3 րոպեի ընթերցում
Հայաստանում հայտնված ադրբեջանցի զինվորի քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու ՀՀ-ում. Փաշինյան
Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ հարուցված քրեական վարույթով իրավական բոլոր ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Infocom-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանում է պատիժը կրելու Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը։
«Պատիժը կկրի այստեղ, այո։ Առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում, հիմա նա կալանքի տակ է: Հանցագործություն է կատարել, կդատապարտվի, բայց իրենց մոտ էլ է հանցագործություն կատարել, դասալիք է իրենց օրենքով: Ադրբեջանում էլ է քրեական գործ հարուցվել, բայց մեր քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում: Դատապարտվելու է, իրավական գործընթացն առանձին է, ինքը կարող է դատապարտվել x տարվա ազատազրկման և մնալ Հայաստանի Հանրապետությունում»,- նշել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ադրբեջանցի զինվորին Բաքվում պահվող հայ գերիների հետ փոխանակման մասին հարցին։ «Տարբեր թեմաներ են, որովհետև նախկինում էլ այսպիսի իրավիճակներ եղել են։ Մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու գործընթացներն անջատ ենք նայելու բոլոր դեպքերից»,- ասել է վարչապետը։
Հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր զինծառայողի՝ ծառայության վայրը լքելու մասին՝ չբացառելով նրա կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատելու հնարավորությունը։ Դրանից հետո երկու երկրների իրավասու մարմիններն իրականացրել են որոնողական աշխատանքներ։ Ըստ դատախազության հրապարակած տեղեկությունների՝ հոկտեմբերի 1-ին ժամը 14։00-ի սահմաններում, ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի տներից մեկը և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ արձակել։ Վիրավորվել է 1987 թվականին ծնված ՀՀ քաղաքացի Ա․Ա․-ն։ Մուսաևը դիմել է փախուստի, այնուհետև հայտնաբերվել Շաքիի մեկ այլ հասցեում և ժամը 15։30-ին ձերբակալվել ու ներկայացվել նախաքննության մարմին։ Վիրավորված քաղաքացին բուժօգնություն է ստացել Սիսիանի բժշկական կենտրոնում, ապա տեղափոխվել Երևան։ Մարմնական վնասվածքներով նույն բժշկական կենտրոն են դիմել նաև նրա՝ 2011 և 2014 թվականներին ծնված երեխաները։ Ավագ երեխայի մոտ արձանագրվել է աջ դաստակի կոտրվածք, իսկ կրտսերի մոտ՝ փափուկ հյուսվածքների սալջարդ։ Դատախազը հոկտեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ։ Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։