2 րոպեի ընթերցում
Երևան են բերվել քաղաքապետարանի ձեռք բերած 45 նոր տրոլեյբուսները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ ծանոթացավ նոր տրոլեյբուսների տեխնիկական հնարավորություններին։

«Ստացել ենք 45 նոր տրոլեյբուս, մինչև այս մենք երկու խմբաքանակ էինք գնել՝ 15 և ևս 15, այս անգամ գնել ենք միանգամից 45 նոր տրոլեյբուս, որով ամբողջական մեր տրոլեյբուսային պարկը փոխարինում ենք նոր տրոլեյբուսներով»,- նշեց Ավինյանը։

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ ռետրո տրոլեյբուսներ այլևս չեն լինելու։
«Նոր խմբաքանակը ձեռք բերելու որոշում կայացվել է նախորդ խմբաքանակի աշխատանքի արդյունքը վերլուծելով։ Նոր տրոլեյբուսները լիցքավորվելով կարող են 60 կմ առանց լարերի երթևեկել, դա Երևանի համար լուրջ թիվ է։ Լարերին կպած ժամանակ իրենք լիցքավորվում են։ Սա թալանվածը վերադարձվածի մաս է»,- ասաց Փաշինյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ նաև քաղաքում տրամվայների ներդրման հնարավորությանը։
«Եթե տրամվայի գծերը ծախած և կերած չլիներ, տրամվայն էլ լավ կաշխատեր»,- նշեց Ավինյանը։
Երևան բերված նոր տրոլեյբուսները հարմարեցված են նաև անվասայլակով տեղաշարժվող անձանց համար։ Դրանք կշահագործվեն վալիդատորներով հագեցվելուց հետո։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։