Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին

Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունն 
ավարտվել է. մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: 

Կոմիտեից նշում են, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 10:50-ի սահմաններում, զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Նազարյանը գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել, և ժամը 13:15-ին, զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին, արձանագրվել է նրա կենսաբանական մահը: 

Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայողի՝ հրազենային մահացու մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները: 

Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն զորամասի զինծառայող Գ.Ե.-ն, հոկտեմբերի 9-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, գտնվելով մարտական դիրքի կացարանում, վերցրել է նշված զորամասի մեկ այլ զինծառայողին ամրակցված ԱԿՄՆ տեսակի ինքնաձիգը, դրա վրա ամրացրել փամփուշտներով լիցքավորված պահեստատուփ, լիցքավորել և փողն ուղղել ծառայակից Նարեկ Նազարյանի ուղղությամբ: 

Այդ կապակցությամբ վիճաբանություն է առաջացել նրանց միջև, որի ժամանակ Գ.Ե.-ն, սեփական անձի առավելությունն ընդգծելու շարժառիթով, կրակոց է արձակել և Ն.Նազարյանին գլխի շրջանում՝ պատճառելով հրազենային գնդակային, միջանցիկ գանգուղեղային վնասվածք: Ստացած վնասվածքից վերջինս մահացել է զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին: 

Ձեռք բերված փաստերի հիման վրա նշված զինծառայողին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am