1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պաղեստինա-իսրայելական բանակցային գործընթացի հեռանկարները

Պաղեստինա-իսրայելական բանակցային գործընթացի հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը 2009-2010 թթ. զգալի ջանքեր է գործադրել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու համար: Ամերիկյան կողմի ջանքերը, սակայն, առայժմ լուրջ արդյունքի չեն հանգեցրել: 2010 թ. սեպտեմբերին մեկնարկած իսրայելա-պաղեստինյան ուղղակի բանակցությունները կարճ ժամանակ անց ընդհատվեցին, քանի որ, չնայած ամերիկյան կողմի համառ պահանջներին, Իսրայելի իշխանությունները հրաժարվեցին երկարաձգել Արեւմտյան Ափում Իսրայելի կողմից իրականացվող բնակարանաշինության տասնամյսա սառեցման որոշման ժամկետը: Իրենց հերթին պաղեստինյան ինքնավարության ներկայացուցիչները հրաժարվեցին շարունակել բանակցությունները իրականցվող բնակարանաշինության պայմաններում: 2010 թ. վերջից բանակցային գործընթացը փաստացի դադարել էր, ինչն իրավիճակի հետագա ապակայունացման լուրջ վտանգ է պարունակում: Խնդրի կարգավորման շուրջ ստեղծված փակուղու մասին էր վկայում նաեւ 2011 թ. մայիսի 13-ին Մերձավոր Արեւելքում ԱՄՆ բանագնաց Ջորջ Միթչելի հրաժարականը:

2011 թ. Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները եւս մեկ անգամ ապացուցեցին տարածաշրջանային կայունության բավականաչափ փխրուն բնույթը: Ստեղծված պայմաններում Օբամայի վարչակազմը փորձում է վերակենդանացնել պաղեստինա-իսրայելական բանակցային գործընթացը' այդ քայլը դիտարկելով տարածաշրջանում սեփական ազդեցության ավելացմանն ուղղված գործողությունների համատեքստում:

Պաղեստինա-իսրայելական բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու խնդիրը շոշափվում էր Բ. Օբամայի 2011 թ. մայիսի 19-ի ելույթում' նվիրված Մերձավոր Արեւելքում կատարվող իրադարձություններին: Հայտարարելով տարածաշրջանում ժողովրդավարական զարգացումների աջակցության մասին' ԱՄՆ նախագահն անդրադարձավ նաեւ պաղեստինա-իսրայելական հակամարտությանը' ներկայացնելով սեփական տեսակետը կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ: Օբաման հայտարարեց, որ կարգավորման միակ ընդունելի տարբերակը բանակցությունների միջոցով երկու անկախ պետությունների ստեղծումն է, ընդ որում ապագա Պաղեստինի եւ Իսրայելի սահմանները պետք է հենվեն մինչ 1967 թ. վեցօրյա պատերազմը գոյություն ունեցող սահմանների վրա, միաժամանակ կողմերը պետք է կատարեն նաեւ տարածքների որոշ փոխանակումներ: ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ բանակցություններում առկա մյուս խնդիրները, այդ թվում' պաղեստինցի փախստականներին եւ Երուսաղեմի վերջնական կարգավիճակին առնչվող հարցերը, պետք է քննարկվեն տարածքների եւ անվտանգության խնդիրների կարգավորումից հետո: Օբաման նաեւ քննադատեց Պաղեստինի անկախության ճանաչման խնդիրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բարձրացնելու մտադրությունը' նշելով, որ հարցը կարող է կարգավորվել բացառապես երկկողմ բանակցությունների շնորհիվ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա:

2011 թ. մայիսի 20-ին Օբաման Վաշինգտոնում հանդիպեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ' մի շարք հարցերի հետ միասին քննարկելով նաեւ պաղեստինա-իսրայելական բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությունը: Իսրայելի վարչապետը, սակայն, բավական կոշտ արձագանքեց կարգավորման սկզբունքների վերաբերյալ Օբամայի տեսակետներին: Հայտարարելով, որ Իսրայելը պատրաստ է խաղաղության հաստատմանը, նա շեշտեց, որ կայուն ու երկարատեւ խաղաղության հաստատումը հնարավոր է բացառապես իրատեսական սկզբունքների ներկայացման դեպքում: Նեթանյահուն նշեց, որ Իսրայելը երբեք չի համաձայնվի վերադառնալ 1967 թ. սահմաններին, քանի որ դրանք պաշտպանել հնարավոր չէ, եւ այդ քայլն ուղղակիորեն կվտանգի Իսրայելի անվտանգային ռազմավարական շահերը: Նեթանյահուն նաեւ նշեց, որ Իսրայելը բացառում է պաղեստինյան փախստականների վերադարձը Իսրայել' փոխարենը առաջարկելով այդ փախստականներին բնակեցնել ապագա անկախ Պաղեստինի տարածքում:

Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ բանակցությունների վերսկսման համար խոչընդոտ է ծառայում նաեւ 2011 թ. մայիսի 4-ին Կահիրեում ՀԱՄԱՍ-ի եւ ՖԱԹԱՀ-ի միջեւ ստորագրված համաձայնագիրը, որն ուղղված է պաղեստինյան ինքնավարության երկու հիմնական ուժերի միավորմանը: Համաձայնագիրը նախատեսում է երկու ուժերի ներկայացուցիչներից բաղկացած անցումային կառավարության ձեւավորում, որը մեկ տարվա ընթացում պետք է պայմաններ ստեղծի ինքնավարության տարածքում ընտրությունների կազմակերպման համար: Իսրայելի իշխանություններն արդեն մի քանի անգամ հայտարարել են, որ մտադիր չեն բանակցել պաղեստինյան կառավարության հետ, եթե վերջինիս կազմում ընդգրկվեն Իսրայելի գոյության իրավունքը ժխտող ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներ: Այս խնդրին 2011 թ. մայիսի 19-ի ելույթում անդրադարձել է նաեւ Օբաման' նշելով, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների ընդգրկումը պաղեստինյան կառավարության կազմում հավելյալ խնդիրներ է ստեղծում բանակցությունների վերսկսման ճանապարհին:

Պաղեստինա-իսրայելական բանակցությունների վերաբերյալ սեփական տեսակետը Օբաման ներկայացրեց նաեւ 2011 թ. մայիսի 22-ին ԱՄՆ-ի հրեական լոբբինգի առավել ազդեցիկ կազմակերպության' «Ամերիկա-իսրայելյան հանրային հարաբերությունների կոմիտեի» տարեկան համաժողովում ունեցած ելույթում: Այս ելույթը որոշակիորեն տարբերվում էր ընդամենը երեք օր առաջ Պետդեպարտամենտում ունեցած ելույթից: Անդրադառնալով Իսրայելի եւ ապագա անկախ Պաղեստինի սահմանների խնդրին' Օբաման հայտարարեց, որ 1967 թ. սահմանների վերականգնումը միաժամանակյա տարածքային փոխանակումների իրականացմամբ ենթադրում է, որ երկու պետությունների նոր սահմանները տարբերվելու են 1967 թ. սահմաններից, իսկ տարբերությունների չափը եւ բնույթը որոշվելու է բանակցությունների ընթացքում, որտեղ անպայման պետք է հաշվի առնվեն 44 տարիների ընթացքում արձանագրված փոփոխությունները: Միաժամանակ Օբաման նշեց, որ ներկայումս Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածքներում բնակվող պաղեստինցիների ժողովրդագրական աճի բարձր տեմպերի հետեւանքով արդեն կարճ ժամանակ անց Իսրայելը լուրջ խնդիրների առջեւ կկանգնի պետության հրեական բնույթը պահպանելու հարցում:

Արաբա-իսրայելական բանակցությունների վերաբերյալ Իսրայելի պաշտոնական տեսակետը Բենիամին Նեթանյահուն ներկայացրեց նաեւ 2011 թ. մայիսի 24-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների ներկայացուցիչների առջեւ ունեցած ելույթում: Նեթանյահուն եւս մեկ անգամ հայտարարեց, որ Իսրայելը երբեք չի համաձայնվի վերադառնալ 1967 թ. սահմաններին եւ Իսրայելի տարածք ընդունել պաղեստինցի փախստականներին ու նրանց ժառանգներին: Իսրայելի վարչապետն անդրադարձավ նաեւ Երուսաղեմի պատկանելիության խնդրին' շեշտելով, որ քաղաքն այլեւս երբեք մասերի չի բաժանվելու եւ շարունակելու է լինել Իսրայելի մայրաքաղաք: Նեթանյահուն նաեւ հայտարարեց, որ Իսրայելի անվտանգությունը պահանջում է ապագա պաղեստինյան պետության լիակատար ապառազմականացում:

Նեթանյահուի ելույթը մի քանի տասնյակ անգամ ընդհատվեց ծափահարություններով, ինչը ԱՄՆ-ի Կոնգրեսում հրեական լոբբինգի ունեցած հսկայական ազդեցության վկայությունն է: Ակնհայտ է, որ նախագահ Օբամայի համար այդ պայմաններում շատ դժվար կլինի ճնշում գործադրել Իսրայելի վրա: ԱՄՆ-ում արդեն փաստացի մեկնարկել է 2012 թ. նախագահական ընտրարշավը, ինչը հավելյալ խնդիրներ է ստեղծում Օբամայի վարչակազմի համար:

Պաղեստինյան ինքնավարության ներկայացուցիչներն իրենց հերթին սուր քննադատության ենթարկեցին Իսրայելի վարչապետի ելույթը ԱՄՆ-ի Կոնգրեսում' հայտարարելով, որ Իսրայելը պատրաստ չէ փոխզիջումային լուծման եւ Նեթանյահուի կողմից առաջ քաշված պայմաններն անընդունելի են Պաղեստինի համար:

Բանակցային գործընթացի վերսկսմանը կարող է լրջորեն խոչընդոտել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 2011 թ. սեպտեմբերին 1967 թ. սահմաններում անկախ Պաղեստինի ճանաչման եւ Պաղեստինի' ՄԱԿ-ին անդամակցության խնդրի բարձրացումը: 2011 թ. մայիսի 28-ին այդ նախաձեռնության պաշտպանությամբ հանդես է եկել Արաբական պետությունների լիգան: Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ ՄԱԿ-ի կողմից Պաղեստինի անկախության ճանաչումը ստեղծված պայմաններում փակուղային իրավիճակից դուրս գալու միակ ելքն է, քանի որ Նեթանյահուի' ԱՄՆ-ի Կոնգրեսում ունեցած ելույթը վկայում է, որ Իսրայելը պատրաստ չէ խաղաղության հաստատմանը:

Ամենայն հավանականությամբ, Օբամայի վարչակազմն առաջիկա ամիսներին կշարունակի կողմերի դիրքորոշումների մերձեցմանն ուղղված քաղաքականությունը' փորձելով հասնել բանակցությունների վերսկսմանը եւ դրանով իսկ խուսափել սեպտեմբերին ՄԱԿ-ում Պաղեստինի անկախության խնդրի քննարկումից: Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով Իսրայելի ներկայիս ղեկավարության կոշտ դիրքորոշումը' բանակցությունների նոր փուլի մեկնարկի հավանականությունը բավական փոքր է:

Բենիամին Պողոսյան

Պատմական գիտությունների թեկնածու

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անդամ  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]