության նրանց պատկերացումներն ունեցել են կարեւոր հետեւանքներ ԶՈւ-քաղաքացիական իշխանություն համագործակցության եզրեր փնտրելու առումներով:

Վերջին 4 տարիների ընթացքում «Էրգենեքոն»-ի գործով եղել են «ձերբակալության 13 ալիքներ», որոնց արդյունքում ձերբակալվեն են ԶՈւ-ի բարձրագույն ու միջին սպայական կազմի, մտավորականության, դատաիրավական համակարգի, լրագրության մի քանի հարյուր ներկայացուցիչներ: Առգրավվել են մեծաքանակ զենք ու զինամթերք, համակարգչային ֆայլեր, որոնք ներառում են կարեւոր ապացույցներ 2000-ականներին զինվորականների պլանավորած գործունեության վերաբերյալ: Հարկ է դիտարկել, որ հանրային կարծիքի հարցումները ցույց են տվել' հասարակության 60 տոկոսը կողմ է բարձրագույն զինվորականության դեմ սկսված զանգվածային ձերբակալումներին:

Թվում է' Օզելի նշանակմամբ ԶՈւ ԳՇ պետի ենթակայության հարցը գտավ իր վերջնական լուծումը. իրականում, այն ապագայում քննարկվելիք սուր խնդիրներից մեկն է, որը կարող է որոշակի լարվածություն առաջացնել ԶՈւ-քաղաքացիական իշխանություններ հարաբերություններում: Վերջին տասնամյակների ընթացքում ԶՈւ ԳՇ պետը առաջարկվում է զինվորականության բարձրագույն խորհրդի, նշանակվում նախագահի կողմից եւ ենթարկվում վարչապետին: Հասկանալիորեն, նախագահի կողմից նշանակվելը եւ վարչապետին ենթարկվելը ընթացակարգային էին, եւ ԳՇ պետը միայն ձեւական էր ենթարկվում այդ ընթացքին: ԵՄ պահանջներից մեկն է, որ ԶՈւ ԳՇ պետը ենթարկվի պաշտպանության նախարարին, ինչին հասկանալիորեն ընդդիմանում են զինվորականության ներկայացուցիչները:

2010 թ. փետրվարին Թուրքիայի կառավարությունը վերացրեց «Հանրային կարգի եւ անվտանգության համագործակցության արձանագրությունը» (EMASYA), որը ԶՈւ ղեկավարությունը կազմել էր 1997 թ. փետրվարյան «թավշյա հեղաշրջումից» հետո, ներքաղաքական սպառնալիքները հսկողության տակ պահելու նպատակով: Այդ փաստաթուղթը ԶՈւ ղեկավարության համար ծառայում էր որպես միջոց քաղաքական գործընթացներում ունեցած միջամտությունն օրինականացնելու եւ քաղաքացիական անձանց հեռախոսների գաղտնալսումներ կազմակերպելու համար: Այնուհանդերձ, այդ Արձանագրության վերացումը ներքաղաքական գործընթացներին ԶՈւ կողմից օգտագործվող հնարավոր խողովակներից ընդամենը մեկն էր, քանի որ գոյություն ունեն մի շարք այլ ենթաօրենսդրական հնարավորություններ, որոնցից կառչելով' բանակը հնարավորություն ունի լեգիտիմացնել իր մասնակցությունը ներքաղաքական գործընթացներին, օրինակ' 1961 թ. ընդունված Թուրքիայի զինված ուժերի «Ներքին ծառայության մասին օրենքի» 35-րդ, «Ներքին ծառայության ուղեցույցի» 85/1 հոդվածները: Այս հոդվածները հստակորեն նշում են, որ Թուրքիայի ԶՈւ պարտականությունն է պաշտպանել հայրենիքը եւ հանրապետությունը, անհրաժեշտության դեպքում անգամ զենքով, ընդդեմ ներքին եւ արտաքին սպառնալիքների:

Իշխանավարության 9 տարիների ընթացքում ԱԶԿ-ին հաջողվեց Թուրքիայի անվտանգության համակարգը աստիճանաբար դնել քաղաքացիական վերահսկողության տակ, եւ դա ընդգրկեց Ազգային անվտանգության խորհրդից մինչեւ Հատուկ դատարանները: Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ԱԶԿ-ն վճռական է տրամադրված ԶՈւ քաղաքական դերակատարման օրենսդրական հիմքերն ամբողջությամբ չեզոքացնելու հարցում, հետեւաբար, տեսանելի ապագայում, հնարավոր են նաեւ վերոհիշյալ երկու հոդվածների փոփոխություններ:

 

Վահրամ Տեր-Մաթեւոսյան

Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու,

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի անդամ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]