Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նոր զարգացումներ ԱՄՆ-Պակիստան հարաբերություններում

Նոր զարգացումներ ԱՄՆ-Պակիստան հարաբերություններում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2011 թ. մայիսի մեկին ամերիկյան հատուկ ջոկատայինների կողմից Ուսամա Բեն Լադենի սպանությունը հավելյալ լարվածություն հաղորդեց ԱՄՆ-Պակիստան հարաբերություններին, որոնք վերջին շրջանում վերլուծաբանների կողմից արդեն բնորոշվում էին որպես «սառը բարեկամական»: Բ. Օբամայի վարչակազմն Իրաքում եւ նաեւ Աֆղանստանում որդեգրել է ամերիկյան ռազմական ներգրավվածության աստիճանական սահմանափակման քաղաքականություն: Այս խնդրում էական հաջողություններ արձանագրելու համար ԱՄՆ-ին անհրաժեշտ է որոշակի կայունություն ապահովել նշված պետություններում: Այս առումով իրավիճակն առավել բարդ է Աֆղանստանում, որտեղ, չնայած հավելյալ ամերիկյան զինվորներ ուղարկելու Օբամայի որոշմանը, թալիբները եւ հակաարեւմտյան այլ խմբավորումներ շարունակում են հաջող պայքարը ՆԱՏՕ-ի գլխավորությամբ գործող կոալիցիոն ուժերի դեմ: Այս խնդրում որոշակի դերակատարություն ունեն նաեւ Պակիստանի հատուկ ծառայությունները, որոնք չնայած ամերիկյան ճնշումներին, շարունակում են աֆղանական մի շարք խմբավորումներին ցուցաբերվող օգնությունը' փաստացի անտեսելով ամերիկյան կողմի պահանջը:

Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ Պակիստանի ուժային կառույցներն զգալի կախվածություն ունեն ամերիկյան ռազմական եւ ֆինանսական օգնությունից' ինչը թույլ չի տալիս նրանց գնալ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերջնական վատթարացմանը: Վերջին տարիներին ԱՄՆ-Պակիստան հարաբերություններում ստեղծվել էր բավականաչափ երկիմաստ իրավիճակ, եւ Ուսամա Բեն Լադենի հայտնաբերումը պակիստանյան լավագույն ռազմական ակադեմիաներից մեկի մերձակայքում հանգեցրեց իրավիճակի հետագա սրմանը:

Պակիստանի ուժային կառույցներն Աֆղանստանում գործող ահաբեկչական խմբավորումները դիտում են որպես ռազմավարական նշանակության գործիք' Աֆղանստանում Հնդկաստանի ազդեցության սահմանափակման հարցում: Վերջին տարիներին Հնդկաստանն ակտիվորեն ներգրավված է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ Պակիստանի ուժային համակարգը գտնում է, որ Աֆղանստանում Հնդկաստանի դիրքերի հետագա հզորացումն ուղղակի սպառնալիք է Պակիստանի ազգային անվտանգությանը' հաշվի առնելով երկու պետությունների միջեւ առկա հակասությունները Քաշմիրի խնդրում: Միեւնույն ժամանակ Աֆղանստանում գործող խմբավորումների նկատմամբ ազդեցության առկայությունը Պակիստանը դիտում է որպես միջոց' Աֆղանստանից ԱՄՆ-ի զինված ուժերի դուրս բերումից հետո այդ երկրում սեփական ազդեցությունը պահպանելու համար:

Պակիստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը պայմանավորող էական գործոններից մեկը Պակիստանի միջուկային զինանոցի խնդիրն է: Այդ երկրի անվտանգության համակարգի վրա ճնշման հետագա ուժեղացումը կարող է հանգեցնել Պակիստանում իրավիճակի կտրուկ ապակայունացման, ինչը տեսականորեն կարող է հանգեցնել միջուկային զենքի' ահաբեկիչների ձեռքում հայտնվելուն դրանից բխող բոլոր անկանխատեսելի հետեւանքներով:

Ստեղծված պայմաններում Օբամայի վարչակազմը մի կողմից փորձում է հորդորել Պակիստանին' դադարեցնել Աֆղանստանում գործող գրոհայիններին ցուցաբերվող օգնությունը, մյուս կողմից խուսափում է ներքին կայունությունը վտանգող կտրուկ գործողություններից: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի իշխանությունները հստակ գիտակցում են, որ առանց Աֆղանստանի տարածքում գործող գրոհայիններին Պակիստանից ստացվող աջակցության դադարեցման' իրավիճակը Աֆղանստանում դեռ երկար ժամանակ կայունացման նշաններ չի ցուցաբերի, հանգամանք, որը կարող է էական նշանակություն ունենալ 2012 թ. ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունների համատեքստում: Արտաքին քաղաքականության ոլորտում Օբամայի հիմնական խոստումներից մեկը Իրաքում պատերազմի դադարեցումն էր ու այդ ճանապարհով ազատված հավելյալ ռեսուրսներն Աֆղանստանում իրավիճակի բարելավմանն ուղղելը: Այս հարցում կոնկրետ արդյունքների բացակայությունը ունակ է լուրջ բացասական ազդեցություն գործելու Օբամայի' արտաքին քաղաքականության ոլորտում վարած քաղաքականության նկատմամբ ամերիկյան հանրության պատկերացումների վրա:

Ստեղծված պայմաններում ամերիկյան վարչակազմն ամենայն հավանականությամբ կփորձի կիրառել «մտրակի եւ քաղցրաբլիթի» քաղաքականությունը: Քաղցրաբլիթի դերում կշարունակեն հանդես գալ Պակիստանին հատկացվող միլիարդավոր դոլարների օգնությունը, ինչպես նաեւ միջազգային տնտեսական կազմակերպությունների կողմից' Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, Պակիստանին արտոնյալ վարկերի տրամադրմանը ցուցաբերվող աջակցությունը: ԱՄՆ-ի իշխանությունները կփորձեն նաեւ քայլեր ձեռնարկել Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հարաբերությունների նորմալացմանն ուղղված գործընթացի վերսկսման համար, որն ընդհատվել է 2008 թ. Մումբայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո: Այս ճանապարհով Օբամայի վարչակազմը փորձում Է հասնել Աֆղանստանում գործող ահաբեկչական կազմակերպությունների միջոցով այդ պետությունում Հնդկաստանի ազդեցության նվազմանն ուղղված Պակիստանի քաղաքականության դադարեցմանը:

Ինչ վերաբերում է «մտրակին» ապա այս խնդրում նման դերակատարություն կարող է ստանձնել ԱՄՆ-ի Կոնգրեսը: Օրենսդիր մարմինը կարող է լսումներ եւ քննարկումներ կազմակերպել Պակիստանին տրվող ռազմական օգնության նպատակահարմարության, այդ օգնության բաշխման մեխանիզմների վերաբերյալ' ակնարկելով օգնության սահմանափակման հնարավորությունը կամ այդ օգնությունը պայմանավորել Աֆղանստանում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ իրականացվող գործողություններում Պակիստանի հատուկ ծառայությունների մասնակցության աստիճանով:

Պակիստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր քաղաքականության կարեւոր բաղկացուցիչ կարող է դառնալ Պակիստանի հետ սերտ հարաբերություններ ունեցող այլ պետությունների' առաջին հերթին Չինաստանի եւ Սաուդյան Արաբիայի հետ համատեղ գործողությունների իրականացումը: Թե Չինաստանը եւ թե Սաուդյան Արաբիան շահագրգռված չեն Պակիստանում իրավիճակի հետագա ապակայունացմամբ: Չինաստանի իշխանությունները բավականաչափ անհանգստացած են նաեւ իրենց սահմանակից տարածաշրջանում արմատական իսլամի դիրքերի ամրապնդման հեռանկարից: Աֆղանստանում ծայրահեղական իսլամիստների դիրքերի ամրապնդումը կարող է նպաստել Չինաստանի մահմեդական բնակչության շրջանում արմատական կրոնական գաղափարների տարածմանը եւ հավելյալ խթան հանդիսանալ անջատողական ձգտումների համար:

Ստեղծված պայմաններում ԱՄՆ-ի վարչակազմի հիմնական խնդիրն է հասնել Պակիստանի հատուկ ծառայություններում բարեփոխումների իրականացմանը, քանի որ Աֆղանստանում գործող ահաբեկչական տարբեր կազմակերպություններ հիմնականում օժանդակություն են ստանում ոչ թե Պակիստանի բանակի, այլ հատուկ ծառայությունների կողմից: Այդ ծառայությունների աստիճանական բարեփոխումը եւ դրանցում իսլամիստ ծայրահեղականներին աջակցող ուժերի ազդեցության նվազումը կնպաստի ոչ միայն Աֆղանստանում իրավիճակի կայունացմանը, այլեւ հիմքեր կստեղծի Պակիստանի ներքաղաքական կյանքի կայունացման եւ Պակիստանի միջուկային զինանոցի անվտանգության բարձրացման համար:

Բենիամին Պողոսյան

Պատմական գիտությունների թեկնածու

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անդամ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]