7 րոպեի ընթերցում
20 տարի առաջ Երեմյան ընկերության պատմությունը սկսվեց առաջին ռեստորանից։ Այսօր այդ ճանապարհը միավորում է արդեն 18 ռեստորան՝ տարբեր գաղափարներով, խոհանոցներով ու ձևաչափերով։ Բայց դրանցից յուրաքանչյուրի հիմքում նույնն է՝ մարդը, նրա փորձառությունն ու այն միջավայրը, որտեղ հյուրն իրեն պարզապես այցելու չի զգում։
Իսկ այդ 20 տարվա պատմության կողքին կան մարդիկ, ովքեր առաջին իսկ օրվանից եղել են այս ճանապարհի մի մասը։ Նինա Մանյանը «Պանդոկ Երևանում» աշխատում է հենց ռեստորանի բացման օրվանից՝ արդեն 20 տարի։
«Մենք բոլորս սկսել ենք մեր աշխատանքը սիրով և ցանկացել ենք, որ Երևանում լինի մի այնպիսի տեղ, որտեղ մարդիկ կհյուրընկալվեն և իրենց կվերաբերվեն որպես հարազատի, ոչ թե պարզապես հյուրի։ Եվ մեզ մոտ, կարծես թե, դա ստացվել է․ մեր հյուրերը մշտական են»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Պանդոկ Երևան» Խորենացի մասնաճյուղի տնօրեն Նինա Մանյանը:
Այս տարիների ընթացքում փոխվել են ժամանակները, ձևաչափերն ու հասցեները, բայց «Պանդոկ Երևանը» շարունակել է մնալ այն վայրերից մեկը, որտեղ հյուրին դիմավորում են ոչ միայն ուտեստով, այլև հայկական հյուրընկալությամբ։
«Մեր սկզբունքները չեն փոխվում։ Այստեղ ավելի շատ ազնվությունն է, կարգապահությունը և հյուրերին միշտ ժպիտով, սիրով ու հայկական համեղ ուտեստներով հյուրընկալելը։ Մեր սպասարկող անձնակազմը գրեթե մշտական է, համարյա չեն փոխվում, և հյուրերը բոլորին ճանաչում են»,- նշեց «Պանդոկ Երևան» Խորենացի մասնաճյուղի տնօրենը:
Ընկերությունը գործունեությունը սկսել է զրոյական կետից, 2000-ականների սկզբին. մի ժամանակահատված, երբ հյուրընկալության ոլորտի շուրջ գոյություն ունենին բազմազան կարծրատիպեր, օրինակ ռեստորաններն ընկալվում էին որպես միայն տղամարդկանց հավաքատեղիներ՝ սահմանափակ թվով ուտեստներով։ Երբ կանայք ռեստորաններ պարզապես չէին այցելում, չկար ընտանեկան ժամանցի տարբերակ։
«Եվ այդ կարծրատիպերը կոտրելու համար առաջնային որոշումը կայացվեց՝ փոխել այս ամբողջ մոտեցումը։ Չստեղծել միայն ռեստորան, որտեղ մարդիկ կարող են գալ, պարզապես հաց ուտել, սնվել և գնալ, այլ ստեղծել մի միջավայր, որտեղ բոլորը կարող են իրենց լավ զգալ»,- նշեց «Երեմյան» ընկերությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյան:
Նրա խոսքով՝ ուրախալի էր, երբ ձևավորեցին կանանց՝ խաշ ուտելու ավանդույթը, դա այն պահն էր, երբ հասկացան, որ այս ուղղությամբ բոլոր կարծրատիպերը պարզապես կոտրել են։
«Կարծում եմ, մեզ հաջողվել է այդ զրոյական կետից մեծ ցատկ կատարել։ Իհարկե, 20 տարի անց մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ կարող ենք հստակ ասել, որ Հայաստանում ունենք լավ ձևավորված, զարգացած հյուրընկալության, այն է՝ ռեստորանային ոլորտ։ Պետք է խոսեմ նաև գաստրոտուրիզմի մասին։ Հայաստանի Հանրապետությունն այս պահին նաև իր տեղը, դերն ու նշանակությունն ունի գաստրոտուրիզմի ինդուստրիայում, և ուրախ եմ տեսնել, որ Հայաստանն այսօր արդեն գաստրոքարտեզում իր փոքրիկ, բայց նշանակալի կետն ունի»,- ասաց Լուսինե Երեմյանը:
Եթե «Պանդոկ Երևանը» պատմության մեջ պահպանում է Երևանի ավանդական հյուրընկալության շունչը, ապա ընկերության մյուս ռեստորանները նույն արժեքները ներկայացնում են բոլորովին այլ ձևաչափերով։ «Սմոքինգ Շեֆում» առանցքայինը բարձրակարգ միսն է, ջերմ սպասարկումն ու այն փորձառությունը, որի համար հյուրերը վերադառնում են։
«Ինձ համար ամենահիշվող գնահատականներից ամենակարևորն այն է, երբ հյուրը հեռանալիս ասում է, որ իր փորձած սթեյքերից սա ամենահաջողվածն էր ու ամենահամեղը։ Այդ մի նախադասությունը խոսում է ամբողջ թիմի աշխատանքի մասին, բայց ես առանձնապես կարևորում եմ մեկ այլ տեսակի գնահատական՝ վերադարձող հյուրին, երբ հյուրը վերադառնում է երկրորդ, երրորդ, տասներորդ անգամ։ Այս տարիների ընթացքում «Սմոքինգ Շեֆը» հյուրընկալել է տարբեր ոլորտների ճանաչված մարդկանց Հայաստանից և արտերկրից՝ արվեստագետների, երաժիշտների, մարզիկների և միջազգային հյուրերի, այդ թվում՝ աշխարհահռչակ լեգենդ Մայք Թայսոնին, հայտնի ռեժիսոր Քևին Սփեյսիին և հույն երգիչ Նիկոս Վերտիսին։ Նրանք մեզ մոտ են հայտնվել ոչ թե մեր հրավերով, այլ տեղացի և արտերկրյա մեր սպասարկած հյուրերի խորհրդով»,- պատմեց «Սմոքինգ Շեֆ» ռեստորանի փոխտնօրեն Աննա Բաղդոյանը:
Իսկ երբ խոսքը հայկական խոհանոցը նորովի ներկայացնելու մասին է, պատմության մեջ իր առանձնահատուկ տեղն ունի Ռենոմեն՝ աշխարհում միակ հայկական բարձր հեղինակային խոհանոցով ռեստորանը։ Այստեղ հյուրի փորձառությունը սկսվում է ոչ միայն ափսեից, այլև այն պահից, երբ նա մտնում է ռեստորան։
«Այն բազմափորձ հյուրերը, որոնք տարբեր երկրներում տարբեր աստղերով ռեստորաններ են այցելում, նաև մեզ մոտ գալով՝ բավականին զարմացած են լինում, որ Հայաստանում էլ կա այդպիսի մի տեղ, որտեղ կարելի է ոչ պակաս վայելել։ Այդպիսի կարծիք եմ լսել, որ Միշլենյան, թեկուզ հայտնի ռեստորանի ուտեստների կեսը, եթե դուր է գալիս հյուրերին, արդեն դա լավ ցուցանիշ է։ Իսկ «Ռենոմեից» շատ հաճախ հեռանում են յոթ ուտեստ գովելով։ Այսինքն՝ համարյա թե տարբերություն չեն դնում»,- ասաց «Ռենոմե» ռեստորանի սպասարկող Դավիթ Բարսեղյանը:
Ռեստորանային էկոհամակարգը միայն խոհանոց չէ։ Այն նաև այն միջավայրն է, որտեղ մարդիկ գալիս են հանդիպելու, լսելու, տոնելու ու նոր հիշողություններ ստեղծելու։ Այդ մշակույթի մի մասն էլ «Լիվինգսթոնն» է։
«Լիվիգսթոնը» բարձրաճաշակ երաժշտության, առանձնահատուկ խոհանոցի և մոտեցման վասին է. այն ստեղծվել է նաև մարդկանց սովորեցնելու՝ լսել բարձրաճաշակ երաժշտություն:
«Այստեղ կարող են լսել ամեն ինչ։ Եթե ջազային օր է, ապա ամենասկզբներից՝ Լուի Արմսթրոնգից սկսած և վերջացրած Մայլս Դևիսով, ու դրա միջանկյալ բոլոր ստեղծագործությունները։ Եթե ֆրանսիական երաժշտություն է, կարող ենք սկսել Էդիթ Պիաֆից և վերջացնել Զազով»,- նշեց Լիվինգսթոն ջազ նվագախմբի ղեկավար Երվանդ Երզնկյանը:
20 տարիների ընթացքում ձևավորված Երեմյան էկոհամակարգը շարունակում է ընդլայնվել՝ պահպանելով իր հիմքում դրված արժեքները՝ մարդ, նորարարություն և որակ:
