Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուս-ամերիկյան հարաբերությունները հակահրթիռային պաշտպանության նոր համակարգի ձեւավորման համատեքստում

Ռուս-ամերիկյան հարաբերությունները հակահրթիռային պաշտպանության նոր համակարգի ձեւավորման համատեքստում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2009 թ. մեկնարկած ռուս-ամերիկյան հարաբերությունների «վերագործարկումը» որոշակիորեն նվազեցրեց երկու պետությունների միջեւ Բուշ կրտսերի վարչակազմի պաշտոնավարման վերջին տարիներին ստեղծված լարվածությունը, որը մի շարք վերլուծաբաններ նույնիսկ անվանում էին «նոր սառը պատերազմ»: Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ կողմերին դեռեւս չի հաջողվել հաղթահարել հարաբերությունների վատթարացման հիմնական պատճառներից մեկի' ԱՄՆ-ի կողմից հակահրթիռային նոր համակարգի ստեղծման շուրջ առկա տարաձայնությունները: Բուշ Կրտսերի կողմից առաջ քաշված այս ծրագիրը ենթադրում էր Չեխիայում ռադիոլոկացիոն ռադարի, իսկ Լեհաստանում' հրթիռների տեղակայում, որոնք, ըստ ամերիկյան կողմի պաշտոնական տեսակետի, նախատեսված էին առաջին հերթին Իրանից եկող սպառնալիքի չեզոքացման համար: Ռուսաստանը կտրուկ դեմ էր արտահայտվում այս ծրագրի իրականացմանը' սպառնալով դրան ի պատասխան հրթիռային նոր համակարգեր տեղակայել երկրի արեւմտյան սահմանների երկայնքով: 2009 թ. սեպտեմբերին Բ. Օբամայի վարչակազմը պաշտոնապես հայտարարեց այս ծրագրից հրաժարվելու մասին: Սակայն ԱՄՆ նոր նախագահը առաջ քաշեց հակահրթիռային պաշտպանության մեկ այլ համակարգի ստեղծման ծրագիր: Նոր համակարգի ստեղծումը նախատեսվում է իրականացնել փուլային տարբերակով' 2011-2020 թթ. ընթացքում: Ի տարբերություն նախորդ ծրագրի, որը նախատեսված էր երկար հեռահարության բալիստիկ հրթիռների դեմ պայքարի համար եւ ենթադրում էր համակարգի տեղակայում եվրոպական երկու պետությունների տարածքում, նոր համակարգն առաջին հերթին ուղղված է կարճ եւ միջին հեռահարության հրթիռներից եկող սպառնալիքի չեզոքացմանն ու ենթադրում է հրթիռային համակարգերի տեղակայում թե ծովում, թե ցամաքում:

Ռուսաստանը սկզբում ողջունեց Բուշ կրտսերի ծրագրից հրաժարելու Օբամայի որոշումը, սակայն աստիճանաբար ռուսական կողմում մեծանում է մտահոգությունն այն հարցի կապակցությամբ, որ ամերիկյան այս նոր համակարգը եւս իրականում ուղղված է ոչ թե Իրանից եւ մի շարք այլ պետություններից եկող հնարավոր սպառնալիքի չեզոքացմանը, այլ Ռուսաստանի միջուկային զինանոցի զսպիչ դերի նվազեցմանը:

Հակահրթիռային պաշտպանության նոր համակարգի ձեւավորման ծրագրի ներկայացումից հետո ԱՄՆ-ի իշխանությունները ակտիվորեն առաջարկում են Ռուսաստանին համագործակցել նոր համակարգի ստեղծման գործում: Այս խնդիրը ակտիվորեն քննարկվել է ինչպես 2010 թ. նոյեմբերին Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի, այնպես էլ 2011 թ. մայիսին Դովիլում կայացած Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակում: Այդ հանդիպման վերաբերյալ առկա տեղեկատվությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Ռուսաստանը պատրաստ է որոշակի փոխզիջումների գնալ հակահրթիռային պաշտպանության հարցում, միեւնույն ժամանակ ռուսները բավականին զգուշորեն են վերաբերում ցանկացած խնդրի, որը նրանց հիշեցնում է Ռեյգանի վարչակազմի օրոք առաջ քաշված «Աստղային պատերազմների» ծրագիրը, ինչը միտված էր չեզոքացնելու Ռուսաստանի միջուկային զինանոցի զսպիչ դերակատարությունը:

Դովիլում կայացած հանդիպումից հետո ամերիկյան կողմը հայտարարել է, որ «նոր ազդանշան է» ստացել հակահրթիռային պաշտպանության խնդրում համագործակցության հնարավորության վերաբերյալ' նշելով, որ Ռուսաստանը պատրաստ է որոշակի քայլեր ձեռնարկել, որպեսզի այս խնդիրը չարգելակի կողմերի միջեւ սկսված «վերագործարկման» գործընթացը: Միեւնույն ժամանակ ամերիկացիները պնդում են, որ չեն համաձայնի որեւէ առաջարկի, որը կարող է սահմանափակել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության հնարավորությունները: ԱՄՆ-ը ցանկանում է ունենալ այնպիսի համակարգ, որի աշխատանքը կախված չի լինի Ռուսաստանի համաձայնությունից կամ անհամաձայնությունից եւ որը ի վիճակի կլինի կատարել իր առջեւ դրված բոլոր խնդիրները նույնիսկ այն դեպքում, եթե ռուսները վերջին պահին որոշեն հրաժարվել ԱՄՆ-ի հետ համագործակցությունից: Մինչդեռ Ռուսաստանը ցանկանում է ընդգրկվել այնպիսի համակարգում, որտեղ նա էական դերակատարություն կունենա որոշումների ընդունման գործընթացում: Այս մոտեցումն իր հերթին ընդունելի չէ ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի համար: Վերջիններս գտնում են, որ Ռուսաստանը չի կարող վետոյի իրավունք ստանալ ՆԱՏՕ-ի կողմից ստեղծված եւ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության համար նախատեսված հակահրթիռային պաշտպանության համակարգում: Հետեւաբար, ռուսներն այս գործընթացում պետք է ներգրավվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրներից տարբերվող պայմաններով:

Ամերիկյան կողմը պնդում է, որ անկախ իրենց ցանկությունից եւ մտադրությունից, առաջարկվող հակահրթիռային պաշտպանության համակարգը նույնիսկ տեսականորեն չի կարող չեզոքացնել Ռուսաստանի միջուկային զինանոցի զսպիչ դերը, սակայն ռուսներն էլ իրենց հերթին նշում են, որ ոչ մի երաշխիք չկա, որ տասը տարի անց ամերիկյան համակարգը հետագա զարգացում չի ապրի:

Հակահրթիռային պաշտպանության համակարգին առնչվող խնդիրներն ակտիվորեն քննարկվում են նաեւ ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների շրջանակում: 2011 թ. հունիսի 8-ին Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի թվում անդրադարձել են նաեւ հակահրթիռային պաշտպանության համակարգի ձեւավորման խնդրում Ռուսաստանի հետ համագործակցության խնդրին: Հանդիպումից հետո կողմերը նշել են, որ այս հարցում նկատվել է որոշակի առաջընթաց, միեւնույն ժամանակ կողմերը դեռեւս պետք է զգալի աշխատանք կատարեն այս հարցում վերջնական համաձայնության գալու համար: Հակահրթիռային պաշտպանության համակարգին առնչվող խնդիրները քննարկվել են նաեւ 2011 թ. հուլիսի 4-ին Սոչիում կայացած ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստում, որի ընթացքում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենի հանդիպումը նախագահ Մեդվեդևի հետ:

Այս խնդրում Ռուսաստանի դիրքորոշման վրա որոշակի ազդեցություն կարող են թողնել նաեւ Ռուսաստանի ներքաղաքական զարգացումները, մասնավորապես 2012 թ. նախատեսված նախագահական ընտրությունների արդյունքները: Արեւմտյան մի շարք վերլուծաբաններ նշում են, որ Նախագահ Մեդվեդեւն այս խնդրում ավելի ճկուն քաղաքականության կողմնակից է, ի տարբերություն վարչապետ Պուտինի: Այդ փորձագետների կարծիքով, 2012 թ. Մեդվեդեւի նախագահ վերընտրվելու դեպքում այս հարցում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համաձայնության հասնելու հավանականությունը զգալիորեն կմեծանա, մինչդեռ, եթե Ռուսաստանի նախագահ ընտրվի Պուտինը, ապա կողմերի տարաձայություններն այս խնդրում կարող են ավելի խորանալ, ինչը կհանգեցնի հարաբերությունների վատթարացմանը նաեւ այլ ոլորտներում:

Այնուամենայնիվ ակնհայտ է, որ հակահրթռային պաշտպանության համակարգի ստեղծման շուրջ ռուս-ամերիկյան հակասություններն առնվազն կարճաժամկետ հեռանկարում կպահպանվեն, եւ նույնիսկ ժամանակավոր համաձայնության գալու դեպքում այս խնդիրը կշարունակի բացասական դերակատարություն խաղալ երկկողմ հարաբերություններում:

Բենիամին Պողոսյան

Պատմական գիտությունների թեկնածու

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անդամ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am