Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-Սիրիա հարաբերությունները Օբամայի վարչակազմի օրոք

ԱՄՆ-Սիրիա հարաբերությունները Օբամայի վարչակազմի օրոք

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարաք Օբաման, 2009 թ. հունվարին ստանձնելով ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը, հայտարարեց տարբեր ոլորտներում, այդ թվում' արտաքին քաղաքականության մեջ էական փոփոխություններ իրականացնելու մտադրության մասին: Մերձավոր Արեւելքում ամերիկյան նոր վարչակազմի քաղաքականության հիմնական նպատակներից մեկը ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող պետությունների, մասնավորապես, Իրանի եւ Սիրիայի հետ խնդիրների կարգավորումն էր:

Սիրիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները հատկապես սրված էին Ջորջ Բուշ կրտսերի նախագահության շրջանում: ԱՄՆ-ը սիրիական իշխանություններին մեղադրում էր ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու, արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացը խոչընդոտելու, Իրաքում գործող ապստամբներին աջակցություն ցուցաբերելու մեջ: Ամերիկա-սիրիական լարված հարաբերությունների մասին էր վկայում նաեւ այն փաստը, որ 2005 թ. Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո ԱՄՆ-ը հետ էր կանչել Դամասկոսի իր դեսպանին:

Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու Օբամայի քաղաքականության նպատակը Իրան-Սիրիա դաշինքի քայքայումն էր, արաբա-իսրայելական հակամարտության բանակցային գործընթացում նոր հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաեւ Սիրիայի ներքին կյանքում բարեփոխումների իրականացման խթանումը: Ամերիկյան վարչակազմն ակտիվորեն ձեռնամուխ եղավ իր նպատակների իրականացմանը: Արդեն 2009 թ. մարտին Դամասկոս ուղարկվեց պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչ Ջեֆրի Ֆելթմանը: 2010 թ. փետրվարին Դամասկոսում կայացավ ԱՄՆ փոխպետքարտուղարի հանդիպումը նախագահ Ասադի հետ: Երկկողմ հարաբերությունների կարգավորման ամերիկյան կողմի մտադրության մասին էր խոսում նաեւ Սիրիայում ԱՄՆ դեսպանի 2005 թ. թափուր մնացած պաշտոնում 2010 թ. դեկտեմբերին Ռոբերտ Ֆորդի նշանակումը:

Սիրիայի հետ շփումներում բավականին ակտիվ դերակատարություն ուներ նաեւ ամերիկյան Կոնգրեսը: 2009-2010 թթ. Դամասկոս են այցելել ԱՄՆ Կոնգրեսի մի շարք բարձրաստիճան պատվիրակություններ, այդ թվում' Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերրիի գլխավորությամբ:

Չնայած ամերիկա-սիրիական հարաբերությունները դեռեւս հեռու էին նորմալացումից, Սիրիան շարունակում էր ընդգրկված մնալ ԱՄՆ պետքարտուղարության՝ ահաբեկչությանն աջակցող երկրների ցուցակում, 2010 թ. մայիսին նախագահ Օբաման եւս մեկ տարով երկարաձգեց Սիրիայի դեմ դեռեւս Բուշ կրտսերի օրոք մտցված պատժամիջոցների ժամկետը, այնուամենայնիվ, երկկողմ հարաբերություններում որոշակի դրական տեղաշարժը նկատելի էր:

Սիրիայի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը լուրջ մարտահրավերների առջեւ կանգնեց 2011 թ. արաբական աշխարհում ծավալված ժողովրդական հուզումների համատեքստում: 2011 թ. մարտից բողոքի գործողություններ սկսվեցին նաեւ Սիրիայում: Ի տարբերություն Եգիպտոսի եւ Լիբիայի, ամերիկյան իշխանությունները սկզբում բավականին զուսպ էին արձագանքում Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին: 2011 թ. մարտի 27-ին ելույթ ունենալով ամերիկյան «ՍիԲիԷս» հեռուստաընկերությամբ' ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ էական տարբերություններ կան Լիբիայում եւ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների միջեւ' շեշտելով, որ Բաշար Ասադին չի կարելի համեմատել գնդապետ Քադաֆիի հետ: Քլինթոնը նաեւ նշեց, որ Դամասկոս այցելած ամերիկյան կոնգրեսականների կարծիքով, Ասադը ցանկանում է Սիրիայում որոշակի բարեփոխումներ իրականացնել, ինչը համապատասխանում է տարածաշրջանում ամերիկյան շահերին: Միաժամանակ Քլինթոնը շեշտեց, որ իշխանությունները հանրահավաքների մասնակիցների դեմ անհարկի ուժ են կիրառել, ինչը մտահոգում է ԱՄՆ-ին: 2011 թ. մարտին Սիրիայի նախագահի հասցեին բավական դրական արտահայտվեց նաեւ սենատոր Քերրին, որը, ըստ ամերիկյան մի շարք վերլուծաբանների, 2012 թ. նախագահական ընտրություններում Օբամայի հաղթանակի դեպքում կարող է զբաղեցնել պետքարտուղարի պաշտոնը: Քերրին վստահություն հայտնեց, որ Բաշար Ասադը պատրաստ է երկրի ներսում որոշակի բարեփոխումներ իրականացնել եւ միաժամանակ բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ:

Սիրիայում 2011 թ. մարտից տեղի ունեցող իրադարձություններին ԱՄՆ իշխանությունների բավականին զուսպ արձագանքը վկայում է, որ ԱՄՆ-ը շահագրգռված էր պահպանել այդ երկրի հետ հարաբերություններում նկատվող դրական միտումները: Միեւնույն ժամանակ, պետական ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները Ասադի' բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամության, եւ ժողովրդական ելույթների դեմ բիրտ ուժի կիրառման անթույլատրելիության մասին փաստում էին, որ ԱՄՆ-ը որոշակի փոփոխություններ է ակնկալում Սիրիայի իշխանությունների ներքին քաղաքականության մեջ:

Իրավիճակը Սիրիայում, սակայն, շարունակում էր լարվել: Չնայած Բաշար Ասադի կողմից իրականացված որոշ քայլերի' կառավարության փոփոխություն, արտակարգ դրության վերացում, շուրջ երեք հարյուր հազար քուրդ ազգաբնակչությանը սիրիական անձնագրերի բաժանում, հակակառավարական ելույթները Սիրիայում չեն դադարում: Որոշ դեպքերում դրանք ճնշելու համար սիրիական իշխանությունները դիմել են զինված ուժերի օգնությանը, ինչը, ըստ տարբեր աղբյուների, քաղաքացիական բնակչության շրջանում հարյուրավոր զոհերի պատճառ է դարձել: Ստեղծված իրավիճակում որոշակի փոփոխություն կրեց նաեւ ԱՄՆ դիրքորոշումը: Արդեն 2011 թ. ապրիլի վերջին ամերիկյան բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ հանդես եկան սիրիական իշխանությունների խիստ քննադատությամբ: Ապրիլի 29-ին ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանեց սիրիական վարչակարգի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում նախագահի եղբոր' Մահիր Ասադի նկատմամբ: Մայիսի 6-ին Սիրիայում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ Հիլարի Քլինթոնը: Դատապարտելով ցուցարարների սպանությունները եւ զանգվածային ձերբակալությունները' ԱՄՆ պետքարտուղարը շեշտեց, որ իշխանությունները պետք է անհապաղ արձագանքեն Սիրիայի ժողովրդի' փոփոխություններ իրականացնելու կոչին:

ԱՄՆ դիրքորոշման փոփոխության պատճառը միայն Սիրիայի իշխանությունների կողմից ցուցարարների դեմ ուժի կիրառումը չէ: Օբամայի վարչակազմը որոշակիորեն հիասթափվել է այդ պետության հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքներից: Չնայած ԱՄՆ ջանքերին' տարածաշրջանային հիմնական խնդիրներում Սիրիայի իշխանությունները շարունակում են նախկին քաղաքականությունը' պահպանելով սերտ հարաբերությունները Իրանի հետ, աջակցելով Լիբանանում գործող հակաարեւմտյան ուժերին: Ամենայն հավանականությամբ, ինչպես եւ Իրանի պարագայում, ԱՄՆ իշխանությունները Սիրիայի հետ հարաբերություններում եւս աստիճանաբար վերադարձ կկատարեն Բուշ կրտսերի օրոք իրականացվող քաղաքականությանը' իրենց հիմնական նպատակ համարելով տարածաշրջանում Սիրիայի ազդեցության սահմանափակումը եւ Բաշար Ասադի վարչակարգի մեկուսացումը:

 

Բենիամին Պողոսյան,

պատմական գիտությունների թեկնածու,

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անդամ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am