Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիայի չորրորդ սահմանադրության հեռանկարները

Թուրքիայի չորրորդ սահմանադրության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր սահմանադրություն ունենալու խնդիրը Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներում քննարկվող ամենատարածված թեման է: Իրականում' 1982 թ. նոյեմբերին' Թուրքիայի երրորդ' գործող սահմանադրության ընդունումից անմիջապես հետո ձախակողմյան շարժումները առաջիններից էին, որ շտապեցին անհամաձայնություն հայտնել զինվորականների հսկողությամբ հեղինակված ու ընդունված սահմանադրության վերաբերյալ' այն համարելով հակադեմոկրատական եւ հակասոցիալական: Տարիներ անց գործող սահմանադրության հասցեին հնչող քննադատություններին ավելացան նաեւ աջակողմյան քաղաքական ուժերը, առավել հզորացած քաղաքացիական հասարակությունը, իսլամականները, ազգային փոքրամասնությունները, ԵՄ-ի պաշտոնյաները, ինչպես նաեւ' առանձին երկրներ: 1980-ական թթ., երբ քաղաքացիական իշխանությունների նկատմամբ զինվորականները սահմանել էին համընդհանուր վերահսկողություն, դժվար էր խոսել նոր սահմանադրություն ունենալու հեռանկարների մասին, փոխարենը, որոշվեց փոփոխել գործող սահմանադրության տարբեր հոդվածները: Արդյունքում' մինչ օրս, 1982 թ. ընդունված Թուրքիայի սահմանադրության 1/3-ը փոփոխվել է, սակայն դեռ գործում են սահմանադրության այն առանցքային-գաղափարախոսական հոդվածները, որոնց վրա հենվում են երկրում ազգայնամոլական ու քեմալական շրջանակները, աշխարհիկ-հանրապետականները, զինվորականներն ու դատաիրավական համակարգի ներկայացուցիչները: Նոր սահմանադրության հետ Թուրքիայում մեծ հույսեր են կապում, քանզի գործընթացներին մասնակիցների ու հասարակ քաղաքացիների պատկերացմամբ նոր սահմանադրությունը կվերացնի գործող մի շարք նորմեր, դրույթներ ու ազատականության սահմանափակումները (խոսքի ու դավանանքի ազատությունը, մշակութային, ինքնության ու լեզվի ազատության խնդիրները եւ այլն): Տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրների լուծումը կապելը բացառապես նոր սահմանադրության հետ եւս իրատեսական չէ: Իհարկե. երկրի հիմնական օրենքը պետք է ապահովի այն հիմնական ուղենիշները, որոնց վրա պետք է հենվեն երկրի կենսագործունեությունը ապահովող իրավահարաբերությունները: Սակայն համապատասխան քաղաքական մթնոլորտի ապահովումը կարեւոր նախապայման է նոր ու ժողովրդավարական սահմանադրության հեղինակման ու ընդունման գործընթացում հաջողության հասնելու համար: Իսկ նման մթնոլորտի ձեւավորման համար Թուրքիայում առկա ներքաղաքական իրավիճակը ամենեւին էլ նպաստավոր չէ:

Թուրքիայի քաղաքական պատմության վերլուծությունը ցույց է տալիս, որ նախորդ եւ ոչ մի սահմանադրության մշակման գործընթացում հանրային քննարկումներ ու քաղաքական երկխոսություն չի եղել: 1924 թ. ընդունված սահմանադրությունը հեղինակվել էր հանրապետության հռչակումից մի քանի ամիս անց եւ այն պայմանավորված էր ներքաղաքական տրամադրություններն ուղղորդելու իրադրության թելադրանքով (1921 թ. Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի կողմից ընդունված Սահմանադրությունը, որը բաղկացած էր ընդամենը 23 հոդվածից, զգալի ազդեցություն է թողել հանրապետության շրջանում ընդունված մայր օրենքների վրա): Այդ սահմանադրությունը' փոփոխություններով հանդերձ, գործեց մինչև 1960 թ., երբ տեղի ունեցավ առաջին ռազմական միջամտությունը: Զինվորականների հեղինակած նոր սահմանադրությունը գործեց մինչեւ 1980 թ.' 19 տարիների ընթացքում կրկին ենթարկվելով մի քանի փոփոխությունների: Այսպիսով, 1924 թ.-ին, 1961 թ.-ին եւ 1982 թ.-ին ընդունված սահմանադրություններն ունեն մեկ ընդհանրություն, դրանք չեն արտացոլել հասարակական խորքային գործընթացներն ու երեւույթները, փոխզիջումային մոտեցումները, գրվել են բացառապես պետության հիմնադիրների ու զինվորականների պատկերացումների շրջանակներում ու վերջիններիս անքննելի հեղինակության ամրապնդման դիրքերից: Նախորդ երեք սահմանադրություներն էլ քաղաքական լեգիտիմության առումներով եղել են խոցելի եւ դատելով ռազմական միջամտությունների հաճախականություններից, դրանց չի հաջողվել ստեղծել անթերի ժողովրդավարական համակարգ' իշխանության բաժանման փոխադարձ վերահսկելի համակարգով:

Նոր' չորրորդ սահմանադրության ձեւավորման գործընթացում հասարակական ակնկալիքների ու քաղաքական ուժերի տիրապետած լծակների միջեւ առկա է բովանդակային ու գաղափարական անջրպետ: Հունիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արտացոլեցին այն խորքային եւ շատ հաճախ անհամադրելի տարաձայնությունները, որոնք առկա են հասարակական-քաղաքական շրջանակներում: Ընտրություններում երրորդ անգամ հաղթանակած կուսակցությունը' ԱԶԿ-ն, ստանձնել է մեծ պատասխանատվություն նոր սահմանադրություն հեղինակելու գործում բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավելու առումով, սակայն Էրդողան քաղաքական առաջնորդի ու նրա աշխարհայացքային պատկերացումների միջեւ առկա է մեծ անջրպետ: Ստանալով 21 մլն. վստահության քվե, Էրդողանը պարտավոր է հմտորեն ուղղորդել ներքաղաքական տրամադրությունները, առաջին հերթին հաղթահարելով քրդերի խորացող անվստահությունը Թուրքիայի քաղաքական ղեկավարության ու համակարգի նկատմամբ, որից հետո փորձելով բանակցությունների սեղանի մոտ բերել խորհրդարանական ընդդիմադիր ուժերին: Էրդողանի ինքնավստահ ու անզիջում քաղաքական վարքագիծը շարունակվելու պարագայում նոր սահմանադրության հեռանկարներն ավելի աղոտ կդառնան: ՈՒժերի տեղաբաշխումը խորհրդարանում ենթադրում է նոր սահմանադրության մեջ գրեթե համահավասար բովանդակային ներբերման ապահովում, որը խորհրդարանական ուժերին կարող է հնարավորություն տալ համագործակցության ու փոխզիջման միջոցով ուղղորդել նոր սահմանադրության նախագիծը կազմելու գործընթացները:

Հաջորդ համապետական ընտրությունները Թուրքիայում տեղի են ունենալու 2014 թ. եւ մինչ այդ Թուրքիայի քաղաքական վերնախավը հնարավորություն ունի պետության ու քաղաքացու ապագան վեր դասել միջանձնային ու միջէթնիկական բախումների մակարդակից: Նոր սահմանադրության ստեղծման գործում պետական վերահսկողական համակարգի հնարավոր դիմադրության դրսեւորումները հասցված են նվազագույնի, եւ ձևավորվել է համընդհանուր պատկերացում, որ երկրի ապագան կախված է նոր սահմանադրության որակական հատկանիշներից:

Նշենք, որ նախատեսվող սահմանադրությունում քաղաքական ու անհատական ազատատությունների հարցում Էրդողանի դիրքորոշումը բավական զգուշավոր է, քանի որ, եթե նոր սահմանադրության մեջ արտացոլվեն ազատական սահմանադրության համընդհանուր ու համամարդկային նորմերը, ապա հանրային տրամադրությունների վերահսկման ու քաղաքական գործընթացների առումներով կարող են խնդիրներ առաջանալ: Հետեւաբար, առավել հավանական է այն տարբերակը, որի դեպքում նոր սահմանադրությունը կվերացնի գործող սահմանադրության մեջ առկա մի շարք սահմանափակումներ, կվերաձեւակերպի պետության ու քաղաքացու իրավահարաբերությունները, նորովի կսահմանի իշխանության թեւերի միջեւ տարաբաժանման ուղենիշները, սակայն լեզվի, մշակույթի, էթնիկ ինքնության հարցերում այն չի կարող լինել հեղափոխական: Այդ խնդիրների լուծումը կարող է իրականանալ նոր սահմանադրության ընդունումից հետո հասարակական համապատասխան մթնոլորտի ձեւավորման ու դրանց հիման վրա սահմանադրությունում նախատեսվող փոփոխություններ կատարելու ճանապարհով:

Վահրամ Տեր-Մաթեւոսյան

Թուրքագետ, Պատմական գիտությունների թեկնածու,

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անդամ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am