3 րոպեի ընթերցում
Հայաստանում տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների պահանջվածության աճին զուգահեռ՝ պետության կողմից ներդրվում և զարգացվում են դրանց համայնքային մոդելներ։
«Արմենպրես Podcast»-ի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Սոնա Բարսեղյանը նշել է, որ ժողովրդագրական ծերացումը դարձել է սոցիալական քաղաքականության կարևորագույն մարտահրավերներից մեկը։ Նրա խոսքով՝ անցած տարի Հայաստանում տարեցների թիվը կազմել է երկրի բնակչության ավելի քան 17 տոկոսը։

«Առաջիկա տարիներին տարեցների թիվն ավելի է աճելու, և այդ պայմաններում պետությունը կարևորում է ակտիվ երկարակեցության ու ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը»,- ասաց Բարսեղյանը։
Այդ շրջանակում առաջնահերթություն է տրվում համայնքային ծառայությունների զարգացմանը, մասնավորապես, տնային խնամքին և ցերեկային կենտրոններին, որպեսզի տարեցները շարունակեն ապրել իրենց համայնքներում։
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում այժմ գործում են խնամքի ծառայությունների երեք հիմնական ձևեր՝ շուրջօրյա, ցերեկային խնամքի կենտրոններ և տնային պայմաններում համապատասխան ծառայություններ։
Նախարարության տվյալներով՝ անցած տարի տնային պայմաններում խնամքի ծառայություն ստացող շահառուների թիվը կազմել է 1325, իսկ 2026 թվականին հասել է 1425-ի։ Միաժամանակ ներդրվել են նաև տնային մասնագիտացված խնամքի ծառայություններ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար։
Վերջին երկու տարիներին զգալի աճել է նաև ցերեկային կենտրոնների ծառայություններից օգտվողների թիվը՝ ընթացիկ տարում հասնելով 600-ի, մասնավորապես՝ 2024 թվականի 400 շահառուի փոխարեն։
Բարսեղյանի տեղեկատվությամբ՝ տնային խնամքի ծառայություններն արդեն հասանելի են Հայաստանի բոլոր մարզերում։

Նրա խոսքով՝ ցերեկային կենտրոնները կարևոր դեր ունեն ակտիվ երկարակեցության քաղաքականության մեջ։ Դրանք տրամադրում են սոցիալ-հոգեբանական աջակցություն, աշխատանքային և արտ-թերապիայի ծառայություններ, կազմակերպում են սնունդ և նպաստում տարեցների սոցիալական ներառմանը։
Ինչ վերաբերում է շուրջօրյա խնամքի հաստատություններին, Հայաստանում գործում է նման 6 կենտրոն։
Այստեղ պետության լիարժեք հոգածության ներքո է գտնվում շուրջ 1340 շահառու, որոնք ապահովվում են սննդով, հագուստով, բժշկական և սոցիալ-հոգեբանական ծառայություններով։
Բարսեղյանի ներկայացմամբ՝ բոլոր ծառայությունների դեպքում ձևավորվել են բավականին ընդգրկուն հերթացուցակներ, ինչը խոսում է դրանց պահանջվածության ու անհրաժեշտության մասին։
Ըստ այդմ՝ նախարարությունը նախատեսում է շարունակաբար ընդլայնել խնամքի համայնքային ծառայությունները, դրանց հասանելիությունը, ավելի համաչափ տարածքային բաշխվածությունը։
Բացի այդ, մշակման փուլում է տարեցների խնամատարության ինստիտուտի ներդրման վերաբերյալ իրավական ակտ, որը նպատակ ունի խթանել ապաինստիտուցիոնալացումը և անցումը ավանդական խնամքի ձևերից ավելի մարդակենտրոն և համայնքային մոդելների։
