Միջազգային

Ղրղզստանն իր թեկնածությունն է առաջադրել է 2027-28 թթ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի համար

3 րոպեի ընթերցում

Ղրղզստանն իր թեկնածությունն է առաջադրել է 2027-28 թթ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, համաշխարհային կազմակերպության Հակաահաբեկչական վարչության ղեկավար Վլադիմիր Վորոնկովի հետ կայացած հանդիպմանը հայտնել է 2027-2028 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ոչ մշտական ​​անդամների կազմում հանրապետության թեկնածության առաջադրման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Զրույցի ընթացքում նախագահը հայտնել է 2027-2028 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական ​​անդամի համար Ղրղզստանի թեկնածության առաջադրման մասին: Ընտրությունները տեղի կունենան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընթացքում՝ 2026 թվականի հունիսին», - ասված է հաղորդագրության մեջ։

Նախագահի խոսքով՝ Ղրղզստանը «համակողմանիորեն հանձնառու է» ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և ձգտում է իր ուժերի ներածին չափով ներդրում ունենալ «ամբողջ աշխարհում խաղաղության, գլոբալ անվտանգության, կայուն զարգացման և սոցիալական առաջընթացի ապահովման» ընդհանուր գործում։

Ժապարովը նաև հիշեցրել է, որ 2023 թվականին ՄԱԿ-ի աջակցությամբ երկրում ընդունվել է 2023-2027 թվականներին ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի պետական ​​ծրագիր։

«Նախագահը նշել է, որ տարածաշրջանային մակարդակով Ղրղզստանը հաջողությամբ համագործակցում է ՄԱԿ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ ծայրահեղականության կանխման և ահաբեկչությանը հակազդման, ինչպես նաև դրանց հետ կապված անդրսահմանային հանցավորության այլ տեսակների դեմ համատեղ գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում, ներառյալ՝ թմրավաճառությունը, փողերի լվացումը և ահաբեկչության ֆինանսավորումը», - նշված է հաղորդագրության մեջ։

Նախագահը նաև ընդգծել է, որ հանրապետությունը վճռականորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և ակտիվ մասնակցություն է ունենում ՄԱԿ-ի Գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության իրականացման գործում, որը «հաստատուն հիմք է ապահովում միջազգային ահաբեկչությանն արդյունավետ հակազդման համար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում