Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիան` ընտրություններից հետո. համագործակցություն պարտադրող արդյունքներ

Թուրքիան` ընտրություններից հետո. համագործակցություն պարտադրող արդյունքներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հունիսի 12-ին տեղի ունեցած հերթական խորհրդարանական ընտրություններում գրանցված անակնկալները «թույլատրելիության սահմաններում» էին: Ինչպես եւ կանխատեսվում էր` ընտրություններում կրկին հաղթեց 2002 թ. նոյեմբերից Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), սակայն խորհրդարանում կորցրեց 15 էական մանդատներ: Մինչեւ ընտրությունները նշվում Էր այն կարևոր 3 մանդատային շեմերի մասին, որոնք Էրդողանի կուսակցությունը պետք է հաղթահարեր լիակատար հաջողության հասնելու համար: Նվազագույն շեմը` 276 մանդատը, հնարավոր եղավ հեշտությամբ հաղթահարել, սակայն մյուս երկու առավել կարեւոր շեմերը (330 եւ 367 մանդատներ) հաղթահարել չհաջողվեց: 330 մանդատի առկայության դեպքում ԱԶԿ-ն հնարավորություն կունենար խորհրդարանում հավանության արժանացած սահմանադրական փոփոխության նախագիծը դնել հանրաքվեի առանց մյուս քաղաքական ուժերի աջակցության, իսկ 367 մանդատը հնարավորություն կտար առանց որեւէ խնդրի հենց խորհրդարանում քվեարկել ու հաստատել սահմանադրական փոփոխությունները:

 

Աղյուսակում ներկայացված են վերջին երեք խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ի, Հանրապետկան-ժողովրդական կուսակցության (ՀԺԿ), Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) եւ անկախ` հիմնականում քրդական թեկնածուների, գրանցած արդյունքները:

 

 

2002թ.

2007թ.

2011թ.

ԱԶԿ 

10,7 մլն քվե / 34,3 % / 363 մանդատ 

16,3 մլն քվե /46, 54 % / 341 մանդատ 

21,4  մլն քվե / 49,92 %/ 326 մանդատ

ՀԶԿ

6,9 մլն քվե / 19,3 % / 178 մանդատ

7,3 մլն քվե /20,79/ 112 մանդատ

11,1 մլն քվե / 25,92 %/ 135 մանդատ

ԱՇԿ

2,6 մլն քվե / 8,3 % / 0 մանդատ

5 մլն քվե  /14,25 %/ 71 մանդատ

5,5 մլն քվե / 12,98 %/ 53 մանդատ

ԱՆԿԱԽՆԵՐ

340 հզ. քվե/0,9 %/ 9 մանդատ

1,8 մլն քվե / 5,19/ 22 մանդատ

2,8 մլն քվե / 6, 65 %/ 36 մանդատ

 

41 մլն ընտրող, մասնակցել են 33 մլն ընտրող

42 մլն ընտրող, մասնակցել են 35 մլն ընտրող

50 մլն ընտրող, մասնակցել են 43 մլն ընտրող

 

Ինչպես տեսնում ենք ներկայացված տվյալներից, միայն 2002 թ. ընտրություններում էր Էրդողանն ամենամոտը կանգնած երանելի 2/3 մեծամասնությունն (367 մանդատ) ունենալու նշանակետին, սակայն անհրաժեշտ քվեները այդպես էլ չհամալրվեցին: Հետագա տարիներին ներխորհրդարանական պատգամավորական տեղափոխումները մշտապես փոխում էին ուժերի հարաբերակցությունը եւ միշտ չէ, որ ԱԶԿ-ին հաջողվում էր օգտագործել խորհրարանում ունեցած անգամ 330-ի մանդատի առավելությունը: Խնդիրն այն էր, որ հենց ԱԶԿ-ի շարքերում բացակայում էր միասնական դիրքորոշում շատ հարցերի կապակցությամբ ու թեեւ Էրդողանի հեղինակությունը ստիպում էր ԱԶԿ-ի պատգամավորներին ցույց տալ հավաքական կամք ու լինել միաձայն, սակայն մի շարք օրենսդրական ու սահմանադրական փոփոխությունների նախագծերի հաստատման դեպքում 330 մանդատի առկայությունը նույնպես չօգնեց: Դա առավել ցցուն էր 2010 թ. սահմանադրական փոփոխությունների գործընթացում, երբ ներկուսակցական տարակարծությունը հնարավորություն չտվեց հեշտությամբ հաստատել մի շարք սահմանադրական նախագծերի ժողովրդական հանրաքվեի դնելու հարցը:

Հունիսի 12-ի ընտրություններում ստանալով 326 մանդատ Էրդողանի համար առաջացել են մի շարք դժվարություններ, որոնց հաղթահարումը նրանից կպահանջի մյուս կուսակցությունների հետ գործելաոճում դրսեւորել համագործակցություն ու կառուցողականություն, հատկանիշներ, որոնք Էրդողանի համար վերջին տարիներին եղել են օտար ու շատ դեպքերում անընդունելի: Նա թիմային խաղացող չէ, հետեւաբար, վերջին տարիների ընթացքում նրա կողմից դրսեւորված ու քննադատության արժանացած կառավարման մեթոդները արմատական վերանայման կարիք ունեն: Անցած տարիների ընթացքում երկրի համար կարեւոր քայլեր կատարելու ժամանակ Էրդողանը փորձել է հեռու պահել ընդդիմադիր կուսակցություններին եւ նրանց տեսակետները նվազագույն կերպով են արտացոլվել էական որոշումներում:

Գալիք ամիսների ընթացքում Էրդողանը կփորձի բարձրաձայնել նոր սահմանադրության խնդիրը` իրենից ակնկալվող կառուցողականության ու համագործակցության հարցերում դրսեւորելով դրական տրամադրվածություն: ՀԺԿ-ը, ԱՇԿ-ը ու ԽԺԿ-ը թեեւ զգալիորեն հեռու են որակյալ մեծամասնություն կազմելու հնարավորությունից, սակայն նրանք կանեն հնարավորինը, որպեսզի սեփական համագործակցությունը «թանկ վաճառեն», իսկ ԱԶԿ-ի դիրքորոշումը լինի հնարավորինս զիջողական: Անգամ նոր սահմանադրության նախագծի մշակման գործում ԱԶԿ-ն կզրկվի սեփական դիրքորոշումները գերակա դարձնելու հնարավորությունից: Քրդական կուսակցությունը կփորձի առավել իրատեսական դարձնել այն պահանջների իրականացումը, որոնք բարձրացվում էին նախընտրական պայքարում: Հասկանալիորեն, այդ նախաձեռնությունը կարժանա ԱՇԿ-ի, իսկ մի շարք դեպքերում նաեւ ՀԺԿ-ի հակազդեցությանը եւ այդ պրոցեսի վրա ետնաբեմից կփորձի ազդել թե քաղաքացիական հասարակությունը, թե քեմալականները (ռազմաբյուրոկրատական ու դատաիրավական համակարգը) եւ թե ԵՄ-ը: Հետեւաբար, ԱԶԿ-ի ինքնավստահությունը սահմանադրությունը շուտափույթ ընդունելու առումով պետք է զգուշությամբ ընդունել: 29 տարի առաջ ընդունված սահմանադրության փոփոխության ու դրանից բխող մեծածավալ օրենսդրական փոփոխությունների ալիքն ուղղորդելու համար ԱԶԿ-ն պետք է դրսեւորի առավելագույն համագործակցություն:

ԱԶԿ-ին սպասվում է ներքաղաքական բարդ ժամանակաշրջան, որոնք կսպառեն մեծածավալ ջանքեր ու միջոցներ: Հնարավոր համագործակցության որոշ հարցերում (քրդական հարցի լուծում, սահմանադրության նախագծերի մշակում) ԱԶԿ-ն առավել հավանական է հենվի քրդերի եւ ազգայնականների վրա, իսկ սոցիալ-տնտեսական բնույթի հարցերում առավել հավանական է համագործակցության եզրերը ՀԺԿ-ի հետ:

Նախկինում տեղ գտած ներկուսակցական տարակարծության դրսեւորումները բացառելու համար Էրդողանը փոխեց նախորդ գումարման պատգամավորների 50 %-ին, այնուհանդերձ կուսակցության շարքերում շարունակում են մնալ որոշ տարաձայնություններ հատկապես Էրդողանի նախագահական հավակնությունների հարցում: Ընտրությունների արդյունքերը ցույց տվեցին, որ Էրդողանն ունի բոլոր հնավարությունները ժողովրդի կողմից ստացած ուղիղ մանդատով դառնալ նախագահ, սակայն, ի տարբերություն նախկինում սահմանված 2012 թ., դա հնարավոր կլինի իրականացնել 2014 թ.: Խորհրդարանում չունենալով անհրաժեշտ 3/5 առավելությունը (330 մանդատ)` տեխնիկապես քիչ հավանական է, որ Էրդողանը կարողանա հասցնել նախապատրաստվել ու նոր սահմանադրությամբ 2012 թ. անցկացնել նախագական ընտրություններ: Թեեւ 2007 թ. հոկտեմբերի 21-ի սահմանադրական հանրաքվեն ուժի մեջ է մտել Աբդ. Գյուլի նախագահ դառնալուց հետո, սակայն Էրդողանը վստահ էր, որ եթե հնարավոր լիներ հաղթահարել սահմանադրության փոփոխման համար անհրաժեշտ խորհրդարանական մեծամասնությունը, ապա նախագահական հավակնությունները կարելի էր ավելի վաղ իրականացնել: Այդ ծրագիրը չստացվեց, իսկ Էրդողանը հայտնել է, որ գործող սահմանադրությամբ նախագահին տրված լիազորությունները նրա համար չափազանց քիչ են: Ֆրանսիական կամ ամերիկյան նախագահական համակարգի ներդրման համար նրան հարկավոր է նոր սահմանադրություն ու նոր օրենսդրական բազա, որոնց ընդունման ու գործադրման համար հարկավոր է որոշակի ժամանակաշրջան: Հետեւաբար, 2014 թ., երբ կավարտվի 2007 թ. 7 տարով ընտրված Աբդ. Գյուլի նախագահության ժամկետը, Էրդողանը կկարողանա հավակնել նախագահի պաշտոնին, կրկին, եթե իհարկե նրան հաջողվի նոր սահմանադրության մեջ արտացոլել իր համար ցանկալի քաղաքական ու օրենսդրական փոփոխությունների սցենարները:

Ընտրությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2011 թ. ընտրություններում 10 %-ի ընտրաշեմը չհաղթահարած 12 կուսակցություններ միասին ստացել են 2 մլն.-ից պակաս քվե եւ դա էր պատճառը, որ ստանալով աննախադեպ աջակցություն ԱԶԿ-ն չկարողացավ հաղթահարել վերոհիշյալ 2 մանդատային շեմերից եւ ոչ մեկը: Այս հանգամանքն ուշագրավ է այն առումով, որ 2002 թ. ընտրություններում 10 %-ի ընտրաշեմը չհաղթահարած 16 կուսակցություն միասին ստացել էին մոտ 15 մլն քվե, այսինքն, 10 % ընտրաշեմի պատճառով ընտրություններին մասնակցածների մոտ 46 %-ի շահերն անհնար եղավ ներկայացնել խորհրդարանում եւ դա բնութագրում է Թուրքիայի ընտրական համակարգում գոյություն ունեցող էական խնդիրները: 2007 թ. ընտրություններում 10 %-ի ընտրաշեմը չհաղթահարած 11 կուսակցություն միասին ստացել էին 4,5 քվե: Այսպիսով, 3 օր առաջ տեղի ունեցած ընտրություններում ընտրողները վստահության քվե տվեցին այն կուսակցություններին, որոնք ունեին խորհրդարան մտնելու իրական շանսեր, որի արդյունքում քվեները չվատնվեցին փոքր կուսակցությունների վրա:

Առավել ուշագրավ են Հայաստանին սահմանակից երեք նահանգներում չորս կուսակցությունների գրանցած արդյունքները: Իգդիրում հաղթեց Ազգայնական շարժում կուսակցությունը, իսկ Արդահանում եւ Կարսում հաղթեց ԱԶԿ-ն (1 պատգամավոր Արդահանից, 2-ը` Կարսից), իսկ ԽԺԿ-ի կողմից օժանդակվող մեկական անկախ թեկնածու հաղթեց Իգդիրում եւ Կարսում: ՀԺԿ-ն միայն մեկ պատգամավոր կներկայացնի Արդահանը, որտեղ 2002 թ. ի վեր ԱԶԿ-ի ու ՀԺԿ-ի արդյունքները հավասար են:

Քրդական ԽԺԿ-ի խելամիտ ռազմավարությունը ցույց տվեց, որ 10 %-ի բացակայության դեպքում ԽԺԿ-ն խորհրդարանում կունենար ԱՇԿ-ի չափ մանդատներ: Թեեւ նոր խորհրդարանում ԽԺԿ-ի խմբակցությունը ներկայացված կլինի 36 պատգամավորով, սակայն կուսակցության շարքերում ներկայացված են վերջին 20 տարիների ընթացքում քրդական շարժման ակտիվիստներ, որոնք ըստ պատշաճի կբարձրաձայնեն քրդերի իրավունքներն ու շահերը խորհրդարանում, եթե իհարկե զերծ մնան նախորդ գումարումների խորհրդարաններում ցուցաբերած սադրիչ դրսեւորումներից: Քրդական կուսակցության ակտիվությունից ու Օջալանի կողմից ՔԲԿ-ի օգտագործման հեռանկարներից է կախված քրդական հարցի լուծման հեռանկարը: Քրդական խնդրում շուտափույթ լուծումներ գտնելու ու սոցիալ-տնտեսական հարցերում շոշափելի առաջընթաց գտնելու խնդրում Էրդողանի վրա մեծանում են ճնշումները թե երկրի ներսում, թե արտերկրից:

ՀԺԿ-ի ստացած քվեները կարիք ունեն առանձին վերլուծության: Նախորդ ընտրություններում 19 եւ 20 տոկոս քվեների փոխարեն, այս ընտրություններում ՀԺԿ-ի ստացած 26 տոկոսը ցույց տվեց, որ կուսակցության նոր ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին հաջողվեց անել անհնարինը: Ներկուսակցական պառակտումները հարթելու ու ընտրազանգվածի վստահության քվեն ստանալու համար ՀԺԿ-ի նոր ղեկավարության համար ժամկետը բավական կարճ էր: ՀԺԿ-ի ղեկավարության մեջ առկա արմատական պառակտումները հնարավոր եղավ մեղմել միայն 2010 թ. դեկտեմբերին կուսակցության արտակարգ համագումարի ընթացքում: Այլ խոսքերով, Քըլըչդարօղլուն ուներ ընդամենը 5-6 ամիս` կուսակցությունը ընտրություններին պատրաստվելու համար: Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ այդ կարճ ժամանակահատվածում կուսակցության նոր ղեկավարությանը հաջողվեց գրավել մոտ 3,8 մլն հավելյալ քվե, որը զգալի ցուցանիշ է: Հասկանալիորեն, ԱԶԿ-ն ու ՀԺԿ-ի ներսում առկա ընդդիմությունն ուղղակի ու միջնորդավորված կերպով փորձում է ՀԺԿ-ի ստացած 26 տոկոս վստահության քվեն ներկայացնել որպես Քըլըչդարօղլուի պարտություն, մատնացույց անելով այն փաստը, որ նա չի կարողացել ստանալ իր իսկ կողմից խոստացված 30 տոկոսը: Սակայն ԱԶԿ-ի նման մոտեցումը ցույց է տալիս, որ նրանց մոտ առկա է որոշակի անորոշություն, թե հետընտրական պայքարում Քըլըչդարօղլուն ինչպիսի ակտիվություն կցուցաբերի: Նախընտրական պայքարում Քըլըչդարօղլու քաղաքական գործիչն ու կուսակցության առաջնորդը ստացավ իր մկրտությունը, թրծվեց ու իր քաղաքական ապագա պայքարում կներդնի առավել մեծ ջանքեր: Իհարկե, 2009 թ. Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում եւս նա մեծ փորձ էր կուտակել, սակայն համապետական ընտրությունների փորձ նա չուներ:

Թեեւ հոռետեսները կարծում էին, որ ԱՇԿ-ն անկարող էր հաղթահարել 10 % ընտրաշեմը, սակայն այդ կուսակցությունը ոչ միայն ստացավ անհրաժեշտ քվեները այլեւ գերազանցեց այն 3 տոկոսով: 13 % արդյունքը ընդամենը 1 տոկոսով էր քիչ 2007 թ. ընտրություններում գրանցած հաջողությունից, սակայն հաշվի առնելով ԱՇԿ-ում տեղի ունեցող բարդ ու խորքային գործընթացները, հազիվ թե ԱՇԿ-ն կարողանա նույն ղեկավարությամբ ու նույն մեթոդներով ունենալ էական քաղաքական դերակատարում: ԱՇԿ-ի քաղաքական օրակարգը եւ ընտրազանգվածը շարունակում են խարսխված մնալ արդիականությունը կորցրած խնդիրների վրա, հետեւաբար ԱՇԿ-ի ղեկավարների փոփոխությունը կնորոգի այդ կուսակցության խարխլված հեղինակությունը:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքների մեկ այլ ուշագրավ դրվագ էր հանրապետության հիմնադրումից ի վեր աննախադեպ թվով կին պատգամավորների մուտքը խորհրդարան` 14 տոկոս: Հարկ է հիշել, որ 1935 թ., երբ կանայք առաջին անգամ օգտվեցին ընտրվելու իրավունքից, խորհրդարանում հայտնվեց 14 կին պատգամավոր: Թվում էր Աթաթուրքի մշակութային բարեփոխումների ազդեցության ներքո կանանց թիվը հաջորդ գումարման խորհրդարաններում պետք է անշեղորեն ավելանար, սակայն միայն 67 տարի անց` 2002 թ. ընտրություններում, հնարավոր եղավ հաղթահարել 1935 թ. ցուցանիշը եւ խորհրդարան ընտրվեց 24 պատգամավոր (4,2 %), 2007 թ. այդ թիվը հասավ` 50-ի (9,1 %): Նոր խորհրդարանում 78 կանանց ներկայությունը թեեւ առաջընթաց է նախորդ ցուցանիշների համեմատությամբ, սակայն կին ակտիվիստները դժգոհ են այդ ցուցանիշից ու նպատակ ունեն 2015 թ. ընտրություններում այդ ցուցանիշը հասցնել 25 %-ի:

Այսպիսով, հունիսի 12-ի ընտրություններում Էրդողանի հաղթանակն էական հաջողություն էր Թուրքիայում նախորդ տասնամյակներում արձանագրված ներքաղաքական ճգնաժամերի բացառման ուղղությամբ: Թուրքիայի հիմնական քաղաքական ուժերը գիտակցում են, որ գործող սահմանադրության փոփոխությունը կփոխի ստատուս քվոն, սակայն հարկավոր է դեռ երկար ճանապարհ անցնել փոխելու նաեւ բյուրոկրատիայի, զինվորականների վերաբերմունքն նախատեսվող լայնածավալ փոփոխությունների հարցում:

Վահրամ Տեր-Մաթեւոսյան

Թուրքագետ, Պատմական գիտությունների թեկնածու,

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անդամ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]